Քարոզչակոճակը

Քարոզչակոճակը

Ի պաշտոնե հանրային համերաշխության նախանձախնդիրներից եւ ապահովողներից մեկը՝ ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը, հանրային դաշտում անում է քայլեր, որոնք կարելի է բնորոշել մեկ բառով՝ խառնակչություն։ Ֆեյսբուքի իր էջում մարդը հայ-թուրքական տանուլ տրված պատերազմի յուրօրինակ «գույքագրում» է սկսել՝ ո՛ր քաղաքական ուժը ի՛նչ մասնակցություն է ունեցել պատերազմին, ի՛նչ ներդրում ունի, հետեւաբար որքանո՛վ կարող է պարզճակատ հայտնվել հանրությանը որպես ազգային նկարագիր ունեցող քաղաքական ուժ։ Հանրային համերաշխության՝ ՀԽ նախագահից ակնկալվող քայլերի տրամաբանության մեջ արդյո՞ք տեղավորվում է հասարակությունը հիմա էլ այդ կերպ տրոհելու, այդ կերպ, գույները խտացնելով, մի նոր կարգի սեւ ու սպիտակի հանգեցնելու գործելաոճը․ հարցը հազիվ թե այլ պատասխան ունի, բացի մեկից՝ մարդն ակնհայտորեն համարժեք չէ իր պաշտոնին, իր առաքելությանը։

Օրեր առաջ, երբ վարչապետը «պատմական» գրառում արեց իր աշխատանքային սեղանին (ֆեյսբուքյան պատին)՝ առաջնագծից Երեւան զինվորներ հրավիրելու եւ «վնգստացող» դատավորների հարցերը լուծելու նպատակով, այդ հրավերի ողջ դավադրական բովանդակությունն առաջինը տեսնողներից մեկը եղավ հենց Ս․ Սաֆարյանը, որն իր ՖԲ էջից րոպեներ անց աղերսում էր վարչապետին՝ «հստակեցնել» ասելիքը, որովհետեւ շատերը կարող էին «սխալ» հասկանալ։ Այդ ժամանակ, եզակի անգամը լինելով, ես մտածեցի, թե ՀԽ նախագահը վերջապես իր առաքելության տրամաբանության մեջ է եւ վարչապետին հորդորում է «սխալ» հասկացվելու պատճառով չխորացնել հանրային դժգոհությունը, չմեծացնել բաժանարար գծերը, չսրել սեւերի ու սպիտակների հակադրությունը։

Բայց ես, դժբախտաբար, սխալվում էի․ մարդը չէր փոխվել։ Ապացույցը՝ վերեւում ակնարկված պատերազմական «գույքագրումը», որի առաջին քայլն արդեն արվել է, մնում է սպասել, թե ինչ զարգացումներ կարող է ունենալ՝ խորացնելով ներհանրային պառակտումը՝ այն, ինչին փաստորեն միտված է ՀԽ նախագահը։ Ի դեպ, շատ որոշակի է այդ քայլի պրոիշխանական ենթատեքստը․ գերլարված այս օրերին նոր «օրակարգ» է հրապարակ նետվում, որպեսզի հանրային միտքը առժամանակ զբաղվի դրանով՝ կասեցնելով հանրային պահանջի ուժգնացումը՝ գործող կառավարության եւ նրա ղեկավարի հրաժարականի վերաբերյալ։

Բայց Ս․ Սաֆարյանի անբարո «գույքագրումը» իշխանահաճո ավելի ընդգծված դրսեւորումներ էլ ունի։ Թվարկելով մի քանի քաղաքական ուժերի անուններ՝ պատերազմին մասնակցություն ունենալու համատեքստում, անորոշության կասկածով պարուրելով նրանց մասնակցության արդյունավետությունը եւ նույնիսկ փաստը, Ս․ Սաֆարյանը երկու կուսակցության անուն է հստակ նշում, որոնց մասնակցությունը պատերազմին աներկբա է՝ «ՔՊ եւ ՀՅԴ»։ Ես պահպանում եմ սաֆարյանական գրառման այս հատվածի բնագրային շարադասությունը․ այո, ընթերցողը ճիշտ է կարդում՝ ՔՊ, ապա՝ ՀՅԴ։ 

Փառք ու պատիվ բոլոր ՔՊ-ականներին, ովքեր մասնակցել են այս արյունալի պատերազմին, հուսանք նաեւ, որ պատերազմական տարեգրությունը նրանցից քիչ անուններ է արձանագրել, որոնք զոհվել են պատերազմում։ Ավաղ, նույնը չենք կարող ասել դաշնակցականների մասին, որոնց թե՛ զոհերն են անհամեմատ շատ՝ պայմանավորված մասնակիցների մեծ թվով, թե՛  նաեւ պատերազմին մասնակցելու ժամանակագրությունն է տարբեր։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 11-ից արդեն քաղաքական դաշտում «զրո դերակատարություն ունեցող»  դաշնակցականները հավաքված էին Արամ Մանուկյանի արձանի մոտ՝ հայրենիքի  նվիրյալի իրենց դերակատրությունը մարտադաշտում ապացուցելու համար․ նրանք շուտով մեկնեցին առաջնագիծ։ Իսկ ՔՊ-ն մարտական գործողություններին մասնակցության որոշում կայացրեց օրեր անց՝ ինչ-որ առումով պարտադրված։ 

Եվ այսքանից հետո, երբ իշխանական փոքրիկ  քարոզչակոճակն իր գրառման մեջ «խառնում» է նույնիսկ շարադասությունը կամ տրամաբանական հերթականությունը՝ ակնհայտորեն շողոքորթելով իշխող քաղաքական ուժին, մնում է ցավել ՀԽ նախագահ կոչված երեւույթի համար։