Առաջինը հենց Նիկոլ անունով երևույթի մասին է խոսքը․ նրանք չպիտի գնան այնտեղ

 Առաջինը հենց Նիկոլ անունով երևույթի մասին է խոսքը․ նրանք չպիտի գնան այնտեղ

Սեպտեմբերի 21-ին ես ու իմ նման շատ ծնողներ գնացինք «Եռաբլուր»՝ մեր երեխաների տուն։ Մեզ այնտեղ շատ բիրտ ձևով հեռացրին։ Ինձ, իրենց բառերով եթե խոսենք, առանց որևէ բան ասելու բերման ենթարկեցին։ Ինձ ոչ մեկ ոչ մի բան չի ասել, թե ինչու են բերման ենթարկում և այլն։ Ես մինչև այսօր էլ չգիտեմ՝ ինչու են ինձ բերման ենթարկել։

Այս մասին քիչ առաջ դատարանում  լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Ուզունյանի հայրը՝ Բագրատ Ուզունյանը, որի դեմ էլ ընթանում է ոստիկանության հայցի քննությունը։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողներին բռնի ուժով բերման ենթարկելու վարույթով, հիշեցնենք, 16 ծնող տուժող էր ճանաչվել։ Զոհված զինծառայողների ծնողները  նախորդ տարվա սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն, սակայն առավոտյան ոստիկանությունը ուժ կիրառելով նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։

«Այսինքն այդ օրով ուզում էր «Եռաբլուր գար էն մարդը, որը հենց մեղավոր է այսքան զոհերի համար։ Ես միշտ եմ ասել ու հիմա էլ եմ ասում, որ մեղավորը իրավունք չունի մտնելու «Եռաբլուր»։ Ի՞նչ օրինական պահանջի մասին եք խոսում։ Ես նորից եմ ասում՝ ոչ մեկ էլ ոչ մի բան չի ասել։ Եկան, կանգնեցին ու սկսեցին բերման ենթարկել։ Կարող եմ միայն ասել, որ առաջիններից մեկը հենց ինձ են տարել։ 4-5 հոգով եկան, շրջափակեցին ու տարան։ Բոլորը մեղավորները չպիտի մտնեն «Եռաբլուր», բայց առաջինը Նիկոլ անունով այդ երևույթի մասին է խոսքը»,- հավելեց նա։