Մարմարաշենցիները փակել են Երեւան-Արտաշատ մայրուղին

Մարմարաշենցիները փակել են Երեւան-Արտաշատ մայրուղին

Այս պահին փակ է Երեւան-Արտաշատ մայրուղին։ Փակողները Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի բնակիչներն են։ Նրանք պահանջում են, որպեսզի վերականգնվի Երեւան-Մարմարաշեն տրանսպորտային երթուղին։

Նրանք մեզ հետ զրույցում ասացին, որ մոտ երեք ամիս առաջ լրացել է Երևանի թիվ 44 երթուղին սպասարկող ընկերության լիցենզիան, որը Երևանից դուրս էր գալիս եւ մինչև Մարմարաշեն էր հասնում։ Երեք ամիս է` նոր մրցույթ չի անցկացվել, նոր երթուղի չի հայտնվել։ Միակ տրանսպորտային միջոցը նրանց համար այս պահին Երեւան-Արտաշատ երթուղու ավտոբուսներն են, որոնք գերբեռնված են լինում եւ գրեթե չեն կանգնում։ 

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ նունպես մարմարաշենցիները փակել էին երթուղին։ Այդ ժամանակ ոստիկանները եկան եւ խնդրեցին ճանապարհը բացել՝ խոստանալով, որ պատկան մարմինները խնդիրը կլուծեն, սակայն այդպես էլ չլուծեցին։ Այս անգամ մարմարաշենցիները վճռական են տրամադրված։ Ասացին, որ մինչև խնդիրը չլուծվի՝ ճանապարհը չեն բացելու։