Աշխատանքից ազատել են, ապա նորից ընդունել

Աշխատանքից ազատել են, ապա նորից ընդունել

 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ծննդատան նախկին տնօրեն Արեն Գյոզալյանը, որը 3 ամիս առաջ տնօրենի կողմից ազատվել էր աշխատանքից, կրկին աշխատանքի է ընդունվել նույն կազմակերպությունում։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 3 ամիս առաջ ԲԿ տնօրեն Արման Հովակիմյանը հայտնաբերում է, որ Գյոզալյանը բժիշկների անունով գրված բոնուսները վերցնում է՝ այդպիսով, ըստ էության, ստանալով կրկնակի աշխատավարձ․
«Դեկտեմբեր ամսին Արման Հովակիմյանը Արեն Գյոզալյանին աշխատանքից ազատում է այն բանի համար, որ բռնացնում է նրան, որ բոնուսները գրում է բժիշկների վրա, բայց բժիշկները ստանում են, բերում փողը իրեն են տալիս, այսինքն՝ ինքը ստանում է 2 աշխատավարձ։ Եթե ինքը ստանա բոնուս, ապա չի ստանա դրույքի գումարը, դրա համար դրույքը ստացել է իր անունով, իսկ բոնուսները գրում է բժիշկների վրա, նրանք էլ ստանում, իրեն են տալիս։

Տնօրենը իրեն բռնացրել էր և այս հիմքով իրեն աշխատանքից ազատել էր։ Որոշ ժամանակ անց Արենը համոզում է մի քանի աշխատակիցների, որ մտնեն Հովակիմյանի մոտ, համոզեն, որ ինքը կրկին աշխատանքի անցնի, սակայն Հովակիմյանը կտրուկ մերժում է՝ ասելով, որ դա բացառված է և նա չի կարող կրկին աշխատել հիվանդանոցում, հետո նախարարությունից Հովակիմյանին զանգ է գալիս, որ Գյոզալյանը պետք է այնտեղ աշխատի, և 3 օր առաջ Արենը կրկին եկել է աշխատանքի»,- տեղեկացնում է ԲԿ-ի մեր աղբյուրները։

Տնօերն Արման Հովակիմյանը «Հրապարակի» հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե նախարարությունից Գյոզալյանի հետ կապված որևէ զանգ ստացե՞լ է, կտրուկ հերքեց՝ ասելով, որ չի ստացել։ Իսկ թե ինչո՞ւ է կրկին աշխատանքի ընդունել մի աշխատողի, որին ժամանակին ինքն անձամբ է հեռացրել, պատասխանեց․

«Ինքն է ինձ գրել, որ ուզում է հանդիպել, մենք հանդիպել ենք, խոսակցության մանրամասները Ձեզ չեմ կարող ասել, բայց խոսակցության հիմնական բնույթը այն է եղել, որ ի շահ ծննդատանը, այս կամ այն սխալներից քաղած դասերով՝ մենք որոշեցինք ևս մեկ անգամ Արեն Գյոզալյանին հնարավորություն տալ, որ երկար տարիներ աշխատելուց և դուրս մնալուց հետո կրկին աշխատի։ Բայց իր կարգավիճակը հիմա այլ է, քան եղել է նախկինում, հիմա աշխատում է որպես մանկաբարձ-գինեկոլոգ»։

Իսկ ի՞նչ պատճառով էր նա հեռացվել ծննդատան տնօրենի պաշտոնից․ «Դա ներքին կանոնակարգի հետ կապված խնդիրներ են, ես չեմ կարող դրանք բարձրաձայնել։ Մի խոսքով՝ եղել է այն, որ չի համապատասխանել չափանիշներին, և իր տնօրինության տակ եղած ժամանակահատվածում արդյունքները ինձ չեն բավարարել, այդ պատճառով ինքը դիմում է գրել՝ դուրս գալու»,- ասաց Հովակիմյանը։