Զարգացնելով Սերժ Սարգսյանի առաջարկը

Զարգացնելով Սերժ Սարգսյանի առաջարկը

Նախկին նախագահների հրապարակային ելույթներից հետո հայաստանյան քաղաքական դաշտի ընդդիմադիր սեգմենտում լուրջ խմորումներ են ընթանում։ Իհարկե, ինչպեսեւ նախկինում, ընդդիմության միակ եւ հիմնական նպատակը մնում է օր առաջ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, բայց թե կոնկրետ ինչպես դա անել, կարծես թե չկա կոնսենսուս։ Շատերին հասկանալի չէ, թե ինչու են հենց հիմա ընդդիմադիրներն ակտիվացել, քանի դեռ մարդկանց չեն կարողացել բացատրել մեր պետության շուրջ տեղի ունեցող պրոցեսները։

Ըստ ամենայնի, ընդդիմությունը որոշել է կանխարգելիչ պայքար ձեռնարկել՝ իշխանությունների հերթական ոչ հայանպաստ քայլերը կանխելու նպատակով, քանի որ հերթական փաստաթղթի ստորագրումը կարող է Հայաստանի պետականության վերջը լինել։ Ընդդիմության շտապողականությունն արդարացված է, որովհետեւ, եթե մի օր արթնանանք եւ մամուլից տեղեկանանք, որ Սյունիքում արդեն թուրքական զորք է կանգնած, որոնք հսկում են ՀՀ վարչապետի ստորագրությամբ իրենց հատկացված միջանցքը, հետո այլեւս ոչինչ անել չի լինի։ Եվ աշխարհում չկա որեւէ պետություն կամ ուժ, որն այդ սցենարի իրականացումից հետո կարող է մեզ օգնել կամ Թուրքիայի զորքերը դուրս բերել մեր տարածքից։ Ցանկացած հայ, աշխարհի որ ծայրում լինի, պիտի իրազեկված լինի եւ գիտակցի, որ Նիկոլ Փաշինյանի ստորագրելիք ցանկացած փաստաթուղթ կարող է մեր թշնամական պետությունների ձեռքում դառնալ Հայաստանի դե ֆակտո ոչնչացման հզոր զենք, եւ պոստֆակտում բարձրացվող աղմուկն ունենալու է զրո արդյունք։

Հետեւաբար, եթե Նիկոլ Փաշինյանը ստորագրի միջանցքի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ՝ թեկուզ գաղտագողի, սպառնալիքների տակ կամ ոչ ադեկվատ վիճակում, այդ պահից սկսած՝ Հայաստանն այլեւս կդադարի գոյություն ունենալուց, եւ հայաթափման հարցը կդառնա զուտ ժամանակի խնդիր։ Եվ այստեղ ամենավտանգավորն այն է, որ չի բացառվում, որ թուրքերն այս հարցում ունեն գուցե մի քանի կենտրոնների աջակցությունը, ինչը նշանակում է, որ մենք՝ հայերս, չպետք է ժամանակ կորցնենք եւ բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով պետք է վիժեցնենք այդ պրոյեկտը։ 

Ինչպես տեսնում ենք, Թուրքիան ու Ռուսաստանը որոշակի շփումներ ունեն, եւ չի բացառվում, որ նրանք համաձայնության գան Հայաստանի շուրջ, ու ձեռք բերվեն այնպիսի պայմանավորվածություններ, որոնք ոչ միայն չեն բխում մեր շահերից, այլեւ կարող են կործանարար լինել մեզ համար։ Ռուսաստանի համար Հայաստանի հաշվին զիջումներ անելը շատ հարմար տարբերակ է, եւ մենք պետք է այս փաստը հաշվի առնենք ոչ թե ռուսատյացության տենդ բորբոքելու, այլ հասկանալու համար, թե ինչ ելքեր կան ստեղծված իրավիճակից։

