Կրակոցներ ՀՀ պետականության վրա․ լրջանալու պահը

Կրակոցներ ՀՀ պետականության վրա․ լրջանալու պահը

Մի քանի օր է՝ հասարակությունը ցնցված է ԱԱԾ նախկին տնօրենի ողբերգական մահից: Հասարակությունը դարձյալ բաժանվել է սեւերի, սպիտակների, անգույնների. մի մասը ցավում է կատարվածի համար, մտահոգվում, մյուս մասը՝ հրճվում, հերթագրում նախկին պաշտոնյաներին: Բոլորը դարձել են քրեագետներ, վերլուծաբաններ, փորձում են հասկանալ այս սպանության կամ ինքնասպանության առեղծվածը, մեկնաբանել Քննչական կոմիտեի տարօրինակ հայտարարությունները:

Ով ում չէր սիրում, սպանության մեղքը փորձում է բարդել նրա վրա. ենթադրյալ հանցագործներ դարձան ՀՀ գրեթե բոլոր նախկին ու ներկա առանցքային դեմքերը, շատերը սլաքն ուղղում են Սերժ Սարգսյանի կողմը՝ հիմնավորելով, որ Կուտոյանը նրա օրոք է եղել ԱԱԾ տնօրեն եւ տեղեկացված է եղել ապրիլյան քառօրյայի, ՊՊԾ գնդի, անգամ 2018-ի դեպքերից, չնայած այն ժամանակ չի աշխատել, եւ Սարգսյանին պետք էր ազատվել ինֆորմացիա կրողից: Ոմանք Ռոբերտ Քոչարյանի կողմն են ուղղում սլաքները, ոմանք՝ Փաշինյանի իշխանության, Արթուր Վանեցյանի, «Սասնա ծռերի»: Մի խոսքով, համացանցում քաղաքական վենդետա է: Խոսում են գրեթե բոլորը, անգամ շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Նույնիսկ այսպիսի վերնագիր հայտնվեց. «Սոնա Շահգելդյանը խոսեց. ով է տվել Կուտոյանի ինքնասպան լինելու հրամանը»: Թե ինչ կապ ունի Սոնա Շահգելդյանը, միայն հեղինակին է հասու: 

Գրեթե բոլորն իրենց վերաբերմունքը՝ դրական կամ բացասական, արտահայտեցին կատարվածի մասին, հնչեցին ցավակցական խոսքեր: Մինչդեռ հասարակությունը սպասում էր, թե ինչ կասի կատարվածի շուրջ երկրի առաջին դեմքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գեորգի Կուտոյանը եղել է ՀՀ կարեւորագույն, առանցքային պաշտոնյաներից մեկը: Ի վերջո, Փաշինյանը շնորհակալությամբ հրաժեշտ տվեց Կուտոյանին՝ ազատելով պաշտոնից եւ Վանեցյանին նշանակելով: Եվ սա արդեն չորրորդ նախկին պաշտոնյայի առեղծվածային մահն է Փաշինյանի իշխանության օրոք: Իսկ դա իր մեջ շատ վտանգներ է պարունակում: Կարելի է ենթադրել, որ վտանգված է ոչ միայն նախկին, այլեւ ներկա պետական առանցքային պաշտոնյաների կյանքը: 

Երրորդ օրն է, սակայն, Փաշինյանից ո՛չ «լայվ» կա, ո՛չ էլ դեպքի հետ կապված որեւէ անձնական հայտարարություն: Սկզբում տպավորություն էր, թե նա խիստ խառն է այդ գործով, իրավապահների, մասնագետների, Կուտոյանի մտերիմների հետ փորձում է հասկանալ ողբերգության պատճառը, դրա համար էլ ժամանակ չունի անձամբ արձագանքելու դրան: Մինչդեռ պարզվեց, որ նա ագրոբիզնեսի զարգացմանն ուղղված ինչ-որ «դեկորատիվ» միջոցառման է մասնակցում: Վարչապետը բավականին օպերատիվ է արձագանքում գրեթե ամեն ինչի՝ հատկապես, եթե դա իրեն, իր թիմին ու ընտանիքին է վերաբերում: Հիշեցնենք, թե նա ինչպիսի օպերատիվությամբ «լայվ» մտավ ու արձագանքեց խաշ ուտելու վերաբերյալ լուրին, դստեր համար մեքենա գնելու հասարակության վրդովմունքին, գրառում է կատարում, թե «խադավիկներն» իրենց մեքենաների ջարդոնները որտեղ եւ ինչ գնով կարող են հանձնել, «լայվ» է մտնում եւ ցույց տալիս, թե ինչպես է քյալլա ուտում, ընտանիքի հետ համերգ լսում, խոտերի մեջ գինովցած պառկում, հանգստանում: Այդ ամենի համար նա ժամանակ ունի: Բայց երբ սպանվել կամ «ինքնասպանվել» է երկրի կարեւորագույն դեմքերից մեկը, վարչապետն անձամբ արձագանքելու ժամանակ չունի: Միայն հասարակության սպասումներին ի պատասխան, կառավարության լրատվական կայքը մի ցավակցական հայտարարություն տարածեց: Իսկ այն ընթերցելիս այնպիսի տպավորություն է, թե վերաբերում է հարեւան երկրի ոչ կարեւոր մի պաշտոնյայի: 

Ինչու է վարչապետն այսպես մատների արանքով նայում այս իրադարձությանը: Նման սպանություններ եղել են թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, որոնք այդպես էլ մնացել են չբացահայտված, եւ դրանց բացահայտումն այսօր առավել քան դժվար է: Այս սպանությունը, սակայն, տեղի է ունեցել Փաշինյանի իշխանության օրոք, սա կրակոց էր իր ղեկավարած երկրի, իր իշխանության անվտանգությանը, սա սթափեցնող կրակոց էր, եւ Փաշինյանը պարտավոր է լրջանալ ու հետեւողական լինել այս գործի բացահայտմանը, ինչը կարող է տալ շատ հարցերի պատասխաններ:

Եկել է Նիկոլ Փաշինյանի լրջանալու ժամանակը, նա պարտավոր է դուրս գալ բլոգերի ու շոումենի կերպարից եւ զբաղվել երկրի անվտանգության ու մյուս կարեւորագույն խնդիրներով: Այլապես այս կրակոցը կարող է լինել ոչ վերջինը…