Այսօր Հայաստանը որոշում է երկրագնդի բախտը

Այսօր Հայաստանը որոշում է երկրագնդի բախտը

Հարցազրույց կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեւոն Չաուշյանի հետ

- Պարոն Չաուշյան, սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան լայնածավալ մարտեր սկսվեցին արցախա-ադրբեջանական սահմանում։ Ակնհայտ է, որ, ի տարբերություն 2016-ի ապրիլյան պատերազմի, այս անգամ Արցախի դեմ, Ադրբեջանից բացի, կռվում է նաեւ Թուրքիան։ Ի՞նչ հանգուցալուծում կարող է լինել այս պարագայում։    

- 2016-ին մեր այն ժամանակվա ղեկավարը հայտարարեց, որ մենք կռվում էինք 80-ական թվականների զենքով՝ չհասկանալով, թե ում վրա է մուննաթ գալիս, երբ այդ զենքն ինքն էր բերել։ Այսօր եւ վերջին տարիներին մեր բանակի վիճակը բավականին բարելավվեց, եւ ստեղծվեց կազմակերպված, պրոֆեսիոնալ բանակ։ Ինչ վերաբերում է այսօրվա իրավիճակին, ապա իսկապես շատ բարդ իրավիճակ է․ եթե այն ժամանակ մենք կռվում էինք զուտ ադրբեջանական ջոկատների դեմ, հիմա ողջ աշխարհը տեսավ, որ մենք կռվում ենք ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Թուրքիայի եւ նրա վարձկանների դեմ, որոնք կռվում են հանուն փողի։ Բնականաբար, վարձկանը երբեք հերոսության չի գնա, եթե գնաց, փողը չի ստանա՝ կզոհվի, իսկ մեր զինվորները կռվում են հանուն կյանքի։ Պարզ է մի բան, որ Էրդողանն ուզում է շարունակել իր պապերի, հայրերի գործը, դա արդեն որեւէ կասկած չի առաջացնում։ Կարծում եմ, որ պատերազմը կշահենք, թեպետ հասկանալի է, որ ինչքան այն երկարում է, այնքան ավելի բարդացնում է Հայաստանի վիճակը, մենք կտրված ենք, զենք-զինամթերք բերելը բավականին բարդ խնդիր է, այն դեպքում, որ եղբայրական Վրաստանը հաճույքով թույլատրում է զենքի տեղափոխման հնարավորություն։ Զոհերը շատ են եւ կլինեն, բայց չի կարող պատերազմ լինել առանց զոհերի։ Այս անգամ հարցը պետք է ընդմիշտ լուծվի, որովհետեւ չենք կարող նստել եւ սպասել եւս 5 տարի այսպիսի մի հարձակման։ Մենք երաշխիքներ պետք է ունենանք, որ այլեւս չպետք է լինի պատերազմ։

- Իսկ ի՞նչ կարող ենք սպասել միջազգային հանրությունից։

- Այսօր ամբողջ աշխարհը լուռումունջ է, եղան մի քանի ելույթներ Մակրոնի կողմից, որոնք, սակայն, որոշիչ չեն, քանի որ գործնականում չկան պահանջներ դրված թուրքական կողմի առաջ։ Այսօրվա Թուրքիայի ղեկավարը շատ պարզորոշ նմանվում է Ադոլֆ Հիտլերին՝ 30-ական թվականներին։ Նրան էլ էին ներում շատ բաներ՝ մտածելով, որ ոչինչ, այնինչ այդ մարդու գոյությունն արժեցավ 60 մլն-ից ավելի կյանքեր։ Աշխարհը պետք է սթափվի՝ հասկանա, որ Էրդողան երեւույթն ահավոր մի բան է։ Ես դա չեմ ասում ողջ թուրք ժողովրդի մասին, որովհետեւ նրանց մեջ էլ կան մտավորականներ, խելոք մարդիկ, բայց այսօր այդ մարդն աշխարհը կանգնեցնում է անդունդի առաջ։ Բնականաբար՝ պարզ է, որ Արցախը չէ վերջնական նպատակը, նույնիսկ Հայաստանն էլ չէ, նրա վերջնական նպատակը Ռուսաստանն է, Եվրոպան, ու եթե այս լռությունը շարունակվի, չգիտեմ ինչ կլինի, այսօր Գերմանիայում թուրքերի թիվն ահռելի քանակի է հասել, նույնը կարելի է ասել շատ այլ երկրների մասին։ Այսօր Ռուսաստանում իսլամի ներկայացուցիչները սարսափելի կազմակերպված են եւ սպասում են հրահանգի, որ պայթեցնեն Ռուսաստանը միջից։ Այնպես որ, այսօր Հայաստանը որոշում է երկրագնդի բախտը, որովհետեւ 3-րդ համաշխարհային պատերազմն արդեն կլինի վերջինը Երկիր մոլորակի համար, դրանում ոչ մի կասկած չկա։ Մենք այլեւս կորցնելու ոչ մի բան չունենք, եւ ոչ մի բանի առջեւ չպետք է կանգնել, որովհետեւ թշնամին արդեն օգտագործել է բոլոր արգելված միջոցները։ Այնպես որ, այս բաները մեզ չպետք է կանգնեցնեն, մենք պիտի կարողանանք մտնել Ադրբեջանի խորքը, այդ ժամանակ նոր կսկսվեն խաղաղության ճիգերը, խոսակցությունները։ Կուզեմ նաեւ, որ մեր հույսը դնենք միայն մեզ վրա։      

