ՔՊ-ականները բողոքը հասցրել են դատարան․ հայտնի է առաջին նիստի օրը

ՔՊ-ականները բողոքը հասցրել են դատարան․ հայտնի է առաջին նիստի օրը

Օրեր առաջ,  քննարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ամասիա խոշորացված համայնքի ավագանիների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած դիմումը, թիվ 30 Տարածքային ընտրական հանձնաժողովը որոշեց անփոփոխ թողնել Ամասիայում ավագանու ու համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները: Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում ԿԸՀ-ն ստացել էր Ամասիա համայնքում ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին ավագանիներից, ԿԸՀ-ն էլ դիմումը ներկայացրել էր ՏԸՀ:

Տարածքային հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ տվյալ որոշման ընդունումը վեր է ՏԸՀ լիազորություններից, իսկ ՔՊ նախկին ավագանիների պահանջը՝ ժամանակավրեպ՝ ընտրություններից շուրջ մեկ ու կես ամիս անց:

«Մենք նման որոշում կայացնելու իրավունք չունենք: Կուսակցությունը օրենքով ներկայացված ժամանակահատվածում ոչ մի բողոք ընտրական հանձնաժողով չէր ներկայացրել, ընտրությունների արդյունքների վերաբերյալ՝ այսպիսով ընդունելով ընտրությունների արդյունքները: Ընդհանուր 15 մանդատ է բաշխվել, որքան և պահանջվում է ըստ օրենքի»,-նշում է Արթուր Խաչատրյանը՝ տեղեկացնելով որ բողոքարկող կողմի ԿՀԸ ներկայացված դիմումը կարող է քննվել վարչական դատարանում, իսկ մինչ այդ Ամասիա խոշորացված համայնքի ավագանին կշարունակի գործել:

Եվ այսպես, ՔՊ-ական թեկնածուները բողոքը հասցրել են վարչական դատարան, նրանք նոր ընտրություններ են պահանջում՝ ոչ մի կերպ չհաշտվելով պարտության հետ: Վաղը կկայանա առաջին նիստը : Hraparak.am-ին փոխանցեց  դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում Ամասիայի համայնքապետի ՔՊ թեկնածու Մերգել Ղարիբյանը: Վերջինս հրաժարվեց մանրամասն զրուցելուց, նշեց, թե զբաղված է․ «Այո, դիմել ենք դատարան, դատարանը վարույթ է ընդունել, վաղը առաջին նիստն է» : Իսկ ՔՊ-ականների հայցը վերաբերում է մանդատների բաշխմանը, վիճարկում են 15-ի փոխարեն 9 անդամով ավագանու կազմ ձևավորելու փաստը: 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքում Ամասիայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ «Արփի-Ամասիա» դաշինքը հավասար՝ վեցական մանդատ էին ստացել, իսկ ՀՀԿ-ն՝ 3-ը։

«Արփի-Ամասիա» դաշինքն ու ՀՀԿ-ն միավորվելու որոշում էին կայացրել՝ հայտարարելով, որ պատրաստ են Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ ղեկավարել համայնքը։ Այնուհետեւ «Արփի-Ամասիա» դաշինքը որոշել էր միանալ ՔՊ-ին, սակայն մերժում էր ստացել, քանի որ «Արփի-Ամասիա»-ն միավորվելու իր նախապայմանն էր դրել՝ ղեկավարը Ջեմմա Հարությունյանն է լինելու։

ՔՊ-ի թեկնածուներն ինքնաբացարկ ներկայացրին՝ հույս ունենալով, որ նոր ընտրություններ կանցկացվեն՝ հիմք ընդունելով այն, որ ավագանու կազմը լիարժեք ձևավորված չէ՝ չի ձևավորվել ավագանու անդամների 2/3-ը և անհրաժեշտ է ևս 2 ավագանու ներկայություն ։