Դա եղել է ՌԴ-ի ցանկությունը

Դա եղել է ՌԴ-ի ցանկությունը

Երեկ ուշ երեկոյան ԵԽԽՎ քվեարկության արդյունքում ընդունվել է բանաձեւ, որը վերաբերում է պատժամիջոցների մեխանիզմին եւ ենթադրում է առանց ձայնի իրավունքի սահմանափակման ՌԴ պատվիրակության վերադարձը ԵԽԽՎ։ Բանաձեւն ընդունվել է ձայների 118 կողմ, 62 դեմ հարաբերակցությամբ։ ՌԴ պատվիրակության ամբողջական կազմով վերադարձին ՀՀ-ն մասամբ է կողմ քվեարկել։ Ադրբեջանն ու Թուրքիան կողմ են քվեարկել ամբողջ բանաձեւին, դեմ են քվեարկել Վրաստանն ու Ուկրաինան։
ՀՀ ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը պարզաբանել է, որ իր դեմ քվեարկությունը եղել է տեխնիկական խնդիր։ 

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Hraparak.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայկական պատվիրակության քվեարկությանը,  կարծիք հայտնեց, որ դա եղել է Եվրոպայի խորհրդի որոշումը, Ռուսաստանի ցանկությունը, հայկական պատվիրակությունից ովքեր մասնակցել են քվեարկությանը, կողմ են քվեարկել։ 

Հիշեցնենք, որ 2014թ․ ապրիլին Դոնբասում տեղի ունեցած դեպքերի, ինչպես նաեւ՝ Ղրիմ թերակղզու՝ ՌԴ կազմում ներառվելու պատճառով ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությունը զրկվել էր քվեարկելու, դիտորդական առաքելություններին մասնակցելու, ինչպես նաեւ կառույցի ղեկավար մարմինների կազմում ներառվելու իրավունքից։