Հովհաննես Շահինյանի փոխարեն Արտակը Գալստյա՞նը

Դեկտեմբերին «Հրապարակը» գրել էր, որ Երեւանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը, որպես քաղաքապետի թեկնածու կառաջադրվի Երեւանի ավագանու ընտրություններին, որը կայանալու է 2023 թվականի սեպտեմբերին՝ եթե, իհարկե, արտահերթ ընտրություններ չկայանան։ Նա մեզ հետ զույցում նշել էր, թե որպես «Երեւան 2805» նախաձեռնության հիմնադիր է նման որոշում կայացրել եւ առաջադրվելու է Դոգի` Վարդան Ղուկասյանի ձեւավորած «Հանրային ձայն» կուսակցության ցուցակով:
Սակայն մենք տեղեկացանք, որ որոշ փոփոխություններ են եղել` Դոգը որոշել է առաջին համար գրել ոչ թե Հովհաննես Շահինյանին, այլ իր կուսակցության նախագահ Արտակ Գալստյանին:
Հովհաննես Շահինյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ «Հանրային ձայնն» այն բացառիկ կուսակցությունն է, որը չի ասոցացվում նախկինների ու ներկաների, ասել է թե՝ սևերի ու սպիտակների հետ, դա է պատճառը, որ ինքը հարել է դրան: Երեկ Շահինյանը մեզ հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ հնարավոր է առաջին համարը լինի ոչ թե ինքը, այլ Արտակ Գալստյանը. «Կարող է Արտակ Գալստյանն առաջին համարը զբաղեցնել, սակայն հստակ չի որոշվել, կոնֆիգուրացիաներից կերևա, թե ինչ ձևաչափով կառաջադրվեն մրցակից ուժերը: Որ համարն ինձ կուսակցությունն առաջարկի, այդ համարն էլ կընտրեմ: Առաջին համարը հնարավոր է ես լինեմ, հնարավոր է ես չլինեմ, չգիտեմ: Գիտեք, երբ թիմում նման հարցեր են առաջանում, լարվածություն է առաջանում, արդյունքում ստեղծվում է անառողջ մթնոլորտ», -նշեց Շահինյանը:
Մեր այն հարցին, թե ասում են այս որոշման պատճառը ֆինանսական ծախսերը կիսելու հարցն է, ո՞վ է հոգալու ֆինանսական հարցերը, գուցե իրեն առաջարկվե՞լ է այդ բեռն իր ուսերին վերցնել, ինքը հրաժարվել է և դա է պատճառը, որ առաջին համարը չի լինելու, Հովհաննես Շահինյանն ասաց.
«Ոչինչ վերջնական տեսք չի ստացել, ես հաստատ կառաջադրվեմ, դա օրակարգից դուրս չէ: Ինչ վերաբերում է ֆինանսներին, ապա որևէ նման քննարկում չի եղել, քանի որ ամեն ինչ դեռ քննարկման փուլում է: Գարնանն ամեն ինչ հստակ կդառնա», -նշեց նա: Այն հարցին էլ, թե Վարդան Ղուկասյանի հետ չի՞ խոսել, չի՞ քննարկել այդ հարցերը, Շահինյանն ասաց. «Ես Վարդան Ղուկասյանի հեռախոսահամարը չունեմ»:
Կարծիքներ