- Դատելով միջազգային հանրության արձագանքներից՝ կարո՞ղ ենք ասել, որ վերջինս չունի այն լծակները, որ կարողանա ազդել այս հակամարտության ու մասնավորապես Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա։

- Պետք է ասեմ, որ երբեք էլ միջազգային հանրությունը ոչ մի հարց չի լուծել։ Մենք տեսնում ենք, որ այս անգամ, ի տարբերություն մյուս դեպքերի, ինֆորմացիան հասնում է տեղ, եւ գիտեն, թե ինչ է կատարվում։ Հենց միայն այն, որ Կալիֆորնիայում հայերը ստիպեցին CNN-ին ներկայացնել մեր պատերազմը, դա էլ մեծ հաղթանակ էր, թեպետ արդյունքում ոչինչ չփոխվեց։ Այսօր Անգլիայում էլ շատ քաղաքագետներ դուրս են գալիս Թուրքիայի դեմ, բայց Անգլիայի իշխանությունը դուրս չի գալիս։ Նույնը կարելի է ասել բոլոր մյուս երկրների մասին։ Թրամփի պես անձնավորությունը, որի խոսքերով՝ ինքը ղեկավարում է ամենահզոր պետությունն աշխարհում, ոչ մի ծպտուն չի հանում։ Եվ այն կեղծ հորդորները, որ երկու կողմերը պետք է նստեն մի սեղանի շուրջ, դա զրո է, որովհետեւ կա ագրեսոր, եւ կա տուժող կողմ։ Մեր հույսը միայն մեր բազուկն է ու զենքը։ Միայն։     

- Մարտի դաշտում այս կողմից մեր զինվորների մարտական ոգին է, մյուս կողմից՝ թշնամու բազմահազարանոց տեխնիկան։ Այս պարագայում մեր ուժերն ինչքանո՞վ են համաչափ։

- Թշնամու տեխնիկան բավականին մեծ քանակությամբ վերացվեց, եւ դրանք շուտ վերականգնելն այնքան էլ հեշտ բան չէ։ Թշնամու կռվելու ոճը բավականին հախուռն է։ Ակնհայտ է, որ իրենք իրենց առջեւ դրված ստրատեգիկ ոչ մի խնդիր չկատարեցին։ Նրանք մտածում էին, որ 1-2 օրում հարցը պետք է լուծվեր։ Այսինքն՝ եթե իրենք խորանային 30-40 կմ-ով, իսկույն կկանգնեցնեին պատերազմը, եւ կդրվեր Հայաստանի զիջումների հարցը, բայց դա տեղի չունեցավ եւ չպետք է տեղի ունենա։ Ողջ հայությունը պետք է հասկանա, որ սա լինել-չլինելու վերջին կռիվն է։ Ուրիշ ճանապարհ չկա, մենք դատապարտված ենք հաղթելու։  

- Հաճախ պատերազմների ելքը որոշվում է ոչ թե մարտի դաշտում, այլ դիվանագետների, քաղաքական գործիչների սեղանի շուրջ․ այս անգամ մեզ կհաջողվի՞ հարցը լուծել մարտի դաշտում՝ աշխարհին պարտադրելով մեր հաղթանակը։   