Ռուսաստանը ներկայումս գտնվում է անբարենպաստ դիրքերում, հետեւաբար, Հայաստանին վերաբերող հարցերում զիջում է ոչ թե հայատյացության կամ դավաճանության պատճառով, այլ հարցերի լուծումները փորձում է հարմարեցնել իր ստրատեգիական ծրագրերին ու շահերին։ Արեւմուտքը նույնպես լուռ է միջանցքի առումով, չի բացառվում, որ հենց ՆԱՏՕ-ի ստրատեգիական շահերից է բխում այդ միջանցքի առկայությունը։ Չի բացառվում, որ Արեւմուտքը խորամանկորեն մի կողմ է քաշվել՝ խնդիրը թողնելով ռուս-թուրքական հարթությունում՝ ակնկալիքով, որ թուրքերին կհաջողվի ռուսներից կորզել միջանցքը։ Մենք պետք է մեր հույսը դնենք միայն մեզ վրա։ Միաժամանակ կարեւոր է գիտակցել, որ աշխարհի հզորները տրամադրված չեն Հայաստանի դեմ, նրանց քայլերն ուղղված են միմիայն իրենց ծրագրերի իրականացմանը, եւ պետք չէ դավադրապաշտական երանգներ փնտրել։ Եթե մենք կարողանանք աղմուկ բարձրացնել, կկարողանանք հասնել այն բանին, որ մեզ հանգիստ թողնեն: Ծրագիրը չկանխելու դեպքում ստիպված կլինենք շրջել աշխարհով ու դատարկ բանաձեւեր մուրալ։ 

Ինչ վերաբերում է Իրանի եւ Հնդկաստանի հետաքրքրություններին, ապա նրանք պատրաստ չեն լուրջ բախումների եւ գործողության, նրանք անգամ իրենց տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգները չեն կանխում, ուր մնաց ինչ-որ ճանապարհների համար մարտնչեն Թուրքիայի կամ ՆԱՏՕ-ի դեմ։ Ավելի շուտ այլմոլորակայիններ կիջնեն Սյունիքում, քան հնդկական ու պարսկական դեսանտ։ Իրանն ընդհանրապես ամեն ինչ փորձում էր Փաշինյանի վրա բարդել եւ իր ժողովրդին կերակրում էր սիոնիստական դավադիր ծրագրերի մասին հեքիաթներով։ Իրանին երեխայի նման խաղացրին, երբ պարզունակ սադրանքով՝ ՀՀ-ում Իսրայելի դեսպանատուն բացելով ու սադրիչ ելույթներով, կարողացան դրդել նրան, որ 44-օրյա պատերազմի ժամանակ փակի Հայաստան ներկրվող զենքի ճանապարհը եւ նպաստի իր ստրատեգիական շահերին հակասող ծրագրի իրականացմանը։ Ի դեպ, Ռուսաստանին նույնպես սադրում էին՝ Փաշինյանը չէր դիմավորում Պուտինին, ընդդիմադիր Նավալնու մասին ռեպորտաժներ էին անում, բայց, ի տարբերություն Իրանի, ռուսական իմպերիան չհրաժարվեց իր շահերից` միայն այն պատճառով, որ ինչ-որ գասպարիներ իշխանություն են վերցրել մի փոքրիկ երկրում։ Ռուսաստանը՝ ուշացումով, բայց գործեց: 

Այսօր խնդիրն այլեւս հզորների տիրույթում է։ Նիկոլ Փաշինյանից նույնպես ոչինչ կախված չէ․ գուցե նա աշխատում է արեւմտյան ուժերի հետ՝ համագործակցելով նաեւ ռուսների հետ, դա նշանակություն չունի: Կարեւորն այն է, որ նա չէ «խաղաղության դարաշրջան», ապաշրջափակման կամ միջանցքի գաղափարի հեղինակը: Նա չէ Հայաստանի խնդիրները կարգավորողը, ինչպես երկրորդ նախագահը նկատեց՝ Հայաստանը հիմա հայտնվել է բանակցությունների սեղանին։ Այսինքն, ընդդիմությունը ճիշտ է ընտրել պայքարն ակտիվացնելու ժամը, բայց ժողովուրդը չի պատկերացնում այս խմորումները, սպասվող իրադարձությունների անդառնալիությունը։ Ընդդիմության ամենաթույլ կողմն այն է, որ խուսափում է հստակ տեսակետ հայտնելուց, եւ դա պայմանավորված է նրանով, որ չեն ցանկանում հակասել Ռուսաստանի տեսակետին, իսկ թե որն է ռուսների տեսակետը, դրանից ոչ ոք տեղյակ չէ: Մինչ օրս ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանն ուղիղ տեքստով չեն հայտարարել, որ դեմ են ապաշրջափակմանը: Շատ ավելի հեշտ է տեսակետ հայտնելու փոխարեն մեկին անվանել դավաճան եւ շարժվել առաջ: Բայց այդ տարբերակը Հայաստանում չի աշխատում` մարդիկ կարծում են, որ Հայաստանի ղեկավարը չի կարող ինքնուրույն լուրջ պրոցեսներ ձեռնարկել՝ տարածաշրջանային նշանակության: Միակ ելքը մասսաներին համախմբելն է եւ աշխարհի հզորներին բացատրելը, որ Հայաստանը պատրաստ չէ ապաշրջափակման, մենք չենք կարող միջանցք տրամադրել Թուրքիային, եւ բոլորը պետք է մեր ժողովրդի կարծիքի հետ հաշվի նստեն, չի փրկելու անգամ Փաշինյանից նկուղներում ստորագրություն կորզելը։

Հիմա մեզ փորձում են ներշնչել, թե ժողովուրդը մանդատ է տվել Փաշինյանին՝ այդ կործանարար ծրագիրը կյանքի կոչելու համար, բայց ժողովուրդը չի կարող ինքնաոչնչացվելուն համաձայնություն տալ, դա ժողովրդի կողմից որոշվող հարցերի տիրույթում չէ: Ժողովուրդը չի կարող որոշել եւ լեգալիզացնել օրգանների վաճառքը, հերոինը, քաղաքական սպանությունները եւ այլն։ Պետք է աշխարհին ցույց տալ, որ իրականացվող ծրագիրն ինքնասպանություն եւ ցեղասպանություն է հայ ժողովրդի դեմ։ Աշխարհն այսօր չի տեսնում այս հրեշավոր ծրագրի ամբողջ պատկերը եւ վտանգները, որովհետեւ այն իրականացվում է փոքրիկ ֆրագմենտներով եւ առնչվում է փոքրիկ ազգի շահերին։ Մեր՝ հայերիս ջանքերն առաջին հերթին պետք է ուղղված լինեն աղմուկ բարձրացնելուն՝ «Նյու Յորք թայմսի» մեկ հոդվածն այս պարագայում շատ ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ, քան մի քանի միլիարդ արժողությամբ զենք-զինամթերքը։

Ընդդիմությունը պետք է կարողանա սինխրոն աշխատանք կատարել Հայաստանի ժողովրդի, արեւմտյան տարբեր կենտրոնների, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որ ապահովվի Հայաստանի հաղթանակը։ Այս առումով շատ ռացիոնալ է թվում Սերժ Սարգսյանի առաջարկը, որ պայքարին մասնակցող ոչ մի քաղաքական ուժ չպետք է կենտրոնանա իշխանությունը վերցնելու ուղղությամբ: Այսինքն՝ պետք է ձեւավորվի Հայրենիքի փրկության շարժման նոր մոդել։ ՀՓՇ-ի ձեւաչափն իդեալական էր, եւ այն ձախողվեց միայն բովանդակությունից զուրկ լինելու եւ 90-ականները խորհրդանշող լիդեր ունենալու պատճառով, եւ եթե հաջողվի այդ բացերը լրացնել, ապա ՀՓՇ 2-ը կարող է հրաշքներ գործել։ Եթե ընդդիմությունը կարողանա համախմբվել այս կործանարար ծրագրերի վիժեցման գաղափարի շուրջ, ապա դժվար է պատկերացնել, որ դրանք իրագործվեն, ինչն էլ հետագայում կհանգեցնի իշխանափոխության։ Հնարավոր չէ հասնել իշխանափոխության՝ հենվելով միայն գործող իշխանությունների հակառեյտինգի վրա, երբ ընդդիմության լիդերները նույնպես բարձր հակառեյտինգ ունեն։ Մեծ հաշվով, Սերժ Սարգսյանն առաջարկում է խլել Նիկոլ Փաշինյանից նրա գլխավոր հաղթաթուղթը՝ նախկինների հակառեյտինգը, ինչը ստրատեգիական տեսանկյունից հզոր քայլ է։

