Եթե իշխանություններն իրենց սլաքներն ուղղում են մամուլին, նշանակում է՝ մամուլը խփում է ճիշտ թիրախներին
Մեր հարցազրույցը իրավապաշտպան, սովետական տարիների քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանի հետ
Պարոն Հարությունյան, տպավորություն է, որ նախկին իշխանության՝ «մի գրեք, որ թուրքը չուրախանա»-ն հեղափոխությունից հետո փոխարինվել էր նախ՝ «թողեք աշխատենք»-ով, ապա՝ «մի սևացրեք»-ով։ Լրատվամիջոցի համա՞ր, Ձեր կարծիքով, կա՞ ինչ-որ սահման, որը պետք է պահպանվի։
- Առաջնորդվել այն տեսակետով, որ որևէ մեկը չուրախանա, ես այդքան էլ համաձայն չեմ, լինի թուրքը կամ որևէ մեկը, կարելի է բոլորին էլ ուրախացնել։ Ինչ վերաբերում է սահմանին, կարծում եմ՝ սահմաններ, իհարկե, գոյություն ունեն, բայց դրանք պետք է լինեն տրամաբանության մեջ տեղավորվող սահմաններ։ Լրագրությունը, ի տարբերություն շատ շատերի, այն բնագավառներից է, որը քիչ թե շատ կայացած է։ Մենք մինչև հիմա շարունակում ենք ասել՝ պետությունն անցումային շրջանում է, բայց մամուլը կայացած մարմին է, որն աշխատում է իր բոլոր թերություններով հանդերձ։ Եվ եթե իշխանություններն իրենց սլաքներն ուղղում են մամուլին, նշանակում է՝ մամուլը խփում է ճիշտ թիրախներին։ Այլ է, որ իշխանությունները հենց դրա համար էլ իշխանություն են, որ պետք է լինեն ավելի հանդուրժող և հասկանան, որ մամուլը, նաև՝ սոցիալական կայքերը, հայելի են, և իրենք մեկ-մեկ իրենց են տեսնում այդ հայելում։ Եւ պետք է պատրաստ լինեն՝ տեսնելու իրենց իրական պատկերը, եթե անգամ այն իրենց դուր չի գալիս։
-Որոշ լրատվամիջոցների դեմ պարբերաբար արշավներ են կազմակերպում՝ «սև-սպիտակի» բաժանում, «դիսլայք» անելու կոչեր անում, ապա դադարեցնում։
-Շեշտը դնենք «դադարեցնել» բառի վրա, որովհետև, եթե դադարեցրել են, նշանակում է՝ հասկացել են, որ դա չի կարելի անել։ Տեղյակ եմ այդ կոչից, բայց քանի որ այն մնացել է օդում կախված, համարենք, որ դա տեղի չի ունեցել։
-Գործելաոճը․ կան ինչ-ինչ հեղափոխականներ, նաև՝ պաշտոնյաներ, որոնք սոցցանցերում մամուլի դեմ արշավ են հրահրում, քարկոծում։ Դուք ուղղորդված դրսևորումներ տեսնո՞ւմ եք։
- Ուղղորդված հարձակումները ցանկալի երևույթներ չեն։ Եթե որևէ մեկը որևէ հրապարակման մասին ասելիք ունի, կարող է հանգիստ իր կարծիքը հրապարակել հենց նույն կամ մեկ այլ մամուլով, բայց կազմակերպել արշավ․․․
-Իրենք ասում են՝ մեր կարծիքն ենք ներկայացնում, արշավ չենք կազմակերպում։
-Դա երևում է ու շատ արագ։ Ինչ վերաբերում է Ձեր ասածին, որ հեղափոխականները․․․ արդեն անցել է հեղափոխությունը և արդեն ժամանակն է այդ ՝ հեղափոխական պատկերացումներից, անգամ տերմինից հրաժարվենք, որովհետև շուտով կլրանա հեղափոխության 1 տարին։ Եվ իրենք արդեն հեղափոխականներ չեն, իրենք արդեն իշխանություն են։ Իսկ իշխանությունը հենց նրա համար է, որ քննադատվի։ Որևէ նորմալ, ազատամիտ մարդ որևէ հասարակությունում չի կարող ապրել և չքննադատել իշխանություններին։ Կրկնում եմ՝ իշխանությունը հենց քննադատելու համար է։ Քանի դեռ իշխանություն է։
-ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը այլընտրանքային մի նախաձեռությամբ հանդես եկավ՝ իր էջին դնելով ՔՊ-ական մի երիտասարդի կազմած «բարի լուրերի» ցուցակը։ Հիշում ենք ՝ժամանակին, երբ հաճախականությունից զրկվեց «Ա1+»-ը, հաղթեց մի ընկերություն, որը խոստանում էր հաղորդել միմիայն բարի լուրեր։ Ինչպե՞ս եք դիտում իշխանական այս այլընտրանքը։
-Լրատվության մեջ լինում են և՛ բարի, և՛ չար ու վատ լուրեր, և լրատվության գլխավոր դերը պետք է լինի բոլոր լուրերը հասարակությանը մատուցելը։ Տարանջատել, բաժանել, ընտրել միայն բարի լուրերը և վատերի մասին լռելը կնշանակի, որ սա արդեն լրատվություն չէ։ Մենք նման լրատվություն ունեցել ենք խորհրդային տարիներին, երբ կար ցենզուրա, և մամուլը հաղորդում էր միայն ու միայն այն լուրերը, որոնք ընդունելի էին իշխանության կողմից։
Կարծիքներ