Քաղաքացուն իրավունք տալ՝ չվճարել գնած ապրանքի համար

Քաղաքացուն իրավունք տալ՝ չվճարել գնած ապրանքի համար

Առեւտրի եւ սպասարկման բազմաթիվ օբյեկտներ հրաժարվում են բանկային քարտով առեւտուր անելուց։ Ճիշտ է՝ ուղիղ տեքստով չեն մերժում, բայց խոսակցությունը տանում են նրան, որ գնորդն առձեռն վճարի։ Այս երեւույթից դժգոհում են հատկապես թոշակառուները, որոնք քարտով գործարքների 10 տոկոսի չափով՝ մոտ 5 հազար դրամ հետվճար են ստանում։

Կենսաթոշակառու Մարինե Աբրահամյանն Էջմիածնում է բնակվում։ Շաբաթը մեկ-երկու անգամ առեւտուր է անում քաղաքի կենտրոնում գտնվող փոքր խանութներից։ Դրանցից մեկում օրումեջ են բանկային քարտով առեւտուր անում։ Եթե վաճառողը կին է, քարտը գործում է, իսկ տղամարդ վաճառողի դեպքում առեւտուրն անպայման առձեռն է։
«Ամուսիններով են աշխատում՝ հերթափոխով։ Կնոջ ասելով՝ ամուսինը գլուխ չի հանում սարքից, դրա համար գումարը կանխիկ է վերցնում։ Ասում եմ՝ դրա եղածն ի՞նչ է` սովորեցրու, թող ինքն էլ քարտով սպասարկի, որ թոշակառուներս հետվճար ունենանք։ Դուք առեւտրի մեջ եք, ամենօրյա ձեր շահույթն ունեք, իսկ ես 53 հազար դրամ թոշակի հույսին  եմ։ Եթե երբեմն հետվճար է լինում, կոմունալներս դրանով եմ վճարում։ Օրինակ, անցած ամիս 5 հազար 490 դրամ հետվճար էր նստել քարտիս վրա, աշխարհով մեկ եղա»,- պատմեց թոշակառու կինը։ Նրա անկեղծանալուց հետո անկեղծացել է նաեւ կին-խանութպանը։ Ասել է՝ բանկային քարտով առեւտրից շահույթի 3 տոկոսը պետության գրպանն է գնում՝ իրենց ձեռք չի տալիս։ «Իսկ ինձ ձեռք չի տալիս առձեռն վճարելը»,- պատասխանել է թոշակառուն։

Սուսաննա Հակոբյանին էլ Էջմիածնի գեղեցկության սրահներից մեկում են հրաժարվել քարտով սպասարկել։ Պատճառաբանել են, թե սարքը խնդիրներ ունի։ Աշխատակիցը կնոջն առաջարկել է գումարը կանխիկացնել, կամ եթե բանկոմատից օգտվելու դժվարություն ունի, օգնության դիմի։ «Իսկ երբ հասցես ճշտեց ու իմացավ, որ սրահին մոտ եմ ապրում, ասաց՝ կարաս փողը հետո բերես։ Ճիշտ է՝ մոտս 3 հազար դրամ կար, որ պահել էի տրանսպորտի եւ այլ մանր ծախսերի համար, ստիպված տվեցի, միայն թե դուրս գայի էդ նվաստացված վիճակից»,- ներկայացրեց տիկին Սուսաննան։

Երեւույթը ծանոթ է ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանին։ Ասում է՝ մանյովրների պատճառը հարկերից խուսափելն է։ «Երկրորդ պատճառ էլ կա․առեւտուր անելիս ձեռներեցը կանխիկով գումարն անմիջապես է ստանում, իսկ քարտի դեպքում՝ մեկ-երկու օրից։ Եվ որպեսզի շրջանառության համար միշտ կանխիկ գումար ունենա, ինչը քարտով սպասարկելու դեպքում գրեթե նվազում է, պատճառաբանում է, թե սարքը չի աշխատում»,- ասաց Բագրատյանը։ Պատգամավորը չբացառեց նաեւ սարքի տեխնիկական թերությունները, որը, ըստ նրա, մոտ 5 տոկոս է կազմում։ «Իսկ 95 տոկոսը միտումնավոր են խուսափում իրենց պարտականություններից։ Կոչ եմ անում ձեռներեցներին՝ չբարդացնել քաղաքացիների ու հատկապես թոշակառուների կյանքը։ Իսկ հարկային մարմիններին հորդորում եմ՝ ապահովել ու պաշտպանել մարդկանց իրավունքները։ Կարծում եմ՝ կարելի է նույնիսկ օրենք ընդունել, որ քարտով սպասարկումից հրաժարվելու դեպքում քաղաքացին իրավունք ունենա չվճարել գնած ապրանքի համար։ Վստահ եմ՝ դա կսթափեցնի գործարարներին»։

Արեգ Մարգարյան