Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումներ չեն լինի․ ՏԿԵ նախարարությունը՝ 2021-ին ՀԱԷԿ-ի կանգառի մասին

Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումներ չեն լինի․ ՏԿԵ նախարարությունը՝ 2021-ին ՀԱԷԿ-ի կանգառի մասին

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ 2021 թվականին Հայաստանի ատոմային էլեկտրակայանը մոտ 5 ամսով չի գործելու։

Սրա հետ կապված «Հրապարակը» հարցեր էր ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ 

 -Նախատեսված է, որ 2021 թվականին ատոմակայանը մոտ 5 ամսով կանգնելու է։ Ի՞նչ պատճառով է կանգնում աշխատանքը:

-2021 թ․ՀԱԷԿ-ի 141 օրով կանգառը պայմանավորված է այն աշխատանքներով, որոնք պետք է իրականացվեն կայանի գործունեությունը մինչև 2027 թվականը երկարաձգելու նպատակով։ Այդ աշխատանքներին զուգահեռ կապահովվի Հայաստանի էներգետիկ համակարգի անխափան և կայուն գործունեությունը։ 

- Եթե մեր ռեսուրսները դիտարկենք, արդյո՞ք կարող է լիովին ապահովվել Հայաստանն էլեկտրաէներգիայով։ Հայաստանի ՋԷԿ-երն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ։

-ՀԱԷԿ-ի կանգառի ընթացքում էլեկտրաէներգիայի անհրաժեշտ անհրաժեշտ արտադրությունը կապահովեն ջերմակայանները։ Սպառողներին էլեկտրաէներգիայի մատակարարումը կիրականացվի անխափան։   

-Մենք Արցախին քանի՞ տոկոսով ենք էլեկտրաէներգիա ապահովում, արդյո՞ք խնդիրներ կլինեն այս դեպքում, այս մասով ի՞նչ կասեք։

-ՀՀ-ից Արցախ էլեկտրաէներգիա չի մատակարարվում։ Վերջինիս էներգահամակարգը ինքնաբավ է։

-Ատոմակայանի` փաստացի չգործելու պարագայում, հնարավո՞ր է, որ հովհարային անջատումներ լինեն։

-Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումներ, պայմանավորված ՀԱԷԿ-ի կանգառով, չեն լինի։

-Ի՞նչ բարդություններ կարող են լինել, ՀԷՑ-ն այս մասով ի՞նչ խնդիրներ կարող է ունենալ։

-ՀԷՑ ՓԲԸ-ի կողմից սպառողների հուսալի և անխափան էլեկտրամատակարարման հարցում բարդություններ և խնդիրներ չկան։

Ավելի վաղ «Հրապարակը» նաև հարցմամբ դիմել էր «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ։ ՀԱԷԿ-ը պատասխանել է, որ ««ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարությանը ս/թ նոյեմբերի 4-ին ուղղված գրության հետ կապված հայտնում ենք, որ բարձրացված հարցերը ընկերության գործառույթների շրջանակից դուրս են»: 

Նշենք, որ մեր հարցին, թե ատոմակայանի կանգնեցման դեպքում ի՞նչ բարդություններ կարող են լինել, ՀԷՑ-ն այս մասով ի՞նչ խնդիրներ կարող է ունենալ, ՀԷՑ-ից պատասխանել էին․ «Ատոմակայանի երկարատև կանգառը ՀԷՑ-ի վրա ուղղակիորեն չի անդրադառնա, դրա հետևանքները պետք է վերլուծել ընդհանուր համակարգի տեսանկյունից»: