Էնպես չէ, որ գործից անտեղյակ էր․ նախկին պատգամավորը՝ փեսայի՝ փոխտնօրեն նշանակվելու եւ իր դատական հայցի մասին

Էնպես չէ, որ գործից անտեղյակ էր․ նախկին պատգամավորը՝ փեսայի՝ փոխտնօրեն նշանակվելու եւ իր դատական հայցի մասին

Մի քանի օր է՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի  բուժական գծով փոխտնօրեն է նշանակվել վիրաբույժ Հարություն Դավթյանը՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի դստեր ամուսինը։ Այս նշանակումը ոմանց համար փոքր-ինչ տարակուսելի է․ ինչպես եղավ, որ հիվանդանոցի ներսում աշխատող բժիշկներն անտեսվեցին, եւ Ախուրյանի հիվանդանոցի փոխտնօրենը հայտնվեց «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ում՝ որպես փոխտօրեն։

Նշենք, որ ըստ տեղեկությունների, նրան այդ պաշտոնը առաջարկել է ավստրիականի տնօրեն Սամվել Ավետիսյանը։ ԱԺ նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը անհեթեթ է համարում խոսակցությունները, որոնք կապվում են դստեր ամուսնու՝ փոխտնօրեն նշանակվելու հետ։

«Էնպես չէ, որ գործից անտեղյակ մարդ է, վիրաբույժ է, երիտասարդ մասնագետ, իրեն իր դասախոսն է առաջարկել, իրեն դաս է տվել, լավ ճանաչել է, ինքն էլ համաձայնել է։ Նրա տեղակալն այլ աշխատանքի է անցել, ինքն էլ նրան է փոխարինել, Ախուրյանի հիվանդանոցում էլ փոխտնօրեն էր, հիմա Գյումրու հիվանդանոցում է  փոխտնօրեն։ Արտասովոր ինչ կա, որ այդքան խոսում են», - hraparak.am-ի հետ զրույցում ասաց Սուքիաս Ավետիսյանը։

Օրերս անդրադարձել էինք նաև, որ նախկին պատգամավորն իր աշխատանքի հետ կապված խնդիրներ ուներ։ Ազատվել էր տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնից եւ  դիմել էր դատարան, քանի որ անօրինական է համարում դեկանի պաշտոնի համար տեղի ունեցած մրցույթը, որի ընթացքում բուհի գիտական խորհուրդը մեկ այլ թեկնածուի էր ընտրել։ Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ընթացքի մեջ է դատական պրոցեսը։ Պարզվում է՝ դատական նիստերն արդեն ավարտվել են։«Հիմա փոխադարձ հանդիպումներ են կայանալու, որի ընթացքում կտեսնենք՝ ինչ համաձայնության կգանք, որից հետո դատարանն իր վճիռը կկայացնի»,-ասաց նա։