«Բարսան», «Զենիթը» եւ ադրբեջանական «Ղարաբաղը»

«Բարսան», «Զենիթը» եւ ադրբեջանական «Ղարաբաղը»

Գնդակախաղի ասպարեզներում սկսում է հաստատվել ամանորյա տոներին նախորդող խաղաղություն։ Կաշվե գնդակի վարպետները, չնայած նենգ քովիդի նոր շտամների տարածմանը, ըստ ավանդույթի, նախընտրելով հարավային էկզոտիկ վայրերը, վայելելու են իրենց անհոգ ու հաճելի հանգիստը։ Այս առումով առանձին հրճվանք է ապրում ներկայիս թիվ մեկ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին։ Իսպանական «Բարսելոնա» թիմից Ֆրանսիայի ՊՍԺ ակումբ տեղափոխվելուց հետո արգենտինացին վերջերս իր անհանգստությունն էր արտահայտել, որ խաղադաշտում սկսում է զգալ անսովոր ցրտի տհաճ ազդեցությունը։

Այդուհանդերձ, Փարիզում հանդես գալով՝ նա բարձրացրել է «Սեն Ժերմենի» գրոհների արդյունավետությունը` թիմը վստահորեն գլխավորում է երկրի առաջնության աղյուսակը, ավելին՝ ինքն էլ անձնական պատկառելի ռեկորդ է սահմանել, խփած գոլերի ընդհանուր թվով (758) գերազանցելով Պելեին։ Իսկ ահա, այսպես ասած` «Բարսան», զրկվելով իր երբեմնի գլխավոր հարվածային ուժից, մի տեսակ նվաղել է, իրեն ոչ բնորոշ վեհերոտություն դրսեւորելու պատճառով կորցրել է մարտունակությունը, ընդ որում՝ ոչ միայն Իսպանիայի առաջնության աղյուսակում զբաղեցնելով խիստ համեստ տեղ, այլեւ վերջին 17 տարիների ընթացքում առաջին անգամ դուրս մնալով Եվրոպայի չեմպիոնների բարձր հեղինակություն վայելող լիգայից եւ հայտնվելով ավելի ստորին` Եվրոլիգայում հանդես եկող թիմերի շարքում։

Ի դեպ, վերոհիշյալ խմբում են հանդես գալու (մեկնարկը տրվելու է եկող տարվա փետրվարին) նաեւ Ռուսաստանը ներկայացնող «Զենիթն» ու «Սպարտակը»։ Հարկ է նկատել, որ երկու թիմն էլ ուղղակի հրաշքով հայտնվեցին այդ խմբում` նրանց բախտը պարզապես բերեց վճռորոշ հանդիպումներում։ Պետերբուրգի «Զենիթը», մրցելով անգլիական «Չելսիի» հետ, երբ պարտվում էր 2-3 հաշվով, տառացիորեն վերջին վայրկյաններին` լրացուցիչ ժամանակի 97-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, շահելով երանելի մեկ միավորը։ Գրեթե նույնը տեղի ունեցավ նաեւ Մոսկվայի «Սպարտակի» հետ, որը Վարշավայում նվազագույն առավելությունը պահպանեց տեղի «Լեգիայի» հետ խաղում` շնորհիվ դարպասապահ Ա. Սելիխովի, որը կարողացավ հետ մղել գնդակը, երբ դաշտի տերերը ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք։

Ռուսական այդ երկու թիմն էլ համալրված են անսովոր մեծ թվով օտարազգի խաղացողներով, դրա համար ծախսվել է միլիոնավոր եվրո։ Մասնավորապես, Պետերբուրգի թիմը հիմա էլ մտադիր է ձեռք բերել եւս մեկ, թվով հինգերորդ բրազիլացի ֆուտբոլիստի, էլ չեմ ասում, որ «Զենիթում» են խաղում նաեւ իրանցի Ս. Ազմունը, ուկրաինացի Յա. Ռակիտսկին։ Այսքանից հետո զարմանալի չէ, որ պետերբուրգցիները համարվում են երկրի չեմպիոնի հիմնական հավակնորդներ։ Նշենք նաեւ, որ Ռուսաստանի չեմպիոնատի առաջին կեսի ավարտից հետո 5 հատուկ մրցանակ ստացան առավել աչքի ընկած ֆուտբոլիստները։ Երիտասարդ ֆուտբոլիստներից իր հմտություններով բոլորից լավ իրեն դրսեւորեց եւ մրցանակի արժանացավ երկրորդ տեղում ընթացող Մոսկվայի «Դինամոյի» 18-ամյա կիսապաշտպան, մեր հայրենակից Արսեն Զախարյանը, նա, ում ձեռք բերելով են շահագրգռված եվրոպական մի շարք անվանի ակումբներ։

Ֆուտբոլային արձակուրդները շարունակվելու են մինչեւ հունվարի կեսերը։ Դրան անմիջապես հաջորդելու է հերթական նախապատրաստական շրջանը։ Անշուշտ, գլխավոր «թիրախը» եվրոպական գավաթների մեկնարկն է, որը տրվելու է դրանից մեկ ամիս անց։ Հարկ է նկատել, որ հենց անդրանիկ խաղերի զգալի մասը մեծ հետաքրքրություն է ներկայացնելու։

Ո՞ւմ չեն գրավի ՊՍԺ-«Ռեալ» Մադրիդ, «Զալցբուրգ»-«Բավարիա», «Ինտեր»-«Լիվերպուլ» հանդիպումները, որ կայանալու են Չեմպիոնների լիգայում։ Իսկ Եվրոգավաթի շրջանակում նախատեսված մրցամարտերից կարելի է առանձնացնել «Բարսելոնա»- «Նապոլի», «Զենիթ»-«Բետիս», Եվրոկոնֆերանսների լիգայից էլ, ինչու չէ՝ «Մարսել»-«Ղարաբաղ» խաղերը։ Հատկանշական է, որ վերջին մրցամարտը ոչ միայն առանձին հետաքրքրություն, այլեւ անհանգստություն է առաջացրել մեր հարեւանների շրջանում։ Պատահական չէ, որ Իլհամ Ալիեւն օրերս հատուկ հրավիրել էր ադրբեջանական «Ղարաբաղի» ֆուտբոլիստներին՝ ջանալով նրանց ոգեւորել։ Այդ նպատակով դիկտատորը թիմին հինգ միլիոն մանաթի աջակցություն ցուցաբերելու հրամանագիր է ստորագրել։ Սա պայմանավորված է նաեւ նրանով, որ Ադրբեջանում խիստ մտահոգված են, որ իրենց թիմին մեկնարկային ծանր մրցակցություն է սպասվում Մարսելում, քաղաք, որտեղ բնակվում է 100 հազար հայ․ այս մասին գրված է Ֆեյսբուքում։ Բոլորին հետաքրքրում է, թե ինչպիսի ընդունելության են արժանանալու իրենց ֆուտբոլիստները...

Այո, Եվրոգավաթների խաղարկությունները մարզասերների շրջանում առանձին ուշադրության են արժանանալու։ Բայց օրեր առաջ կայացավ նաեւ Եվրոպայի Ազգերի լիգայի 2022-2024 թվականների առաջնության վիճակահանությունը, ստուգատես, որին մասնակցելու են աշխարհամասի 4 խմբի բաժանված 55 հավաքականներ։ Ահա թե ում հետ է նախնական հանդիպումներ ունենալու B խմբում հայտնված Հայաստանի ընտրանին` Ուկրաինա, Շոտլանդիա, Իռլանդիա։ Իսկ ամենաուժեղ կազմը ներկայացնում է չորս քառյակների բաժանված A խումբը։ Կարելի է պատկերացնել, թե եզրափակչի ուղեգրերի համար ինչպիսի անհաշտ մրցավեճ է ծավալվելու, օրինակ, քառյակներից մեկում ընդգրկված Իտալիայի, Գերմանիայի, Անգլիայի եւ Հունգարիայի հավաքականների միջեւ։

Առաջնության մեկնարկը կտրվի եկող տարվա հունիսի 4-ին՝ Շոտլանդիա-Հայաստան հանդիպումով։ Եվ վերջին ու ամենաանակնկալ նորությունը` պարզվեց, որ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի առաջնությանը մասնակցելու են նաեւ Հարավային Ամերիկայի 10 երկրների հավաքականներ։

Միսակ Նազարյան