Հենց իշխանություններն են հասցրել ԵՊՀ-ն այս ճգնաժամին

Հենց իշխանություններն են հասցրել ԵՊՀ-ն այս ճգնաժամին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հանդիպումը ԵՊՀ գիտական խորհրդի անդամների հետ՝ պետհամալսարանում, ավելի շատ հարցեր է առաջ քաշել, քան որեւէ հստակություն մտցրել ստեղծված իրավիճակում։ Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են ԵՊՀ կանոնադրությունում կատարված փոփոխությունները` հոգաբարձուների խորհրդի անդամների թվի եւ կողմերի ներկայացվածության համամասնության վերաբերյալ: Հիշեցնենք, որ խնդիրը մայիսի 4-ին կառավարության կողմից ընդունված՝ բուհերի կառավարման խորհուրդների ձեւավորման կարգի մեջ փոփոխություն անելու որոշումն է, համաձայն որի՝ բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 32-ից դառնում է 20, ըստ այդմ՝ կառավարության կողմից կապահովվի 11 անդամ (55%), ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 2 (10%), հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից՝ 2 (10%), ուսանողական համակազմից՝ 5 անդամ (25%)։ 

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ով ներկա է եղել նախարարի հետ հանդիպմանը, ընդգծում է՝ այն հիմնավորումները, որ բերվում են այս օրենսդրական կարգավորման հետ կապված, շատ հեռու են տրամաբանությունից եւ միտված են թաքցնելու իշխանությունների եւ կրթական համակարգում ավերիչ գործողություններ ծավալող մարդկանց մոտեցումները, ավելին՝ բուհական ինքնավարության, ակադեմիական ազատությունների մասին խոսող անձինք հիմա անում են տրամաբանորեն հակառակ քայլեր․ «Սա առաջին հերթին մեծ հարված է բուհական ինքնավարությանը եւ հերթական երեսպաշտության դրսեւորումներից է, որովհետեւ ավելի անկեղծ կլիներ, եթե ի սկզբանե հայտարարեին, որ իրենք դեմ են բուհերի ինքնավարությանը եւ կողմ են բուհերի ուղղահայաց կառավարմանը, քան թե հանդես գալ որպես բուհական ինքնավարության ջատագովներ, ժողովրդավարներ եւ հետո անել հետեւողական քայլեր՝ այդ ամենը կասեցնելու եւ ինքնավարության բոլոր նշույլները վերջնականապես ջնջելու համար։ Ընդ որում՝ այդ քայլերը հաճախ շատ պրիմիտիվ են, որովհետեւ ակնհայտ է դրանց նպատակը, իսկ մեկնաբանություններն ու պարզաբանումները տեղավորվում են ուղղակի դեմագոգիայի ժանրում»։ 

Ռ․ Մելքոնյանն ընդգծում է, որ վերջին 3 տարվա ընթացքում ԵՊՀ-ն հայտնվել է իշխանությունների թիրախում․ «Ես ամենեւին հակված չեմ կարծելու, որ դա պատահական է, ի սկզբանե մենք նշում էինք, որ որպես ազգային արժեք՝ ԵՊՀ-ն թիրախավորման օբյեկտներից մեկն է, ինչպես թիրախավորեցին եկեղեցին, հայոց լեզուն, պատմությունը, ԵՊՀ-ն էլ այդ շարքում էր, եւ ամենեւին պատահական չպետք է համարել այս իշխանության մոտեցումները եւ հետեւողական քայլերը, որոնք մեծ վնաս հասցրին ԵՊՀ հեղինակությանը եւ գործունեությանը։ Այնպես որ, սա այդ նույն ծրագրի շարունակությունն է, եւ այս կարգավորումներն էլի միտված են համալսարանում բացասական մթնոլորտի շարունակմանը, համալսարանի հեղինակության վնասմանը։ Իսկ այն պարզաբանումները, որ սա օպերատիվ լուծում է կառավարման ճգնաժամից դուրս գալու համար, պետք է ասեմ, որ հենց իրենք՝ իշխանություններն են հասցրել ԵՊՀ-ն այս ճգնաժամին, թող չհասցնեին սրան, որ կարիք էլ չլիներ օպերատիվ լուծումների։ Այդ պարզաբանումներն առնվազն արժանահավատ չեն»: 

