Ինչխոր սգո նշան էղնի.Անկախության օրվան ընդառաջ՝ գյումրեցիների  դժգոհոթյունները

Ինչխոր սգո նշան էղնի.Անկախության օրվան ընդառաջ՝ գյումրեցիների  դժգոհոթյունները

Սեպտեմբերի 21-ին գուկաս արհեստների և արվեստների քաղաք Գյումրի` նշելու ՀՀ անկախության 28-ամյակը:

Այս կարգախոսով  ենք այս տարի պարաստվում Հանրապետության երկրորդ քաղաքում մեծ շուքով տոնելու Հայաստանի 3-րդ Հանրապետության օրը: Տոնին հաշված օրեր են մնացել, սակայն գյումրեցիները դժգոհելու մի շարք պատճառներ ունեն: Բնակիչներին նախ զարմացրել, ապա բարկացրել են քաղաքի կենտրոնական փողոցներում փակցված անկախության 28-ամյակը խորհրդանշող պաստառները:Նրանց կարծիքով՝ դրանք օրվա խորհրդին ոչ միայն համահունչ չեն,այլև՝ անընթեռնելի  են:

«Տառատեսակն է շատ անհաջող, քառակուսի  է, եւ կարծես խաղադրույքի  գովազդ լինի: Այնքան երկար նայեցի,որ մի կերպ հաջողացրի կարդալ ու հասկանալ,որ պաստառը անկախության տոնին է վերաբերում»,-նշում է քաղաքացիներից  մեկը: «Կնայեմ ու սիրտս կնեղվի: Ինչխոր սգո նշան էղնին»,-ավելացնում է մեկ ուրիշը:  

Ոմանց էլ վրդովեցրել է ուղղագրության կանոնների ոչ ճիշտ կիրառումը: «Տառատեսակը մե կողմ, տգեղ գրաֆիկան մե կողմ,գունային գամման լրիվ բացակայում է, ըդիկ էլ մե կողմ, լրիվ չինական հիերոգրիֆ է, ըդիկ էլ հասկըցանք, հըբը տողադա՞րձը: Տարրական կանոններն էլ չպահե՞ս»,-սրտնեղում է մասնագիտությամբ բանասեր Մարիամը:

Ու  մինչ գյումրեցիներին տանջում է, թե ո՞վքեր են  «քաղաքը տեսքից գցող» պաստառների  հեղինակն ու պատվիրատուն, պարզեցինք: Գյումրու համայնքապետարանի համար պաստառները նույնպես նորություն են, դրանցով զբաղվել է կառավարությունը: Իսկ ահա դիզայներին բացահայտեցինք համացանցով : «Պաստառների հեղինակն էլ «Ոսկե Ծիրան 2019» միջազգային կինոփառատոնի պաստառների հեղինակ Վիլյամ Կարապետյանն է: Էսքանը հերիքա, որ պարզ դառնա իմ անգրագիտության մակարդակը»,-ֆեյսբուքում գրել է դիզայներ Վիլյամ Կարապետյանը, ու պաստառների տառատեսակով էլ ևս մի գրություն հրապարակել՝ կարծես հեգնելով ինքն իրեն. «Մինչև  տողադարձ անել չսովորես, ոչ մի Գյումրի,Վիլյամ»:

Նկատենք, որ պաստառների հարցը երկրորդ պլան է մղվում, քանի որ սեպտեմբերի 21-ին Գյումրի այցելող հյուրերից շատերին գիշերակացի հարցը լուծել չի հաջողվել,եւ ինչպես  մեզ հետ զրույցում ասացին, նրանք ստիպված են եղել հրաժարվել տոնին մասնակցելու մտքից: «Ընդամենը 5 օր առաջ մայրաքաղաքի ընկերներս խնդրեցին այստեղ հյուրանոցներում համարներ ամրագրել: Սկզբում ասացին շատ եք ուշացել, եւ որտեղ դիմեցի, արդեն պատվիրել էին: Եղավ մի դեպք էլ, որ հասկացա՝ փորձում էին գումար աշխատել. առաջարկում էին վճարել նախատեսվածից բարձր գումար,բնականաբար հրաժարվեցինք»,-ասաց գյումրեցի երիտասարդը: 

Նշենք, որ քաղաքում գործող հյուրանոցներից ու հյուրատներից  զատ 592 ընտանիք ցանկություն է հայտնել սեպտեմբերի 21-ի այցելուներին հյուընկալել, բայց այդքանով հանդերձ խնդիրներն առկա են: 

Հիշեցնենք, որ Անկախության օրվա միջոցառումները կամփոփվեն Գյումրու Վարդանանց հրապարակում շքեղ գալա համերգով:

Հատուկ այդ օրվա համար Հայաստան է ժամանել  Capital Cities հայտնի դուետը ,ինչպես նաև
ամփոփիչ գալա համերգում ելույթ կունենա Էլեկտրոնային երաժշտության ժանրում հայտնի Dole & Kom գերմանական խումբը։