Եկեք Սյունիք, ներդրում արեք, միասին զարգացնենք Սյունիքը․ Հ․ Պողոսյան

Եկեք Սյունիք, ներդրում արեք, միասին զարգացնենք Սյունիքը․ Հ․ Պողոսյան

Սյունիքի մարզում ներդրումային համաժողովին սյունյաց կոլորիտով, բարձր սանրվածքով ու վառ շրթներկով աղջիկը մի քանի բացականչականներով նախ հայտարարեց, որ սյունեցիները սիրով ողջունում են Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետին, նախարարներին, մարզպետներին ու պատգամավորների՝ Հայաստանի ամենագեղեցիկ մարզերից մեկում։ Ապա աղջիկը երգեցիկ ձայնով շարունակեց․ «Հուսանք՝ «Իմ քայլը» հանուն Սյունիքի մարզի այս գեղեցիկ ֆորումը կկարողանա այնպես անել, որ ներդրողները կկարողանան ճանաչել Սյունիքը որպես իրապես բիզնես միջավայր»։

Հիշեցնենք, որ միջոցառմանը մասնակցելու համար Սյունիք է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համաժողովին մասնակցում են  նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագետներ, Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից ժամանած գործարարներ, միջազգային կազմակերպությունների, բանկային կառույցների ներկայացուցիչներ, բիզնես-նախագծերի հեղինակներ, պետական և հասարակական շրջանակների այլ ներկայացուցիչներ:

Առաջինը ելույթ ունեցած Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ևս օգտագործեց «գեղատեսիլ» բառը՝ ասելով, որ նման ֆորմատով համաժողով իրենց մոտ անցկացվում է առաջին անգամ, հուսով է՝ նախաձեռնությունը համախմբելու է մարզի գործարար ներուժն ու զարգացմանը մեկտեղված մտքերը՝ մեկ վայրում։ Հունան Պողոսյանը հավելեց, որ մարզի զարգացման գերակա ուղղություններն են զբոսաշրջությունը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները։

Սյունիքի մարզի զարգացման հնարավորությունները կազմակերպիչները որոշել են ցույց տալ ֆիլմի, թվային տվյալները՝ ելույթների տեսքով։

Հունան Պողոսյանը ներկա գործարարներին երաշխավորեց, որ ներդրումների դեպքում տեսնելու են միայն բարի կամեցողություն։

Մարզպետը կոչ արեց ակտիվ լինել, հանդես գալ նախաձեռնողականությամբ։
«Եկեք Սյունիք, ներդրում արեք Սյունիքում, միասին զարգացնենք Սյունիքը»,- հայտարարեց նախկին փոխոստիկանապետ մարզպետը։