ԿԳՄՍ նախարարը համալսարանականների հետ հանդիպման ընթացքում համոզմունք է հայտնել, որ հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ․ «Պետք է լինեն ոչ թե ուսանողներ եւ դասախոսներ, այլ՝ հոգաբարձուներ, որոնք պետք է ունենան ֆինանսական եւ գործնական լայն հնարավորություններ, որպեսզի իրենց որոշումներով հնարավոր լինի լրջագույն փոփոխություն կայացնել տվյալ հիմնադրամում»: Ի պատասխան այս հայտարարությանը, Ռ․ Մելքոնյանը ցավով նկատում է, որ այս իշխանություններից ցանկացած «անակնկալ» սպասելի է եւ կանխատեսելի․ «Ավելին ասեմ՝ երբ Դումանյանն ասաց, որ հոգաբարձուների խորհրդում տվյալ բուհից ուսանողներ եւ դասախոսներ չպետք է լինեն, ես նկատեցի, որ վախով կարող եմ սպասել, որ ՀԽ-ի անդամ կարող են հրավիրվել հարեւան 2 երկրներից ներկայացուցիչներ։ Ճիշտ է՝ ասածս ողբերգական սարկազմի մեջ է տեղավորվում, բայց մենք հիմա գտնվում ենք հենց այդ սահմանագծին, երբ ազգային մեր արժեքների ու կարեւոր կառույցների նկատմամբ ասես արշավ է սկսվել, եւ իրական թշնամիները ոչ թե Թուրքիան ու Ադրբեջանն են, այլ ներքին հասարակական շերտեր եւ տարբեր կառույցներ»։ 

Մելքոնյանը չի բացառում, որ հոգաբարձուների խորհրդի մեջ լինեն մարդիկ՝ բիզնեսի, մշակույթի բնագավառներից, որոնց խորհուրդները, ֆինանսական աջակցությունը կարող են միտված լինել բուհի ավելի լավ կենսագործունեությանը, «բայց բուհի կառավարման մեջ լինեն մարդիկ, որոնք ընդհանրապես բուհի հետ կապ չունեն, եւ դա դրվի որպես սկզբունք, որ բուհը պետք է կառավարվի դրսից։ Սա նոնսենս է, որովհետեւ բուհն ունի իր յուրահատկությունները, կա նաեւ ինստիտուցիոնալ հիշողություն, որի կրողներն այդ դասախոսներն ու ուսանողներն են, եւ նրանց հեռացնել բուհի կառավարման գերագույն մարմնից, դա էլի հատում է տրամաբանության սահմանները կամ ուղղակի միտված է բուհի իմիջը, պատմական հիշողությունը թիրախավորելուն»։

ԿԳՄՍ նախարարի մեկ այլ կարծիքի համաձայն, միշտ չէ, որ ձայների մեծամասնությամբ պետք է լուծվեն հարցերը։ «ԵՊՀ-ում ավելի շատ պետք է գործի ավանդույթի ուժը, քան օրենքի տառին համապատասխան գործողությունը»,- ասել էր նա: Թե ինչ է սա նշանակում, Մելքոնյանն ասում է. «Ես նախ ցավում եմ, որ պարոն Դումանյանը համալսարանականից արագ դարձավ կառավարության ներկայացուցիչ եւ բյուրոկրատական չինովնիկին հատուկ բացասական որոշակի ատրիբուտներ է ձեռք բերել։ Երկար տարիներ լինելով ԵՊՀ աշխատակից, ենթադրվում էր, որ նա ԵՊՀ-ի հանդեպ ավելի սրտացավ վերաբերմունք պետք է դրսեւորի, բայց նրա ելույթում այնքան հակասող եւ դեմագոգիայի տիրույթում գտնվող մտքեր կան, որ դրանց միանշանակ մեկնաբանումը շատ դժվար է»։ Նա նկատում է, որ նախարարի արած հայտարարությունից կարելի է ենթադրել, որ իշխանությունները ցավոտ են տարել ԵՊՀ-ի դիրքորոշումը․

«Խորհրդի մեծամասնությունը քվեարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի օգտին, գիտխորհրդի մեծամասնությունը քվեարկել է իշխանությունների կողմից այս ոտնձգությունները քննադատող հայտարարության օգտին։ Ենթադրում եմ՝ ցավոտ են տանում, որ ԵՊՀ գիտխորհուրդն իր մեծամասնությամբ հարմարվողական չէ եւ չի կատարում իշխանության ցանկությունները։ Իսկ ինչ վերաբերում է ավանդույթի ուժին, ապա երեկ պարոն Դումանյանն այնպիսի ավանդույթներ էր հիշատակում՝ ռեկտորի ընտրությունները կեղծվել են, դա ոչ թե ընտրություն է, այլ՝ նշանակում, միշտ էլ ընտրվել է իշխանության թեկնածուն․․․, երեւի այդ ավանդույթի շարունակությունը նկատի ուներ, դրա համար ես արձագանքեցի, որ եթե այդպես է, եկեք այս ձեւականությունները թողնենք եւ ասենք, որ ԵՊՀ-ում ուղղահայաց կառավարում է եւ ոչ թե ռեկտորի ընտրություն, ընդ որում՝ պետք չէ ֆոկուսանալ ռեկտորի պաշտոնի կամ ընտրության վրա, սա ընդհանրապես բուհի տեսլականի, առաջընթացի խնդիրն է, որին այս իշխանությունները մոտենում են ահա այսպիսի թշնամական դիրքերից»։