- Ես համաձայն չեմ, որ հարցերը լուծվում են սեղանի շուրջ, դրանք լուծվում են մարտադաշտում։ Եթե Սովետական Միությունը չմտներ Բեռլին, նա չէր համարվի այդ պատերազմի հաղթողը։ Այդ տեսանկյունից մենք ամեն գնով պետք է խորանանք թշնամու թիկունքը՝ 30-40 կմ ներս առաջանալով՝ չընկրկելով ոչ մի բանի առաջ, քանի որ մեզ դրել են նման իրավիճակի մեջ։ Հայ ազգն աշխարհի ամենախաղաղասեր ազգն է, կառուցող, խելոք, գուցե՝ նաեւ խորամանկ, հայն առեւտրական է, բժիշկ, ինժեներ, ամեն ինչ։ Այսօր հային դրել են մի իրավիճակի առաջ, որ պետք է դառնա ագրեսոր, ուրեմն պետք է դառնանք, ուրիշ ելք չկա, մենք պիտի հարձակվենք։ Իհարկե, ցավալի են մեր կորուստները, ամեն մի զինվոր կարծես մի հրեշտակ լինի։ Անձամբ ես պատրաստ եմ գնալ ճակատ, չգիտեմ ինչքանով օգտակար կլինեմ, բայց գոնե մի քանի կրակոց կանեմ հաստատ, որովհետեւ այստեղ դրված չէ հողակտորի հարց, այլ դրված է լինել-չլինելու հարց։ Ինչ վերաբերում է մեր դիվանագիտությանը, պիտի ասեմ, որ մեր դիվանագիտությունն այս անգամ իրեն ավելի լավ էր դրսեւորում, քան թե անցած պատերազմի ժամանակ, բայց օգուտ առանձնապես չեմ տեսնում դրա մեջ։   

- Այս պահին բանակցությունների մասին խոսք կարո՞ղ է լինել եւ ի՞նչ ձեւաչափով։

- Նախ, ես չեմ լսել, որ կա բանակցությունների պատրաստակամություն։ Երեկ թուրքական կողմը (թուրքական եմ ասում, որովհետեւ Ալիեւն այլեւս ոչ մի դերակատարում չունի)՝ Չավուշօղլուն պնդեց, որ այս պատերազմը պետք է շարունակվի մինչեւ հաղթական վերջը։ Մենք նույնպես բանակցելու ոչ մի բան չունենք, ինչի՞ մասին պետք է բանակցենք։ Նույնիսկ իրենց ինտելիգենցիայի մի մասն այսօր շարունակում է պնդել, որ սա իրենց հողն է եղել, բայց չէ որ կա պատմություն, փաստեր, որի առաջ ոչինչ չես կարող անել։ Այդ ժողովուրդը կհասկանա միայն ուժը, երբ հայ զինվորը մտնի իրենց տարածք, նոր կհնազանդվեն․ ոչխարներն ընդհանրապես այդպիսին են, նրանք վագր չեն։   

- Այս օրերին թիկունքում ապրողներիս անելիքը ո՞րը պետք է լինի, երբ մեր զինվորները կռվում են սահմանում։

- Առաջինը՝ պետք է մի բռունցք լինենք, վերջերս նորից տեսնում եմ կուսակցական խաղեր, որն անթույլատրելի է, մեղադրել Փաշինյանին Սորոսի հետ կապի մեջ՝ ամոթ է․․․, ամեն ինչ պետք է մոռացվի, միայն միասնականություն պետք է լինի այսօր։
Վերջին օրերին շատ երաժիշտներ նաեւ իրենց բողոքի ձայնը բարձրացրին արցախա-ադրբեջանական պատերազմի շուրջ, որը, սակայն, բարոյականից բացի, կիրառական այլ ազդեցություն չունեցավ։ Պատերազմը գնում է պատերազմի դաշտում, եւ քաղաքագետները միայն հետո են վերլուծում, թե ինչ եղավ, իսկ պատմաբաններն էլ՝ ավելի ուշ։ Այսօր մեզ պետք է հասնել հաղթանակի, ինչքան էլ դա դժվար թվա, որովհետեւ որեւէ հեռանկար՝ լեզու գտնել թշնամու հետ, հնարավոր չէ, նրանք չեն գնա ոչ մի զիջման։