Ուլտիմատումի լեզվով

Ուլտիմատումի լեզվով

Ինչքան այս իշխանությունների ռեյտինգն ընկնում է, եւ գործերը վատանում են, այնքան խորանում է հենց իր` «Քաղպայմանագիր» կոչված կուսակցության եւ նրա վարչախմբի փակուղին: Արդեն ոչ թե Նիկոլ Փաշինյանն է ուլտիմատումներով ու հաթաթաներով խոսում տարբեր խմբերի ու կուսակցությունների հետ, այլեւ իր հետ են նման լեզվով խոսում: Եվ խոսում են իր կոալիցիոն գործընկերները, իր հետ նույն գաղափարական դաշտում գտնվողները: Այդ ուլտիմատումի առաջին դրսեւորումը տեսանք Գյումրու ընտրությունների նախօրեին, երբ «Եվրադաշինքի» ճնշման ներքո ընդունվեց մի անհասկանալի օրինագիծ` Եվրամիությանն անդամագրվելու մեկնարկի մասին: Այդ օրինագծի 2-րդ ընթերցումը «Եվրադաշինքը» հաջողեցրեց այն հողի վրա, որ Գյումրիում չի աջակցի ՔՊ-ին` կոալիցիա կազմելու եւ իշխանությունը պահելու հարցում, ուստի ՔՊ-ն ստիպված եղավ 2-րդ ընթերցմամբ անցկացնել այն, որ պոտենցիալ դաշնակցից չզրկվի: Հիմա ուլտիմատումի 2-րդ արարն է` «Հանրապետություն» կուսակցությունը սպառնում է դուրս գալ կոալիցիայից, անգամ եթե դուրս չգա, ապա ամեն ինչ կանի ՔՊ-ի կյանքը բարդացնելու համար: Իսկ առջեւում դեռ էլի ընտրություններ կան, որոնց ժամանակ հանրային աջակցություն չվայելող ՔՊ-ն, անշուշտ, ունենալու է եվրոպամետների օգնության կարիքը, ուստի անխոհեմ կլինի միակ պոտենցիալ դաշնակցից զրկվելը:

Ինչպես ասում են` «ետեւը՝ սուր, առաջը` ջուր» վիճակում է հայտնվել իշխող ուժը: Թաղապետին ազատեն՝ կոնֆլիկտի են գնում միակ գործընկերոջ հետ, չազատեն` հանրային մեծ դժգոհության հետ են բախվում: Եվ քանի որ իշխանությունը պահելը գերնպատակ է, ապա նման դեպքերում, որպես կանոն, Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է մի սկզբունքով` որ որոշումն է առավել նպաստում իշխանությունը պահելուն եւ որն է առավել անվտանգը: