Հավաքական հիմարության պտուղները

Հավաքական հիմարության պտուղները

Բրյուսելյան վերջին հանդիպումը հուսահատեցրել է հայաստանցիների հայրենատեր հատվածին: Ազգովի Շառլ Միշելի հայտարարության տեքստն ենք մեկնաբանում` Արցախի մասին ասված կես նախադասությունը քննարկելով, հանդիպման մասնակիցների տրամադրությունն ու քայլվածքը, մասնակիցների հայացքներն ու հագուստը վերլուծելով եւ հերթական արհավիրքը կանխատեսելով: Անզոր ու խեղճ հասարակությանը բնորոշ զբաղմունք: Իրականում բոլորը հասկանում են, որ ոչ մի լավ բան չի սպասվում ո՛չ Հայաստանին, ո՛չ Արցախին: Լավ բան չի սպասվում, քանի դեռ Հայաստանը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, որը 2020-ին արդեն ստորագրել է Արցախի մահավճիռը եւ դեռ այն ժամանակ այնպես է հոգեբանորեն կոտրվել, որ այլեւս ի վիճակի չէ վերականգնվելու:

Պարզ է, որ նման տրամադրությամբ նա իրեն պարտադրված որեւէ փաստաթղթից չի կարողանալու հրաժարվել եւ որեւէ հարցում սեփական կամքը պարտադրել: Նաեւ պարզ է, որ Հայաստանի ղեկավարներին վիճակված է լինել շատ ավելի հմուտ դիվանագետ, շատ ավելի ճկուն եւ նուրբ խաղ վարել, քան գերտերությունների ղեկավարներին: Իսկ պատերազմում պարտված ղեկավարից շատ ավելի մեծ հմտություն ու խելք է պահանջվում, քան մինչպատերազմական շրջանի ղեկավարներից էր պահանջվում:

Մինչդեռ մենք՝ որպես ահավոր խելացի ազգ, հաջողեցինք այս բարդ փուլում մեր երկրի ղեկավարի պաշտոնին կարգել շատ ավելի անփորձ եւ անգետ, շատ ավելի ենթարկվող եւ վախվորած անձի, քան ունեինք նախորդ ամբողջ ժամանակաշրջանում: Եվ հիմա, փաստորեն, վայելում ենք մեր հավաքական հիմարության պտուղներն ու զարմանում, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը համաձայնում Ալիեւի պարտադրած պայմաններին: Նույնն է, որ ձեզ հրավիրեին միջուկային զենքի հետ կապված բանակցությունների եւ առաջարկեին միջազգային պայմանագիր ստորագրել: