Ի՞նչն է ստիպել ցուցարարներին հանդարտվել և չմիջամտել ապամոնտաժման աշխատանքներին

Ի՞նչն է ստիպել ցուցարարներին հանդարտվել և չմիջամտել ապամոնտաժման աշխատանքներին

Այսօր քաղաքապետարանը ողջ ծավալով ապամոնտաժում է Օպերայի հարակից սրճարանները, սակայն այսօր սրճարանի աշխատակիցները որևէ դիմադրություն չցուցաբերեցին, մինչդեռ երեկ կենաց-մահու պայքար էին տալիս ոստիկանների ու քաղաքապետարանի աշխատակիցների դեմ, նույնիսկ պատգամավորներին քաշքշում։ Ամենաակտիվ ցուցարարներից մեկին՝ Սասուն Իսկանդարյանին, ում խոսքով՝ ինքը ցույցերի համակարգողներից է, հարցրինք, թե այսօր ինչու չեն միջամտում քանդման աշխատանքներին, գուցե ինչ-որ բանակցություններ ու պայմանավորվածություննե՞ր են եղել քաղաքային իշխանությունների հետ։

«Մենք կենաց-մահու պայքար ամեն օր ենք տանում, երբ դա վերաբերում է մեր հացուջրին ընդամենը։ Հիմա քանդում են, բայց երեկ չէի՞ն քանդում։ Երբ որ մարդուն նման վիճակի մեջ են գցում, ի՞նչ պետք է արձագանքի։ Այդքանից հետո որ մենք պայքարել ենք, ես պարոն Մնացականյանին կանգնեցի ու ասացի, որ իրեն շատ հարգում ու սիրում ենք, ինքն իր գործն է անում, մենք՝ մերը։ Մենք մեր արած-դրածի համար պետք ա կանգնենք, ինչ որ արել, ստեղծել ենք, ես դրա համար կանգնել եմ, բայց ես չեմ էլ իր գործն անարգում։ Եթե ինքը մեր ղեկավարն ա  ու գտնում ա, որ էդպես պետք ա լինի, թող անի իր գործը։ Ես Վիկտորի հետ ամեն օր էլ քննարկումների մեջ լինում եմ՝ տարբեր գործերի հետ կապված, բայց կոնկրետ քաղաքապետարանի աշխատակիցների հետ՝ ոչ»։

Հարցրինք, թե ինչու որոշեցին այսօր չխոչընդոտել և թույլ տալ, որ իրենց սրճարանները քանդեն։

«Երեկ «Ջազզվեի» սեփականատերը հրապարակում արեց, ես իր հետ համամիտ եմ, եթե ինքը գտնում է, ես էլ եմ գտնում, որ դա այդպես է։ Ավելի լավ է, թող քաղաքային իշխանությունն իր գործն անի, թող օրենքի դաշտում ամեն ինչ գնահատվի»,- ասաց Իսկանդարյանը։

Հիշեցնենք, որ «Ջազզվե» սրճարանի սեփականատեր Արմեն Պետրոսյանը հայտարարություն էր արել՝ մասնավորապես նշելով․

«Սիրելի երևանցիներ, այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Օպերայի տարածքում, ցավալի իրողություն է, որը շտկելու ու իրադարձություններն իրենց ճիշտ հուն վերադարձնելու պատասխանատվությունը յուրաքանչյուրինս է։

Իրենց աշխատանքային առօրյա օրակարգը ոչ իրենց կամքով ցուցարարի ճակատագրի հետ փոխած մարդիկ այսօր քաշքշվեցին, գետնին տապալվեցին, ոմանք նաև վիրավորվեցին։ Ցավոք, տուժողներ եղան նաև ոստիկանական ուժերից, ու ինքնին այս փաստը գոնե մեզ հուշում է, որ պետք է կանգ առնել անհապաղ։ Ոչ մի բիզնես շահ ու ոչ մի քաղաքականություն մարդկային կյանք չարժե, ու մենք դա հստակ գիտակցում ենք։

Կտրականապես դեմ լինելով ժողովրդի տարբեր հատվածներ իրար դեմ լարելու նոր ձևավորված ավանդույթին՝ ցանկանում ենք ընդգծել, որ մենք միշտ եղել ենք աշխատանքային խնդիրները կարգավորելու ու երկխոսության ճանապարհով հարթելու կողմնակիցը։ Ցավոք, այս անգամ մեզ հետ երկխոսել չկամեցան ու որոշեցին շփվել ուժի լեզվով։

Ինչևէ, այսօրվա քաղաքային իշխանությունները հայտարարում են, որ ստանձնել են պատասխանատվություն քաղաքի բարեկարգման համար, ու մենք մաղթում ենք իրենց սկսած գործում հաջողություն։ Ժամանակը ցույց կտա, թե որքանով էին նրանց այս քայլերն արդարացված, ու որքանով էին նրանց առաջ բերած մոտիվներն ազնիվ։

Հաշվի առնելով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը՝ կոչ ենք անում մեր բոլոր գործընկեր սրճարանների սեփականատերերին և աշխատակիցներին՝ դադարեցնել բողոքի ակցիաները և պայքարը տեղափոխել բացառապես իրավական հարթություն»։