Հասարակություն

Ընդամենը երկու փաստ նշենք

Ընդամենը երկու փաստ նշենք

️Քանզի հասարակության լայն շերտերը գտնվում են տեղեկատվական տեռորի ճնշման տակ, ուստի եկեք հանգիստ, առանց հույզերի և ավելորդ հեկեկոցների պարզապես հիշեցնենք մարդկանց իրականությունը: Քանի որ իշխանության կողմից հասարակությանը տեղեկատվական հնարքներով անասնացնելու գործընթացը ենթադրում է նաև մարդկանց հիշողությունը «լղոզել», հետևաբար վերհիշենք և համեմատենք փաստերը:

Հենց փաստերը, այլ ոչ թե այն աղբը, որով խցանված է միջին վիճակագրական հայի/հայուհու ուղեղը։

Փաստ -1

ԱՄՆ-ն և Եվրոպան առաջնային խնդիր են հռչակել տարածաշրջանից Ռուսաստանին և Իրանին դուրս մղելը։ 
Թուրքիան և Ադրբեջանը դեռևս քսաներորդ դարի իննսունականների սկզբին պարբերաբար բարձրացնում էին Հայաստանում ռուս զինվորականների և սահմանապահների` Հայաստանում գտնվելու նպատակահարմարության հարցը։ 

Որովհետև հենց ռուսական ռազմական բաղադրիչի ներկայությունն էր, որ թուրք-ադրբեջանական տանդեմին հնարավորություն չտվեց սպառնալ Հայաստանին։ 
Հայաստանը, ի դեմս պետության առաջին դեմքերի, այսօր վարում է հակառուսական և հակաիրանական տրամադրությունները փուլ առ փուլ սրելու քաղաքականություն (ընդգծենք, որ Իրանի դեպքում դա արվում է իր պրոքսի ռեսուրսների ձեռքով)։ 

Արդեն գաղտնիք չէ, որ հայաստանյան ներկայիս իշխանությունները նպատակաուղղված քաղաքականություն են վարում Հայաստանից ռուսական գործոնը դուրս մղելու համար պայմաններ ձևավորելու ուղղությամբ։ 
Ռուս սահմանապահները հեռացել են «Զվարթնոց» օդանավակայանից:

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ամենախնդրահարույց հատվածներում և թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության սահմանի հետ Հայաստանի սահմանների հատման կետում ընթանում է ռուս զինվորականների կրճատում։ Այսինքն, տարածաշրջանում «մեծ խաղի» շրջանակներում Հայաստանի իշխանությունները գեներացնելով հակաեվրասիական օրակարգ, մի կողմից «հրում են» ռուսներին թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ավելի սերտ հարաբերություններ ձևավորելու, մյուս կողմից միտումնավոր փլուզում են անվտանգային ստատուս-քվոն, որը թույլ էր տալիս Հայաստանին արդյունավետ մանեվրել և պահպանել իր շուրջ անվտանգային ճարտարապետությունը։

Փաստ-2

Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջում են վերանայել Հայաստանի Սահմանադրության հիմնական դրույթները` քաղաքական և իրավական դաշտում առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, ուղղված Հայաստանի Հանրապետության` որպես տարածաշրջանում էթնո-քաղաքական միավորի կազմաքանդմանը:

Թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջի վերջնական նպատակը Հայաստանի կլանումն է՝ հետագայում Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջանի» ձևավորմամբ։ Սա թուրք-ադրբեջանական տանդեմի ՊԵՏԱԿԱՆ տեսլականն է։ Սա շատ կարևոր հիշեցում է։

Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս պետության առաջին դեմքերի, մասնավորապես՝ անմիջապես ՀՀ վարչապետի, սկսում են Հայաստանի տեղեկատվական դաշտում թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին համապատասխան Հայաստանի Սահմանադրության փոփոխության նախադրյալներ ձևավորելու գործընթացը։ 
Այսինքն՝ հայկական իշխանությունը կեղծիք, մանիպուլյացիա, սուտ ու պատերազմով շանտաժն օգտագործելով` փորձում է համոզել Հայաստանի բնակչությանը, որ համաձայնի ոչնչացնել երկրի գլխավոր իրավական փաստաթուղթը, որը միջազգային իրավական դաշտում երաշխավորում է Հայաստանի՝ որպես անկախ և ինքնիշխան պետության գոյությունը:

Արման Աբովյան
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image