Առանձին դեպքերի խնդիրը

Առանձին դեպքերի խնդիրը

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ներկայացրել է մի քանի դեպք, երբ շրջափակման մեջ գտնվողներից ոմանք հաջողացրել են «շուստրիություն» անել: Ասենք թե Կարմիր Խաչի մեքենաներով հանգստանալու նպատակով ընտանիք հանել Արցախից, կա՛մ ռուսական խաղաղապահների միջոցով սնունդ հասցնել Արցախ ու թանկ գներով վաճառել և կա՛մ ապրանքը միայն հարազատներին ու ընկերներին վաճառել և այլն: Ներկայացվածը խիստ բնական երևույթներ են հայաստանյան իրականության մեջ: Պետք է տարիներ շարունակ Ռուսաստանում բնակվող հայզգի գործարարը ներկա լիներ Արցախում, որպեսզի արձանագրեր նման դեպքերը: Ու հայտարարեր դրանք անընդունելի: Որովհետև եթե դա արձանագրեր հայաստանյան կամ արցախյան, ինչը նույնն է, աչքը, ապա դա իր համար անսովոր և արտակարգ չէր թվա: Չէր թվա այդպիսին նույնիսկ շուրջ մեկ ամիս շարունակվող շրջափակման պայմաններում: Քանի որ վերջինիս համար դա սեփական կենցաղի հարազատ տարր կլիներ՝ առանձին բացառությունները հանած:

Իհարկե, դրանք առանձին դեպքեր են և բնորոշ չեն շրջափակման պատճառով առաջացած խնդիրների դեմ մաքառող արցախցիների մեծամասնությանը: Սակայն ողջ խնդիրը հենց առանձին դեպքերի մեջ է, քանի որ 30 տարի շարունակ այդ առանձին դեպքերի հեղինակներն էին եղանակ ստեղծում մեր հայրենիքում: Խոսքը կրկին վերաբերում է թե՛ Հայաստանին և թե՛ Արցախին: Ու մեր կյանքը վերածում անօրինականության մրցավազքի թատերաբեմի: Ու հենց այդ պատճառով եմ ես ու ինձ նմանները կռիվ էինք տալիս նախկինների դեմ: Ու, բնականաբար, պետք է ողջունեինք  2018 թվականի ապրիլյան իրադարձություններն ու շարժման առաջնորդի վարչապետ կարգվելը: Եվ որպես ինքնաքննադատությամբ օժտված անհատներ՝ ես ու ինձ նմանները ենթադրում էինք, որ այդպիսին պետք է լիներ նաև շարժման առաջնորդը: Ինչպես նաև նրան շրջապատող հետևորդների խումբը: Միաժամանակ, քանի որ օժտված էինք պետական մտածողությամբ՝ չլինելով կառավարման համակարգում, մտածում էինք, որ այդպիսին պետք է լինեին նաև վարչապետ կարգված Նիկոլն ու նրա հետ քայլ արած ու նրա կողմից բարձր պետական պաշտոնների նշանակված հետևորդների խումբը:

Սակայն կյանքը շատ ավելի պրոզայիկ է: Ու շատ շուտով պարզ դարձավ, որ նվիրյալների փոխարեն Նիկոլը շրջապատված է սովորական մարդկանցով, որոնք իրենց հայրենակիցների մեծամասնությունից ոչնչով չէին տարբերվում: Ու նրանք սկսեցին վրեժ լուծել դիմացիներից նախկինների ժամանակ սեփական անհաջողությունների համար: Մարդիկ, որոնք ձգտում էին վայելքների, իսկ դա առանց իշխանության և փողի հնարավոր չէ մեզանում: Ինչ մնում է Նիկոլին, ապա վերջինս ոչ միայն օժտված չէ պետական մտածողությամբ, այլ եսակենտրոն է և ինքն իրեն անսխալական համարող: Ի դեպ, ճիշտ այնպիսին, ինչպիսին մեր հայրենակիցների մեծամասնությունը: Սովորական մի մարդ, որ հաջողության դեպքում ինքն իրեն առյուծ է պատկերացնում, անհաջողության դեպքում վերածվում մկան: Միջին վիճակագրական հայաստանցի, որի համար իր ընտանիքի ամանորյա սեղանն ավելի կարևոր է, քան հարևանի դարդն ու վիշտը: Մարդ, որ դժբախտության պահին ոչ թե գոտեպնդվում է ու շրջապատին «դուխ» տալիս, այլ ջարդվում ու վերածվում խեղճության կծիկի: Ու ոչ թե փորձում է գիտակցել սեփական սխալները՝ արանքում էլ խոստովանելով, ինչն անհրաժեշտ է առաջ ընթանալու համար, այլ մեղադրում է բոլոր նրանց ում կարողանում է: Ու հայրենակիցներին էլ իր հետևից քաշում է անդունդ: Ահա այդպիսին են թե՛ Նիկոլը և թե՛ նրա նախարարներն ու մնացած բարձրաստիճան պաշտոնյաները: