Եթե նպատակն իմիտացիան է, ապա ես դա արկածախնդրություն եմ անվանում

Եթե նպատակն իմիտացիան է, ապա ես դա արկածախնդրություն եմ անվանում

Պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանին մի քանի հարց ուղղեցինք մեր սահմաններից ռուսական սահմանապահների հեռանալու, ՀՀ սահմանապահ զորքերի կողմից սահմանի հսկողությունն իրականացնելու մասին:

-Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստան-Թուրքիա սահմանին հսկողություն կիրականացնեն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը՝ ռուսական սահմանապահների հետ միասին։ Թաքնված ծուղակներ այստեղ տեսնո՞ւմ եք։ 

-Նախ պետք է այդ խնդրի արմատներին գնալ` տեսնելու համար, որ հայ-թուրքական սահմանին ռուսական սահմանապահներ հայտնվել են սպառնալիքի արդյունքում։ Այսինքն, թուրքական գոյություն ունեցած կամ գոյություն ունեցող սպառնալիքի արդյունքում շատ տրամաբանական է, որ Հայաստանը իր ողջ ներուժով՝ ռազմական և այլն, չի կարող և չէր կարող դիմագրավել թուրքական սպառնալիքին՝ ՆԱՏՕ-ական երկրորդ բանակի սպառնալիքին։ Հիմա եթե արվում են այդ փոփոխությունները և դրանք ուղղակի ձևականություն չեն և չակերտավոր ինքնիշխանության վերահաստատման զուր ճիգեր չեն, ապա այստեղից պետք է հետևություն անել՝ միգուցե, կամ` արդյոք, վերացե՞լ է թուրքական սպառնալիքը, երկրորդ վերլուծությունը՝ արդյո՞ք Հայաստանը ինքնաբավ է այնքան, որ կարողանալու է պաշտպանել իր սահմանը ՆԱՏՕ-ական երրորդ երկիր Թուրքիայի հնարավոր ոտնձգություններից։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի սահմանի տարբեր հատվածներ այս պահին օկուպացված են Ադրբեջանի կողմից և Հայաստանը ոչ դիվանագիտական, ոչ այլ մեթոդներով այդ հարցը չի կարողանում լուծել։ Այսինքն, Հայաստանն ինքնաբավ չէ իր սահմանը պաշտպանելու հարցում։ Ես որպես Հայաստանի քաղաքացի, շատ ուրախ և հպարտ կլինեի, եթե մենք առանց որևէ կողմի օգնության, ինքնուրույն պաշտպանեինք մեր սահմանները, բայց երազելը և իրականությունը տարբեր բաներ են` երկրի անվտանգությունը և իշխանության իմիտացիան տարբեր բաներ են։ Եթե հիմա այս քայլն արվում է հերթական իմիտացիոն նպատակի համար, ապա սա համարում եմ արկածախնդրություն։ Եթե այս քայլի տակ կան հաշվարկված անվտանգային ինչ-որ բանաձևեր, ապա ժամանակը ցույց կտա, ինչին ես, ի սկզբանե, ասեմ, որ թերահավատ եմ։ 

-Թուրքական վտանգ այլևս չկա՞։ 

-Մասնագետների, օբյեկտիվ վերլուծաբանների, աշխարհաքաղաքական գործընթացների, Թուրքիայի քաղաքական ձեռագրի, անգամ մակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ սպառնալիքը կա և դրա ամենախոսուն վկայությունը կարող եք տեսնել թուրք-սիրիական հարաբերություններում, երբ բարեկամ երկրներից նրանք մեկ շաբաթում վերածվեցին թշնամական երկրների և Թուրքիան օկուպացրեց Սիրիայից մոտ 3000 կմ² և մինչև հիմա պահում է իր վերահսկողության տակ։ Մասնագետները և օբյեկտիվ իրականությունը կարծում են, որ թուրքական սպառնալիքն առկա է։ Այս պահին գործող իշխանությունը և նրանց սպասարկող որոշակի շրջանակներ կարծում են, որ թուրքական սպառնալիք երևի թե չկա` եթե նման քայլեր են անում և եթե նրանց հռետորաբանության մեջ կամ տեքստերում կան այդպիսի ձևակերպումներ, որ Թուրքիան կարծես այդքան էլ վտանգավոր չէ, այդքան էլ սպառնալիք չէ, Թուրքիան կարող է անգամ հանդես գալ որպես միջնորդ` հայ-ադրբեջանական խնդիրներում և այլն, և այլն։ Եվ ես հակված եմ առաջին կարծիքին, ես օբյեկտիվության և մասնագիտական կարծիքի կողքին եմ, համաձայն որի, թուրքական սպառնալիքը կա և էլի ավելի է մեծացել, ի համեմատություն 1990-ականների։