Արփի Դավոյանն ինչո՞վ է տարբերվում Վիկտոր Դալլաքյանից

Արփի Դավոյանն ինչո՞վ է տարբերվում Վիկտոր Դալլաքյանից

Վանաձորից Երեւան եկած ընկերս խոսում է երկրում տիրող նախընտրական մթնոլորտի մասին եւ կատեգորիկ հայտարարություններ է անում։ Ասում է՝ ճիշտ է, ամբողջ ժողովուրդը միակարծիք է մի հարցում, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի կառավարումը, վատ վարչապետ է եւ պետք է գնա, բայց ո՞վ գա նրա փոխարեն։ Ասում է՝ նախկին իշխանություններին ժողովուրդը ձայն չի տալու։ Խնդրում եմ բացատրի՝ ինչու։ Ասում է՝ մենք տեսել ենք նրանց հաբրգելու պրոցեսը, ոնց են սկսել հարստանալ, լկտիանալ, անպատիժ դառնալ, նրանց շրջապատը նվաստացնում էր մարդկանց։ Բայց դա էլ չի կարեւորը՝ «նրանք արհամարհում են ժողովրդին, ժեխ ու զոմբի են ասում, վերեւից են նայում, իրենց էլիտա են համարում, մեզ՝ պլեբեյ»։ Թեեւ զրուցակիցս գրագետ մարդ է՝ ապահովված, սեփականատեր ու կարող էր ինքն իրեն էլիտային դասել, այլ ոչ թե պլեբեյներին։ Եւ որպես հաստատում իր ասածի՝ մի օրինակ է բերում։

Հիշում է․ «Վիկտոր Դալլաքյանը Լոռվա մարզից մի քանի անգամ պատգամավոր էր ընտրվել, ընդդիմադիր պատգամավոր էր, գալիս էր իշխանություններին քննադատում էր, մենք էլ սիրով ձայն էինք տալիս։ Հետո մեծամտացավ, մտածեց, որ Վանաձորցիք միշտ իրեն ձայն են տալու, եւ 2012 թվին նախ մտավ ՀՀԿ, հետո՝ համարյա քարոզարշավ չարեց, մեկ էլ իմացանք, որ ասել է՝ պիջակս էլ ուղարկեմ Վանաձոր՝ իմ տեղը, պատգամավոր կընտրվի։ Ժողովուրդը որոշեց դրա համար պատժել եւ ընտրացուցակը վերցնելով մարդիկ տեսնում էին Վիկտոր Դալլաքյան, կողքն էլ մի անհայտ անուն՝ Էդմոն Մարուքյան ու նրան ձայն էին տալիս՝ Դալլաքյանի ինադու»։

Ամեն ինչ ճիշտ է, առարկում եմ ես, վանաձորցի «վերլուծաբանին», բայց ձեր թասիբով ու հպարտ վանաձորցիները 2018 թվականին հենց տենց պիջակների ու ուսապարկերի ընտրեցին՝ առանց նայելու, թե դրանց կողքին ինչ անուններ են գրված ու չվիրավորվելով, որ այդ անհայտ ու իրենց կյանքում ոչնչով աչքի չընկած մարդկանց Նիկոլ Փաշինյանն ուզում է իշխանության բերել։ Դուք չգիտես ինչու՝ բոլորովին վատ չզգացիք, որ Նիկոլ Փաշինյանն իր տեղը մի քանի այդպիսի պիջակ է ուղարկել Լոռի՝ Արեն Մկրտչյան, Արամ Խաչատրյան, Արփի Դավոյան եւ ձեր արժանապատիվ ձայնը տվեցիք դրանց, առանց խորանալու, թե դրանք ինչ իշխանություն են դառնալու եւ ուր են տանելու երկիրը։