Բագրատաշենի անցակետում ծաղրում են «Ռապիսկանի» միջով անցնող քաղաքացուն (տեսանյութ)

Բագրատաշենի անցակետում ծաղրում են «Ռապիսկանի» միջով անցնող քաղաքացուն (տեսանյութ)

Բագրատաշենի մաքսատանը երեկ գիշերը արտառոց դեպք է գրանցվել: Սահմանը հատող քաղաքացին իր իրերի հետ միասին անցել է կամ, ավելի շուտ, անցկացրել են իրերի ստուգման համար նախատեսված «Ռապիսկան» տեսակի ռենտգեն սարքավորման միջով:  Այդ ամենը տեսահսկող մոնիտորից նկարահանել են մաքսակետի աշխատակիցներն ու տարածել իրար մեջ՝ զվարճանալով անտեղյակ քաղաքացու վրա:

Տեսանյութից երևում է, որ քաղաքացուն մաքսակետի աշխատակիցներն են ուղղորդում դեպի «Ռապիսկան» սարքը, կամ եթե նույնիսկ քաղաքացին ինքն է շփոթվում, ապա նրան որևէ մեկը չի կանխում և չի գուշացնում, որ սարքի միջով չանցնի:

Տեսանյութում լսվում է, թե ինչպես են մոնիտորից քաղաքացու շարժին հետևող աշխատակիցները հրճվում այս տեսարանից: Սրանով փաստացի մաքսակետի աշխատակիցները ծաղրի են ենթարկում շփոթված կամ գուցե առաջին անգամ սահմանը հատող քաղաքացուն:

Վերջինս, ի դեպ, սարքի միջով անցնելիս ճառագայթահարվել է, ինչը վնասակար է առողջությանը: Թերևս Բագրատաշենի մաքսակետի և ՊԵԿ ղեկավարությունն այս միջադեպից լուրջ հետևություններ անելու կարիք կունենա: