Միլիոնների պարտք բանկերին. դատավորը ճանաչվել է սնանկ եւ գնացել ԱՄՆ

Միլիոնների պարտք բանկերին. դատավորը ճանաչվել է սնանկ եւ գնացել ԱՄՆ

Բարձրագույն դատական խորհրդի նիստում այսօր քննվում էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր ( լիազորությունները դադարեցված են) Արայիկ Մելքումյանի լիազորությունները վերականգնելու հարցը։ Ինչպես պարզ դարձավ, նա ճանաչվել է սնանկ եւ այս պահին էլ ԱՄՆ-ում է։

ԲԴԽ դատավորի հարցին՝ արդյոք ԲԴԽ-ն կարո՞ղ է իմանալ՝ որտե՞ղ է Արայիկ Մելքումյանը, նրա ներկայացուցիչն ասաց, որ դատավորն այս պահին Հայաստանում չէ։ ԲԴԽ դատավորն էլ ասաց, որ ունեն տեղեկություն՝ դատավորը գտնվում է ԱՄՆ-ում։ 

ԲԴԽ դատավորը հայտնեց նաեւ, որ Մելքումյանը ճանաչվել է սնանկ, ներկայացուցիչն էլ ասաց, երբ դատավորի լիազորությունները դադարեցվել են, չի ունեցել ֆինանսական միջոցների այլ աղբյուրներ։

Դատավորն էլ հարցրեց, թե բանկերի նկատմամբ ունի պարտավորություն՝ 4 միլիոն դրամի չափով, 78 հազար դոլարի չափով՝ արդյոք նման դատավորը կարո՞ղ է լինել արդար ու անաչառ դատավոր։

Ներկայացուցիչն ասաց, որ Դատական օրենսգրքով նախատեսված չէ որեւէ դրույթ՝ եթե դատավորի նկատմամբ կա սնանկության վարույթ, ապա նրա լիազորությունները պիտի դադարեցվեն։

Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր: Մելքումյանը ԲԴԽ-ի որոշման սահմանադրականության հարցով դիմել էր Սահմանադրական դատարան, որն էլ ԲԴԽ որոշումը ճանաչել է հակասահմանադրական: