Կրեմլի նոր կուրատորը «ստուգումներ» է իրականացնում Հարավային Օսիայում 

Կրեմլի նոր կուրատորը «ստուգումներ» է իրականացնում Հարավային Օսիայում 

Ապրիլի 19-ին ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, ՌԴ նախկին վարչապետ Սերգեյ Կիրիենկոն առաջին անգամ այցելել է Ցխինվալի՝ որպես Հարավային Օսիայի (Վրաստանից անջատված տարածաշրջան-խմբ.) նոր կուրատոր։

«Էխո Կավկազա»-ն հայտնում է, որ իր այցի ընթացքում Կիրիենկոն բանակցություններ է վարել տարածաշրջանի ղեկավար Ալան Գագլոևի հետ և հանդիպել տեղի պատգամավորների հետ։

Կրեմլի ներկայացուցիչը զեկուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման մասին՝ «իր պահուստային ֆոնդից մեկ միլիոն ռուբլի հատկացնել Հարավային Օսիայի յուրաքանչյուր գյուղին և յուրաքանչյուր դպրոցին՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ»։ Այդ միջոցները, ըստ նրա, նախատեսված են, ի թիվս այլնի, Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության նախապատրաստման համար՝ հուշահամալիրների, թանգարանների և համանման կառույցների բարեկարգման համար։

Կիրիենկոն նաև հայտարարել է, որ Պուտինի հրամանով Հարավային Օսիայում կբացվի ռուսական Պրոմսվյազբանկի մասնաճյուղը։ Դա, ըստ նրա, թույլ կտա կենսաթոշակառուներին դիմել Միր քարտերի համար անմիջապես Ցխինվալիում՝ առանց Վլադիկավկազ մեկնելու։

Բացի այդ, Պուտինը «որոշում է կայացրել նշանակալի միջոցներ հատկացնել «Նիժնի Զարամագ» մաքսային սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման համար», - ասել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։

Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ Ռուսաստանի նախագահի աշխատակազմում Հայաստանի հարցով համակարգող է դարձել Սերգեյ Կիրիենկոն։ Ըստ մեր տեղեկությունների, Կիրիենկոն շփվել է մի շարք հայ գործիչների հետ, ոմանց ընդունել է անգամ Կրեմլում: Ավելին, ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Մոսկվա և հանդիպել Կիրիենկոյի հետ։