Դատարանը քննում է Հրայր Թովմասյանի սանիկին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը քննում է Հրայր Թովմասյանի սանիկին կալանավորելու միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին քննվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը նախկինում զբաղեցրած Նորայր Փանոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։

Մեկ այլ դատարանում միաժամանակ քննվում է նաեւ նույն քրեական գործով անցնող Շենգավիթ համայնքի Բագրատունյաց պողոտայի թիվ 43 հասարակական տարածքի գնահատումն նախկինում իրականացրած՝ «Հողի եւ ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակից Տիգրան Դավթի Տեր-Հարությունովի խափանման միջոց կալանավորումն կիրառելու միջնորդությունը։

Նշենք, որ Փանոսյանն ունի մի շարք առողջական խնդիրներ․ մասնավորապես՝ քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննվելու ընթացքում օրեր առաջ Նորայր Փանոսյանի ինքնազգացողությունը վատացել է, նրա համար կանչվել է շտապօգնության բրիգադ:  Փանոսյանը տեղափոխվել է «Լևոն Հովհանիսյանի անվան Սրտաբանության գիտահետազոտական կենտրոն», այնուհետեւ՝ Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել է բժշկական ստուգման: Բժշկական կենտրոնից Փանոսյանին հայտնել են, որ ստացիոնար բուժման անհրաժեշտություն չկա, և վերջինս տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: 

Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝  ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի եւ ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների հետ իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի եւ ՀՀ ԱՆ ու Երեւանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ: