Հույսը մեռնում է ամենավերջինը

Հույսը մեռնում է ամենավերջինը

ՀՅԴ նախաձեռնությամբ վաղը Ստեփանակերտում տեղի կունենա «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» խորհրդաժողով: Այդ մասին ծանուցել է ՀՅԴ Արցախի կառույցը` նշելով, որ օրակարգային է Հայաստանի եւ Արցախի իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հարցը: Ընդսմին, մանրամասնվել է, որ խորհրդաժողովը կընդունի Հռչակագիր, կձեւավորի Կազմկոմիտե` համահայկական ստորագրահավաք անցկացնելու համար:

Դաշնակցությունը քաղաքականության մեջ ահռելի փորձառություն ունի եւ հազիվ թե չգիտի, որ միջպետական պայմանագիր ստորագրելու համար համազգային «զորաշարժի» անհրաժեշտություն չկա: Բավական է, որ Հայաստանի եւ Արցախի քաղաքական պատասխանատուներն անցկացնեն համապատասխան խորհրդատվություններ, գնահատեն իրավիճակը եւ հանգեն համապատասխան եզրակացության: Եթե ՀՅԴ-ն որոշել է կազմակերպել համահայկական ստորագրահավաք` ի աջակցություն Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի, ուրեմն ունի ավելի արմատական նպատակ: Այն է` Հայաստանի իշխանությունների առջեւ դնել Արցախի սուբյեկտության իրավական ճանաչման համազգային պահանջ: Նախկինում Հայաստանի կողմից Արցախի ճանաչման պահանջ առաջադրել է «Ժառանգությունը»:

Բայց այդ դեպքում խնդիրը խորհրդարանական եւ Հայաստան-Արցախ քաղաքական խորհրդատվություններից այն կողմ չի անցել: Դաշնակցությունը որոշել է գնալ համազգային պահանջի ձեւավորման ճանապարհով: Իսկ դա կարող է Հայաստանի իշխանությունների համար բավականին ցավոտ լինել: Հասկանալի է, որ ներկա դրությամբ Հայաստանը հազիվ թե Արցախի հարցում արմատական որոշումների գնա: ՀՅԴ-ն, կարծես, հենց այդ կանխավարկածով էլ առաջնորդվում է` ձեւավորվում է համազգային պահանջ, Հայաստանի իշխանությունները չեն ընդառաջում, եւ օրակարգ է գալիս նրանց հեռացնելու խնդիրը: Դաշնակցությունը Հայաստանի խորհրդարանական վերջին ընտրություններում վարկանիշային ահռելի կորուստ է ունեցել: Ինչպես վկայում են իրազեկ աղբյուրները, պատկերը գրեթե նույնն է Արցախում, որտեղ շահագրգիռ ատյաններն անցկացրել են հրապարակման ոչ ենթակա սոցհարցումներ եւ պարզել, որ ՀՅԴ տեղական կառույցը չի կարող հաղթահարել հինգ տոկոսի շեմը, եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին այժմ:

Արցախում նախագահի եւ խորհրդարանի ընտրությունները տեղի կունենան եկող տարվա գարնանը: Վարկանիշ փրկելու ժամանակ, կարծես, Դաշնակցությունն ունի: Ինչպես ասում են` հույսը մեռնում է ամենավերջինը: Եվ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի շուրջ համազգային դիսկուրսի նախաձեռնումը կարող է Դաշնակցության նախընտրական տեխնոլոգիաներից մեկը դառնալ: Խնդիրն այն է, թե արժե՞ այդ գնով վարկանիշ բարելավել, կամ ի՞նչ է տալիս դա Արցախին եւ Հայաստանին: