Կիրանցում վեճ է եղել հայ եւ ադրբեջանցի սահմանապահների միջեւ

Կիրանցում վեճ է եղել հայ եւ ադրբեջանցի սահմանապահների միջեւ

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Կիրանցում՝ հայ-ադրբեջանական սահմանին, երկու անգամ միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանապահների միջեւ: Միջադեպը գրանցվել է նոր կառուցվող ճանապարհի մոտակայքում: 

Սահմանազատումից հետո Կիրանց տանող կամուրջը, որը միջպետական ճանապարհի մի մասն է, հիշեցնենք, որ հանձնվեց ադրբեջանական կողմին, սկսվեց նոր, այլընտրանքային ճանապարհի կառուցումը: Պարզվում է` ադրբեջանցիները ժամանակ առ ժամանակ միջադեպեր են հրահրում նաեւ այս հատվածում՝ պատճառաբանելով, թե ճանապարհը կառուցվում է սահմանային խախտումներով: 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հաստատեց մեր տեղեկությունը: 

«Կիրանցի բնակիչներից տեղեկացա, որ դեպի Կիրանց տանող նոր ճանապարհի վրա օրերս միջադեպ է տեղի ունեցել։ Ադրբեջանցի սահմանապահները եկել, վեճի մեջ են մտել հայ սահմանապահների հետ՝ ասելով, որ նոր կառուցվող ճանապարհի մի հատվածն անցնում է ադրբեջանական հողի վրայով։ Երեկ և դրա նախորդ օրն էլ Կիրանցի բնակիչներն ականատեսն են եղել, թե ինչպես են ադրբեջանցիները հնձում իրենց ցանած ցորենը։ Շատերի համար սա միակ ապրուստի միջոցն է»,-ասաց պատգամավորը: