Ես միայն «Փինք»-ին չէի ճանաչում, հետո իմացա, թե ինչով են զբաղվում նրանք, ի՞նչ հակադարձեմ նրանց

Ես միայն «Փինք»-ին չէի ճանաչում, հետո իմացա, թե ինչով են զբաղվում նրանք, ի՞նչ հակադարձեմ նրանց

Իշխանությանը կից «քաղհասարակությունը» վրդովված է այն փաստից, որ փաստաբան Ալիկ Սիրունյանին առաջադրել են Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու: Մեծ խումբ ՀԿ-ներ նոյեմբերի 29-ին հայտարարություն տարածեցին նրա առաջադրման դեմ` չխուսափելով անգամ վիրավորական արտահայտություններ անելուց, թե Ալեքսանդր Սիրունյանը «աչքի է ընկնում անպարկեշտ հանրային վարքագծով և բացասական բարեվարքությամբ, ինչը կարող է բացասաբար ազդել դատական իշխանության և Բարձրագույն դատական խորհրդի հեղինակության և հանրային վստահելիության վրա»:

Հայտարարության մեջ մատնանշել են նաեւ Սիրունյանի քաղաքական չեզոքության և զսպվածության բացակայությունը, ինչի մասին վկայում են նրա ՖԲ էջում հրապարակված՝ ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկարները: Չնայած չգիտես ինչու այս նույն ՀԿ-ները առարկություն չունեցան այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի արդարադատության նախարարը, ով Փաշինյանի լուսանկարը փակցրել էր իր գլխավերեւում եւ փառաբանում էր վարչապետին` նշանակվեց ԲԴԽ նախագահ: 

Հայտարարությանը միացել են 16 հասարակական կազմակերպություն` արեւմուտքից ֆինանսավորվող գրեթե բոլոր ՀԿ-ները: Այս հայտարարությունն ունեցե՞լ է ազդեցություն Սիրունյանի թեկնածության հարցում, հարցրեցինք իրեն` փաստաբանին: Սիրունյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ ոչ մի բանից տեղյակ չէ, սակայն տարակուսում է, քանի որ այդ ՀԿ-ների ներկայացուցիչներից ոմանք իր հետ բարիդրացիական հարաբերություններ են ունեցել: Նախորդ անգամ ասել էր, որ իր փաստաբանական գրասենյակից որոշները դուրս չէին գալիս մի ժամանակ: Փաստաբանն ասում է, որ կարևորում է ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը։ Եթե որոշ ՀԿ-ներ իր դեմ հայտարարություն են անում, նորմալ է վերաբերվում դրան. «Ես առհասարակ չունեմ նորություններ այդ թեմայով: Ես նրանցից ոչ մեկի հետ չեմ խոսել այդ թեմայով, մենք ապրում ենք դեմոկրատական երկրում, որտեղ կարծիք արտահայտելը նորմալ է: Ես բացառում եմ, որ այդ թեմայով խոսեմ նրանց հետ, իրենց կարծիքն է` ինչ ուզում են թող ասեն»-, նշում է նա: 

Բայց նկատելի է, որ Սիրունյանն ավելի պասիվ է դարձել ֆեյսբուքում, գրառումները բավականին զգուշավոր են դարձել` առանց սուր գնահատականների, կաթողիկոսի հասցեին այլեւս չի գրում` «Կտո, այ Կտո...»: Գուցե ՀԿ-ների հայտարարությո՞ւնն է ազդել վերջինիս վրա. «Չէ, բացարձակապես ինձ վրա ոչինչ չի ազդել, ես էլ եմ ազատ կարծիք հայտնելու հարցում: Բայց ես անգամ չգիտեմ, թե երբ են ԲԴԽ անդամին ընտրելու: Այնքան հետաքրքիր վիճակ է, որ անգամ այդ հարցերին չեմ տիրապետում, ես ինձ համար խելոք աշխատում եմ: Իրոք, ոչ մի բան չգիտեմ: Միայն գիտեմ, որ հարցը օրակարգում է: Առհասարակ գիտեք` ես թշնամիներ չունեմ, ես այ այդքան երջանիկ մարդ եմ, այդ ՀԿ ներկայացուցիչները իմ թշնամիները չեն: Չեմ էլ պատրաստվում հակադարձել նրանց: Ի՞նչ ասեմ, ասեմ` լա՞վն եմ ես: Ինձ պե՞տք է, որ նման բան անեմ: Ինձ նման մարդիկ ճիշտ կլինի, որ զուսպ մնան: Մեղադրում են ինձ անզուսպ լինելու մեջ, բայց դա էլ է հարաբերական` ով է զուսպ և ով` անզուսպ: Ես նրանցից միայն «Փինք»-ին չէի ճանաչում, հետո իմացա, թե ինչով են զբաղվում նրանք, ես ի՞նչ հակադարձեմ նրանց», - հեգնական տոնով խոսքը եզրափակեց Սիրունյանը: