Մեծահարուստների թիվը կրկնապատկվել է

Մեծահարուստների թիվը կրկնապատկվել է

Վերջին 10 տարում աշխարհում միլիարդատերերի թիվը կրկնապատկվել է։ Այս մասին են վկայում Oxfam կազմակերպության ուսումնասիրության արդյունքները։ Հիշեցնենք, որ Դավոսի տնտեսական միջազգային ֆորումի նախաշեմին կազմակերպությունը հրապարակել է իր ուսումնասիրությունների ամփոփիչ զեկույցը։ Այսպես, 2018 թվականին միլիարդատեր է համարվել 2208 մարդ։ Ընդ որում, 2017-18 թթ ընթացքում ամեն երկու օրը մեկ աշխարհում նոր միլիարդատեր է ի հայտ եկել։ Սրա հետ մեկտեղ, մոլորակի մոտ 4 միլիարդ աղքատ բնակչության ֆինանսական վիճակը չի բարելավել, ինչը կարող է նշնակել, որ միջոցների բեւեռայնացում է տեղի ունեցել։ Ընդ որում, ուշագրավ է այն, որ մոլորակի 26 մեծահարուստների ունեցվածքը հավասար է 3,8 միլիարդ աղքատ մարդու հանրագումարային ունեցածին։ Այսպես աշխարհի ամենահարուստ մարդու՝ 112 միլիարդ դոլար ունեցող Ջեֆ Բեզոսի ունեցվածքի 1 տոկոսը համարժեք է Եթովպիայի առողջապահական բյուջեին։ Հիշեցնենք, որ Oxfam-ը միջազգային բարեգործական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1942 թվականին։