Ո՞վ է Maybach-ով մտել ԱԺ (ֆոտո)
Ազգային ժողով դարձյալ ինչ-որ մեկը արտոնյալ կարգով սեփական մեքենայով մտել է ԱԺ բակ։ Եվ դարձյալ շքեղ մեքենա է։ Hraparak.am-ը քիչ առաջ ֆիքսեց ԱԺ բակում՝ փոխնախագահների մուտքի դիմաց կայանած մի Mercedes S560 Maybach՝ 111 HH 11 պետհարամանիշով։ Սա անձնական մեքենա է՝ հասարակ պատգամավորական համարներով, թեպետ՝ թվերի համադրությունը այդքան էլ հասարակ չի թվում, սրանք ԱԺ-ի ամենագոլդ համարներն են։
Այդուհանդերձ, սրանք որևէ արտոնություն չունեն մյուս պետհամարանիշների նկատմամբ, այդ թվում, օրինակ, 112 HH 11-ի, 068 HH 11-ի, 037 HH 11-ի կամ էլ 128 HH 11-ի նկատմամբ, որը, ինչպես գրել էինք, փակցված է «Լուսավորի» պատգամավորներից մեկի Opel-ի վրա։ Բայց չգիտես ինչու, հենց այս շքեղ մեքենան է ոչ պակաս շքեղ համարներով մտել ԱԺ բակ։
Մենք պարզեցինք, որ 111 HH 11 պետհարամանիշը դե յուրե պետք է պատկանի ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին։ Սակայն, ըստ որոշ լուրերի, Հայրապետյանն այս համարները տրամադրել է իրենց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, քանի որ Ծառուկյանին հատկացված համարները գոլդ չեն՝ 089 HH 11 եւ այսպիսի շքեղ Maybach-ին չեն սազում։ ԱԺ-ում երևի թե միայն Գագիկ Ծառուկյանն է, որ կարող է իրեն թույլ տալ 2019 թվականի արտադրության Maybach ձեռք բերել, որի արժեքն ավելի քան 200 հազար դոլար է։
Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ ԱԺ աշխատակազմի ղեկավարից, թե ինչ հիմքով է Maybach-ը մուտք գործել ԱԺ բակ և ում է պատկանում այն, բայց մեզ ասացին, որ աշխատակազմի ղեկավարը զբաղված է և խոստացան հենց ազատվի՝ մեզ տեղյակ պահեն։ Ավելի ուշ ԲՀԿ խմբակցությունից մեզ տեղեկացրին, որ մեքենայի մուտքը ԱԺ տարածք օրինական է՝ համապատասխան գրագրության եւ թույլտվության հիման վրա։
Կարծիքներ