Հետխորհրդային տարածքի նոր աստղը՝ Վլադիմիր Զելենսկի

Հետխորհրդային տարածքի նոր աստղը՝ Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայում դեռեւս շարունակվում է կիրակի տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների հաշվարկը, սակայն արդեն հասկանալի է, որ ընտրվել է Վլադիմիր Զելենսկին՝ նախկին հումորիստ դերասանը, ով խաղացել է «Ժողովրդի ծառան» հայտնի ուկրաինական սերիալում՝ մարմնավորելով, ճակատագրի ինչպիսի հեգնանք, հասարակ մարդու կերպար, ով դառնում է Ուկրաինայի նախագահ։ Նրա կինը՝ Ելենա Զելենսկայան նույնպես, կարելի է ասել, ամուսնուն գործընկեր է։ Աշխատում է որպես հումորիստ հեղինակ, զբաղվում բիզնեսով։ Գործող նախագահ Պետրո Պորոշենկոն, որը հավաքել էր մոտ 25 տոկոս քվե, արդեն ընդունել է, որ պարտվել է 73 տոկոսանոց աջակցություն ստացած Զելենսկուն, եւ պատրաստակամություն հայտնել, որ կաջակցի նորընտիր նախագահին։ Զելենսկուն Պորոշենկոյի օգնությունը դժվար թե անհրաժեշտ լինի։ Հատկապես որ դեռ նախընտրական շրջանում, երբ հարցրել էին, թե կսեղմի՞ արդյոք Պորոշենկոյի ձեռքը, նա կատակով ասել էր, որ եթե հավատա Պորոշենկոյին, ով ասել էր ժամանակին, որ կտրելու է բոլոր կոռուպցիոներների ձեռքերը, ապա հարց է, թե ինչպես է սեղմելու Պորոշենկոյի անդամահատված ձեռքը։ Ակնարկը չափազանց հասկանալի էր ու թափանցիկ։ Նորընտիր նախագահն իր հետ նոր շունչ է բերում ոչ միայն ուկրաինական, այլ նաեւ ողջ հետսովետական տարածքի քաղաքականություն։ 

Մոսկվայից հնչեցված արձագանքները թեեւ միանշանակ չեն, հատկապես նրանք, որոնք վերլուծական փորձագիտական շրջանակների կողմից են գալիս, սակայն պաշտոնական գետնի վրա ամեն ինչ կարծես թե լավ է։ Ռուսական ԱԳ նախարարությունը հայտարարել է, թե ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ ժողովուրդը փոփոխություններն է ընտրել, եւ հույս է հայտնել, թե կկարողանան նոր իշխանություններն իրականացնել բոլոր սպասումները, որոնք ունեն Ուկրաինայի քաղաքացիները։ Դրական տոնայնության մեջ է նաեւ Դմիտրի Մեդվեդեւի արձագանքը։ Ռուսաստանի վարչապետն էլ հույս է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները շտկելու հնարավորություն դեռ ունի, եւ մաղթել է ողջամտություն նոր իշխանություններին՝ հորդորելով չմոռանալ, որ, անկախ քաղաքական կոնյունկտուրայից, երկու ժողովուրդների միջեւ կա խորը դարավոր եղբայրություն։ 

Հայաստանի վարչապետ Փաշինյանն ուկրաիներենով է շնորհավորել նորընտիր նախագահ Զելենսկուն։ Վստահաբար, դեռ կշարունակվեն շնորհավորանքները, հատկապես, որ արդեն խոսում են այն մասին, թե որ երկիր է առաջինն այցելելու Զելենսկին։ Ինքն անձամբ ակնարկելով փոփոխությունների մասին՝ ասել է, որ թող նայեն Ուկրաինային եւ հավատան, որ փոփոխությունները հնարավոր են։

Այսուհանդերձ, վերջին տարիներին հետսովետական տարածքում տեղի են ունենում խորը քաղաքական փոփոխություններ։ Կարելի է ասել, հետսովետական պահպանողական ավանդական էլիտաները փորձում են հարմարվել 21-րդ դարին։ Իսկ 21-րդ դարը տեսարանների, թատրոնի ու պոպուլիզմի դար է, որը կամաց-կամաց գալիս է դեպի քաղաքականություն՝ հաղթական քայլերթով։ Եվրոպայից մինչեւ Կիեւ, Թբիլիսի եւ Երեւան նոր քաղաքականությունն է սկսում արմատակալել, որտեղ կարեւորը ոչ թե գործն է, այլ գործից առավել ականջահաճո խոսքը` համեմված հուզականությամբ, արտիստիկ ժեստիկուլյացիայով ու հանրային խոսքի այլ ատրիբուտներով։ 
Նման խոսքով Մատտեո Սալվինին հաղթեց Իտալիայում, Վիկտոր Օրբանը մնում է իշխանության Հունգարիայում, նման խոսքով էին ժամանակին հանդես գալիս կիեւյան Մայդանն ու երեւանյան թավշյա հեղափոխության հարթակը։ Խոսքի ու ժեստերի մեծ մասնագետ էր նաեւ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը։

Խնդիրը չափազանց խորքային է։ Մարդիկ հավատում են ականջահաճո խոսքին, որովհետեւ հոգնել են իրականությունից, միօրինակությունից, փոփոխությունների բացակայությունից, առօրյա հոգսերի ծանրությունից եւ ուզում են լսել նոր խոսք, տեսնել նոր դեմքեր, նոր գաղափարներ, նոր մոտեցումներ։ Թե որքանով կհաջողի Զելենսկին, դժվար է ասել, ի վերջո՝ նրան ժառանգություն է հասել գրեթե կործանված տնտեսություն, պատերազմից արյունաքամվող երկիր, որը համարյա մասնատվում է, բազմաթիվ խնդիրներ։ Հասկանալի է, որ մեկ օրում դրանք լուծելը հնարավոր չէ։ Գուցե մեկ նախագահական ժամկետն էլ բավարար չլինի դրանք լուծելու համար, սակայն Ուկրաինայի պատմության մեջ ամենամեծ աջակցությունն ունեցող նախագահի համար հենց այդ աջակցությունն արդեն պարտավորեցնող է, եւ մի տեսակ նա դառնում է այդ աջակցության գերին, թեեւ շատ վերլուծաբաններ էլ ասում են, որ Զելենսկին նախագահ է, ով ոչ մեկին ոչինչ պարտական չէ, անկախ խոսակցություններից, թե օլիգարխ Կոլոմոյսկու կադրն է համարվում։ Ուրախալի է, որ փոփոխությունն Ուկրաինայում անարյուն եղավ, մի բան, որ շատ կարեւոր էր՝ հաշվի առնելով նախորդ արյունալի նախադեպերը։