Անհեթեթ է պահանջել ոստիկանապետի հրաժարականը

Անհեթեթ է պահանջել ոստիկանապետի հրաժարականը

Պարզապես անհեթեթություն է պահանջել ոստիկանապետի հրաժարականը։ Մի՞թե պարզ չէ, որ խնդիրը գլխարկների թեթևությամբ փոփոխվող ոստիկանապետերի մեջ չէ, այլ՝ նրանց նշանակողների։ Քաղաքական ղեկավարությունը արդեն երկու տարի է, ինչ որևէ տրամաբանական ու էական ռեֆորմ չի կարողացել կյանքի կոչել։ Ենթադրում եմ, որ չի էլ կարողանալու, իսկ սրանից հետևում է, որ վեց ամիսը մեկ անխուսափելիորեն կանգնելու ենք ոստիկանապետի փոփոխման խնդրի առջև։ Այս տրամաբանությամբ մշտապես քավության նոխազ են դառնալու օպերատիվ ծառայողներն ու ոստիկանները, իսկ քաղաքական ղեկավարությունն անընդհատ խուսափելու է իր բուն պատասխանատվությունից։

Արդյոք ճի՞շտ չի լինի այս անպտուղ և անարդյունավետ հրաժարականների փոխարեն պահանջել վարչապետից վերջապես կյանքի կոչել բոլոր այն բարեփոխումները, որոնք ինքը խոստացել է։ Իհարկե որպես հակափաստարկ կառավարությունը կարող է բերել ապագայում նախատեսվող փոփոխությունների դեռևս անմշակ փաթեթը, որի համաձայն ոստիկանությունը պետք է փոխակերպվի ներքին գործերի նախարարության։

Միանգամից արձանագրեմ, որ ես ամենևին էլ լավատեսորեն չեմ վերաբերվում նախատեսվող այդ փոփոխությանը, քանի որ որպես օրինակ արդեն իսկ կա անարդյունավետ ԿԳՍՄ նախարարության օրինակը։ Փաստացի կառավարությունը հինգ տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու և համակարգերը օպտիմալացնելու փոխարեն, երեք տարբեր կառույցներ մեխանիկորեն կցեց առավել խոշորին։ Սա իհարկե բարեփոխումների պատրանք է, քանի որ կառույցների թվի նվազեցումից ամենևին էլ չեն նվազում բոլոր այն խնդիրները, որոնք առկա էին համակարգերում։ Ավելին՝ առանց այն էլ բարդ և դժվար կառավարելի Կրթության և գիտության նախարարությունն այդ մեխանիկական կցումից հետո դարձավ էլ ավելի ծանրաշարժ և նույնիսկ ոչ շարժունակ, ինչի անխուսափելի հետևանքը ճահճացումն է։ 

Հավանաբար այսպիսի անարդյունավետ փոփոխություն նախատեսվում է նաև ոստիկանական համակարգում։ Փոխվելու են ստորաբաժումները, համազգեստերը, բայց ամենևին էլ պետք չի ենթադրել, թե կառուցվածքի և գույնի փոփոխությամբ լուծվելու են բոլոր այն համակարգային խնդիրները, որոնք խոչընդոտում են իրավապահ համակարգի բնականոն և արդյունավետ աշխատանքին։ Ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ճիշտ չի ընկալում բարեփոխում եզրույթի բովանդակությունը։ Նրանք մշտապես փոխում են այս կամ այն համակարգի արտաքին տեսքը, իսկ համակարգի բուն էությունը և դրա հետ առնչվող ներքին խնդիրները շարունակում են մնալ անփոփոխ՝ իհարկե ճահճանալու հեռանկարով։ 

Այսպիսի իրավիճակում ոստիկանապետերը կարող են հավերժ փոփոխվել, ավելին՝ նրանց թիվը հավասար կլինի Փաշինյանի կառավարման տարիներին։ Այսինքն, եթե վարչապետը պաշտոնավարի տասը տարի, ապա կունենանք նաև տասը տարբեր ոստիկանապետեր։ Սա իհարկե փակուղի է, ինչի հետևանքով ոստիկանական համակարգը զրկվում է բնականոն գործունեության հնարավորությունից՝ դատապարտվելով բարոյալքման։ Իհարկե Փաշինյանի պարագայում բարեփոխումների մասին խոսելը հավասարազոր է գիտաֆանտաստիկ գիրք կարդալուն։ Վերջին երկու տարիները ցույց են տալիս, որ վարչապետն ամեն ինչով զբաղվում է, բացի կառավարումից և բարեփոխումներից։ Փաստն այս ինձ բերել է այն եզրակացությանը, որ կառավարող ուժը իրական բարեփոխումներ իրականացնելու կարողություն և հնարավորություն պարզապես չունի, ավելին՝  այդպիսի առաքելություն ի սկզբանե չի էլ  եղել։ Նրանք եկել էին քանդելու, ինչը հաջողությամբ կյանքի կոչեցին, իսկ կառուցելու համար գոնե ինտելեկտուալ տեսանկյունից պիտանի չեն։ Այս իրավիճակի վերջնական հանգրվանը անխուսափելի ճահճացումն է, քանի որ ոչնչացմանը պետք է փոխարինի ստեղծումը, իսկ եթե հեղափոխականը հրաժարվում է ստեղծարարությունից, ապա անխուսափելիորեն վերադառնալու է այն կետին, որտեղից սկսել է։ Իսկ նախնական կետը հին համակարգն է։ 

Ինչևիցե չխորանանք մանրամասների մեջ, հատկապես որ այս թեմայի մասին արդեն բազմիցս խոսել ենք։ Արձանագրենք միայն այն ճշմարտությունը, որ վարչապետ Փաշինյանը նույնպես հասկանում է, որ իրենք իրական փոփոխություններ իրականացնելու առաքելություն չունեն։ Հենց այս փաստի խորքային ընկալումն է պարտադրում նրան անել այն, ինչը հիմա արվում է։ Կարելի է ասել վարչապետի վերջին մեկ տարիների գործությունեությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ վակուումային տարածությունը ինչ-որ բովանդակությամբ լցնելու անհույս փորձառություն։ Անընդհատ և անդադար լայվերը, սկանդալների սանձազերծումը, վեց ամիսը մեկ կրկնվող աղմկահարույց պաշտոնաթողությունները, դավադրությունները, հիբրիդային հեղաշրջումները և մնացյալ անբովանդակ դրսևորումները ասվածի լավագույն վկայությունն են։ Եվ այս ամենի համատեքստում կարմիր գծով անցնում է այն ճշմարտությունը, թե բոլորը մեղավոր են, բացի վարչապետ Փաշինյանից։ Չէ՞ որ հենց իր թեթև ձեռքով է հորինվել այն հայտնի միֆը, որի համաձայն Փաշինյանն իսկապես լավն է, ազնիվ նպատակներ ունի, բայց թիմը վատն է։ 

Կարելի է պնդել, որ ոստիկանապետի հրաժարականի պահանջն էլ բխում է հենց այդ միֆից, չէ՞ որ վարչապետը ֆունդամենտալ բարեփոխումներ է իրականացրել իրավապահ կառույցներում, իսկ ապաշնորհ համակարգը դիմադրել ու շարունակում է դիմադրել հեղափոխությանը։