Ինչ վերաբերում է փոքրաթիվ, բայց տոկուն միտինգավորների միջոցով հաջողության հասնելուն, ապա այդ ճանապարհը փակ է։ Ընդդիմությունն ինքն է պնդում, որ Փաշինյանն արտաքին ուժերին ձեռնտու ֆիգուր է, իսկ դա նշանակում է, որ այս խաղի ռեֆերին միշտ մյուս կողմից է աշխատելու: Հետեւաբար, պետք է ամեն ինչ անել՝ վերջիններիս հետ երկխոսության մեջ մտնելու համար, որովհետեւ ի՞նչ իմաստ ունի հրաժարական պահանջել մի մարդուց, ով ոչինչ չի որոշում, գուցե անգամ իր հնարավոր հրաժարականի հարցը։ Այս պատերազմում հնարավոր չէ հաղթել՝ աշխատելով միայն մեկ ուղղությամբ, պետք է գրոհել միանգամից բոլոր ուղղություններով։ Մինչ ժողովուրդը հանրահավաքների է մասնակցում հրապարակներում, զուգահեռաբար պետք է խաղի մեջ մտնեն Ռոբերտ Քոչարյանը՝ իր բացառիկ կապերով Ռուսաստանի իշխանական բուրգի հետ, Սերժ Սարգսյանը՝ իր շփումներով եվրոպական խոշոր կառույցների հետ, Վեհափառը՝ իր ազդեցությամբ հոգեւոր աշխարհում, գուցե անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու գործող նախագահ Արմեն Սարգսյանն ինչ-որ մի փուլից միանան շարժմանը:

Նաեւ Սամվել Կարապետյանն ու մյուս հայտնի գործարարները՝ իրենց բիզնես կապերով, Միքայել Մինասյանը՝ համաշխարհային մեդիահոլդինգներում ունեցած կապերով եւ կրեատիվ գործելաոճով։ Նրանցից յուրաքանչյուրը պետք է տարբեր դռներ թակի, արտասահմանյան մամուլից լուսաբանում պահանջի, հոգեւոր առաջնորդներին դիմի, հայազգի աշխարհահռչակ աստղերին, որպեսզի բացառվի Հայաստանի անվտանգությանը սպառնացող ծրագրերի իրականացումը։ Մենք՝ հայերս, պետք է կարողանանք բոլորին ստիպել հեռու մնալ մեր պետությունից, քանի որ այնքան ապիկար գտնվեցինք, որ չկարողացանք մեզ համար ընդունելի պայմաններով բարեկամություն հաստատել որեւէ հզոր կենտրոնի հետ։

Ցանկացած հայ՝ հայտնի կամ ոչ այդքան, որը կհրաժարվի աջակցել Հայաստանի պաշտպանությանը նվիրված սրբազան շարժմանը, պետք է անարգանքի սյունին գամվի հայաստանյան ԶԼՄ-ների կողմից եւ առհավետ մոռանա Հայաստան դրախտավայրի տեղը։ Պետք է ճնշումն այնքան մեծացնել, որ Նիկոլ Փաշինյանին սատարելը դառնա ամոթալի: Այստեղ է պետք ի ցույց դնել ազգի, սփյուռքի հզորությունը։ Հրեաները կարողացան զրոյից պետություն ձեռք գցել․ ո՞ւմ ենք մենք պետք, եթե չկարողանանք պաշտպանել մեր դրախտավայր Հայաստանը։ 
Մեր հայրենակիցները պետք է պարզապես տարբերակ չունենան՝ չաջակցելու այս շարժմանը։

Նոր շարժումը պիտի վարակի վերածվի, ամբողջ հայությունը պիտի այս տենդով տառապի, պիտի այնքան պոպուլյար դառնա, որ երեխաները ստիպեն իրենց ծնողներին աջակցել շարժմանը, արտասահմանյան բուհերում ուսանող հայ երիտասարդները պիտի օր ու արեւ չտան իրենց դասախոսներին, բոլորը պետք է ելքեր փնտրեն այս շարժման հիմնական մեսիջը լայն լսարաններին հասցնելու համար։ Եվ շարժման կազմակերպիչները պետք է լինեն անկեղծ ու ազնիվ։ Գուցե ընդամենը մեկ քայլ է մնացել Հայաստանի կործանումից, ուստի իշխանությունների ձեռքերն ու ոտքերը պետք է այնպես կապել, որ որեւէ մեկի մտքով չանցնի ինչ-որ բան ստորագրել ժողովրդի թիկունքում։ 

Պողոս Պողոսյան