Ալիեւը ողորմելի է դարձել

Ալիեւը ողորմելի է դարձել

ՌԴ Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու տարածքում դատախազության պահանջով ապամոնտաժվել է Նժդեհի հուշատախտակը: Թե ինչու՞ է Հայ առաքելական եկեղեցին այդքան պատրաստակամ ընդառաջել  իրավապահ մարմնի հրահանգին՝ այլ հարց է: Ավելի ուշագրավն ադրբեջանական կողմի արձագանքն է, մամուլը դա ոչ ավել, ոչ պակաս՝ անվանել է նախագահ Իլհամ Ալիեւի լրջագույն դիվանագիտական հաղթանակ՝ Ռուսաստանի ուղղությամբ:

Եթե մի հուշատախտակի ապամոնտաժումն է Ադրբեջանի նախագահի դիվանագիտական հաղթանակը, ապա նրան պետք է միայն խղճալ: Նշանակում է, որ նա այլ հարցերում հպարտանալու ոչինչ պարզապես չունի եւ դարձել է ողորմելի, որին ռուսական կողմը կարող է բավարարել նման աննշան եւ ըստ էության խորհրդանշական քայլով: Այսօր Բաքու է այցելում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Չպետք է կասկածել՝ Ալիեւը նրան հատուկ շնորհակալություն կհայտնի Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում Նժդեհի հուշատախտակն ապամոնտաժելու համար: Եւ պարզ կդառնա, որ Արմավիրի քաղաքային դատախոզությունը չէր գնա նման քայլի, եթե ավելի բարձր մակարդակներից նման հրահանգ չիջեցվեր: Բայց գործնականում ի՞նչ է դա տալիս ադրբեջանական կողմին:  Իհարկե՝ ոչինչ, բայց այն, որ Ալիեւն առիթ է ստանում սեփական հանրությանը ներկայանալ որպես ՌԴ նախագահի մտերիմ ընկեր: Իսկ հետո՞: Պուտինի իշխանությունը հավերժական չէ, վաղը Ռուսաստանում կարող են անսպասելի զարգացումներ լինել: Իսկ ահա Լեռնային Ղարաբաղի խնդիրն առարկայական է: Ավելի ճիշտ՝ Արցախի փաստացի անկախությունը, որն արդեն դարձել է անանց գոյություն: Պատմության հետ մենամարտի բռնվելու եւ մեռյալների նկատմամբ հաղթանակ տոնելու փոխարեն Իլհամ Ալիեւը պետք է գործնական քայլ անի՝ ապագային ընդառաջ եւ իր ժողովրդին տանի դեպի իրականության հետ առերեսում:  Միեւնույն է, ինչ-որ ժամանակ դա անելու է ուրիշ  մեկը: Նախընտրելի չէ՞ դուրս գալ ողորմելիությունից եւ պատմության մեջ մնալ որպես խաղաղություն եւ համերաշխություն հաստատած գործիչ: