Չի գործում Սահմանադրությունը, պետությունը չի ապահովում, չի երաշխավորում մարդկանց համար որևէ բան․ Կարեն Ադոնց

Չի գործում Սահմանադրությունը, պետությունը չի ապահովում, չի երաշխավորում մարդկանց համար որևէ բան․ Կարեն Ադոնց

Լեռնային Ղարաբաղում հրադադար է, իսկ պատերազմի հետևանքով Հայաստանի և Արցախից մնացած հատվածները տնտեսական առումով ահռելի կորուստներ են կրել, Հայաստանում կառավարության դերը զբաղեցնող մարմինները գրեթե չեն գործում, Հայաստանի, Արցախի ունեզրկված բնակչությունն ահռելի խնդիրների առջև է կանգնած։

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է տնտեսագիտության դոկտոր, տնտեսագետ Կարեն Ադոնցի հետ։

-Պարո՛ն Ադոնց, պատերազմն ավարտվեց, ի՞նչ քայլեր պետք է արվեն տնտեսության ոլորտում, ճգնաժամային ի՞նչ քայլեր պետք է կատարվեն։

-Պատերազմը լավ չի ավարտվել մեզ համար, դրա համար էլ տնտեսության առումով շատ անորոշ, ծանր և անկանխատեսելի իրավիճակ է ստեղծվել, որովհետև եթե Դուք գումարեք իրար այն կորուստները, որ մենք ունենք, բացի տարածքային կորուստները, մարդկային կորուստները, մենք ունենք լուրջ խնդիրներ կապված, օրինակ,  պաշտպանության ոլորտի հետ։ Սպառազինության հետ մենք լուրջ խնդիրներ ունենք, մարդկանց սոցիալական անպաշտպանվածության հետ, մարդիկ իրենց տները, սեփականությունները կորցրել են, հազարավոր մարդկանց մասին է խոսքը։ Մենք ունենք վիրավորների ապաքինման հետ կապված խնդիրներ, ունենք խորացած տնտեսական ճգնաժամեր, գործազրկության խնդիր և այլն։ Այսինքն՝ այս պահին ասել, թե մենք ի՞նչ պետք է անենք, իմ կարծիքով, մենք ադեկվատ չենք գնահատում այսօրվա վիճակը, և դա շատ վատ է, և դա խորանալու է։  

-Ի՞նչ առումով նկատի ունեք՝ «ադեկվատ չենք գնահատում»։

-Նկատի ունեմ, որ շատ վաղուց՝ ճգնաժամի սկսելուց ի վեր, երևի ավելի շուտ, տնտեսական ճգնաժամը, տնտեսության վիճակը, տնտեսական վիճակի վատացման հեռանկարը մենք չենք կանխատեսել։ Եվ այսօր փաստորեն իրականացրել ենք անիմաստ քաղաքականություն, անհեռանկար, անբովանդակ, ու դրան գումարվել է այս վիճակը։ Ես որևէ տարբերակ չեմ տեսնում այսօրվա կառավարողներից, որ կարողանան ինչ-որ բան անել։  Ինձ համար լուրջ չէ խոսել դրա մասին։ Մենք պիտի լուծենք սոցիալական խնդիրները, օգնենք մարդկանց, ամրապնդենք մեր պաշտպանության ոլորտը, գնենք սպառազինություններ։

-Նախագահը խոսեց ազգային համաձայնության կառավարության ձևավորման անհրաժեշտության մասին, հետագայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։ Ըստ Ձեզ՝ պետք է կառավարություն փոխվի՞, ճգնաժամանյին կառավարիչներ գան։  

-Այս իրավիճակից դուրս գալու համար ես առաջարկել եմ հստակ ծրագիր։ Շատ լուրջ, շատ մտածված, դրա վրա բավական երկար ժամանակ աշխատանք է կատարվել, որովհետև այս վիճակն արդեն կանխատեսելի էր։ Տնտեսական քաղաքականությունը պետք էր նախապատրաստել դրան։ Ոչ այս աստիճանի, բայց նման մի բան կանխատեսելի էր։ Տեսեք, որպեսզի դա իրագործվի, պետք է ստեղծվի «Ռազմատնտեսական կոմիտե»։ Ի՞նչ է դա նշանակում․ տնտեսական քաղաքականությունը պետք է առանձնացվի, դա պետք է լինի անկախ մարմին, ինչպես Կենտրոնական բանկը։ Կենտրոնական բանկն անկախ մարմին է, զբաղվում է կոնկրետ ուղղություններով՝ ֆինանսական կայունություն, գնաճ, փոխարժեք, բանկային համակարգ ու կապիտալի շուկա։ «Ռազմատնտեսական կոմիտեի» գործառույթները նույնպես պետք է լինեն անկախ․ ներառի տնտեսության արագ զարգացումը, ռազմարդյունաբերության ոլորտի կոորդինացումը, որպեսզի դա զարգանա։ Նկատի ունեմ նաև կառուցվածքային փոփոխություններ՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն և այլն, բոլոր ոլորտները․ սրանք պետք է լինեն կոմիտեի խնդիրները։ Այսպիսի իրավիճակների հետ կապված տնտեսական զարգացման քաղաքականությունը պետք է դրված լինի «Ռազմատնտեսական կոմիտեի» վրա։ Էկոնոմիկայի նախարար էլ չկա, քաղաքականություն չկա, հավաքենք, կայունացնենք, փորձենք ինչ-որ տնտեսական ակտիվություն ապահովել։ Մեր երկիրը ծանր կորուստ է կրել, հրադադար է այսօրվա դրությամբ, ու պատրաստ չենք։ Ամեն ինչի հիմքում տնտեսությունն է։ Ադրբեջանը նման քայլի գնաց (Լեռնային Ղարաբաղի դեմ սկսած պատերազմ - ՀՐԱՊԱՐԱԿ) տնտեսությամբ․ կուտակեց փողը, առավ զենքեր, զարգացրեց, եկավ առաջ, զարգացրեց, եկավ առաջ։ Մեր տնտեսական համակարգը պետք է լինի շատ հզոր, հակառակ դեպքում մենք չենք դիմակայի շատ երկար, մի հատ էլ ասյպիսի բան, կվերջանա պատմությունը։ Մեզ հիմա պետք է ուժեղ տնտեսության, շատ շտապ պետք է սկսել այդ քայլերը։    

-Իսկ այս իշխանություններն ի վիճակի՞ են։

-Չէ, ի վիճակի չեն, դրա համար եմ ասում, որ պետք է ստեղծել «Ռազմատնտեսական կոմիտե», իմ առաջարկած ծրագիրը կսկսեմ կոորդինացնել, այդ կոմիտեի մեջ կլինեն Կենտրոնական բանկի նախագահը և Սփյուռքի հանձնակատարը, որ կարողանանք համախմբել Սփյուռքի մեր ներուժը և սկսենք արագ առաջ գնալ։ Եթե դա չանենք, ուրեմն լավ չի լինելու, շատ վատ է լինելու։ Ի դեպ, արդեն երևում է վերջը։ Այստեղ մի գործ կա, թե ինչ որոշեց, ասեց Ֆրանսիան և այլն, դա թողեք, մեր վիճակին նայե՛ք, նրանց ասածին, նրա պատասխաններին։ Մենք ունենք մի խնդիր․ լուծում ենք այդ խնդիրը, լուծում ենք բոլոր հարցերը, չենք լուծում այդ խնդիրը, չենք լուծում ոչ մի հարց։ Դա տնտեսությունն է։ Դուք պետք է ունենաք առաջնահերթություն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, եթե չունենաք առաջնահերթություն, մեզ ոչնչացնելու են ուշ թե շուտ։ Իմացե՛ք, հանկարծ եթե Ռուսաստանի բանակը մի դեպքով, մի 20 օրով գնաց արձակորդ, ամբողջ ազգով ետևից գնալու ենք Ռուսաստան։ Մենք ի վիճակի չենք ինքներս մեզ պաշտպանել, առանց տնտեսության ժամանակակից մի հրանոթ չես կարող առնել։ Դրա համար եմ ասում, որ լրջանալ է պետք, ու ասում եմ, թե ինչպես է պետք անել։ Կա ծրագիրը, ու ես պատասխանատու եմ դրա համար, ինձ չի հետաքրքրում՝ ով է կառավարությունում նստած։ Բոլոր նախկինները պատասխանատուն են այս ամեն ինչի համար․ 15 տոկոսով կամ 10 տոկոսով, վերցրեք-հաշվարկեք, բոլորը՝ նստածերն Ազգային ժողովում, կառավարությունում։ Ի՞նչ է, իրենք չէի՞ն տեսնում՝ ինչ է կատարվում պաշտպանական համակարգում։ Չէի՞ն հասկանում, ցույց էլ տվել են, ամեն ինչ, զենքերը և այլն։ Ինչպե՞ս է կարելի դնել բաց տարածքում, ու դու պարտվե՞ս, որ ի՞նչ։ Ու այսօր խոսաս՝ «ես կրում եմ պատասխանատվություն էսօրվա ու վաղվա համար» («իմքայլական» վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքից վերաձևակերպում․ խոսել էր այսօրվա կառավարության նիստի ժամանակ – ՀՐԱՊԱՐԱԿ)։ Այսօրվա համար ծանր է վիճակը, վաղն ի՞նչ է լինելու, որ պատասխանատվության հարց առաջանա։ Չի կարող լուծվել այս խնդիրը, չի կարող լուծվել այս խնդիրը, եթե չհամախմբվենք, ոտքի չկանգնենք և թուլությունը չդնենք մի կողմ։ Պետք է տնտեսական քաղաքականությունը վերցնենք ու արագ սկսենք զարգանալ, որովհետև այլ տարբերակ մենք չունենք։ Դուք ասում եք ի՞նչ անեն։ Ի՞նչ անենք էդ խեղճերը, ի՞նչ են արել, որ հիմա ինչ անեն։ Հասկանո՞ւմ եք, Դուք հլը մեր վիճակին նայե՛ք, մի հատ կողքից նայե՛ք մեր վիճակին, ու նայե՛ք՝ ինչ են անում իրենք, ինչ են կարող անել։ Հիմա 17 հոգի մարդ Ղարաբաղից ինձ մոտ են, անծանոթ մարդիկ, ես եմ պահում իրենց։ Դե թող պետությունն իրենց օգնի, իրենց հարցերը լուծի։  

-Չե՞ն անում։

-Չեն անում, «այս մեկը չենք կարող», «այս հարցերը կլուծենք» և այլն։ Այսպես եթե գնաց, նշանակում է, որ մենք չունենք իմունիտետ, հասկանո՞ւմ եք։ Փալասի պես են սկսում խոսել։ Այսպիսի կորուստներով, անհավանական կորուստներ են, նշանակում է, որ մենք ուղեղ չունենք, մեզ չեն նախապատրաստում։ Մենք խոսում ենք, երևակայում ենք, ցինակաբար բաներ ենք անում։ Մեր վիճակի խորությունը մենք երբեք չենք հասկացել, չենք կանխատեսում։ Ու ասվել է, հազար անգամ ասվել է իրենց։ Սկսած 20 թվականից, Հանրապետական կուսակցությանը, բոլորին, ամենաբարձր մակարդակներով։ Ցինիկաբար ծիծաղեն, որ «այսպիսի բան չի կարող լինել», տեսա՞ր՝ ոնց էղավ։ Հիմա ո՞ւր են, ձայները կլսվի՞, կեսը՝ ողջ, կեսը՝ մեռած։ Սա վտանգավոր իրավիճակ է։ Դե ֆակտո չի գործում Սահմանադրությունը։ Սահմանադրության կետերը հանեք, տեսե՛ք՝ գործո՞ւմ է Սահմանադրությունը, թե՞ չէ, գույքի անվտանգության հետ կապված, տարածքային անձեռնմխելիության հետ կապված և այլն։ Չի գործում Սահմանադրությունը, պետությունը չի ապահովում, չի երաշխավորում մարդկանց համար որևէ բան։ Կորցրել են գույքը, չունեն միջոցներ, ի՞նչ անեն այդ մարդիկ, պետությունը թող ապահովի, գործո՞ւմ է Սահմանադրությունը։ Ու լրագրողները շատ մեծ դեր պետք է ունենան այս ամեն ինչի հետ կապված, իրավիճակը հաղթահարելու համար։ Խոսելով դատարկաբանների հետ՝ ուղղակի կործանում է գնում։ Դուք էլ եք, չէ՞, այս երկրի քաղաքացի։ Խնդիրը տնտեսական է, փորձեք Սփյուռքը համախմբել, համակարգ ձևավորե՛ք, որ համակարգը դրա հնարավորությունը տա, որ հնարավորությունը դառնա ոչ թե 2 միլիոն, այլ՝ 10 միլիոն։ Բացի այդ կարող եք նաև ձեր կողմնակիցներին աշխարհով մեկ համախմբեք, որ կարողանան նպասել երկրի զարգացմանը։ Խնդիրը շատ պարզ է, մասնագետներն ո՞ւր են, կա՞ Ազգային ժողովում մեկը, որ կարող է խոսել տնտեսագիտությունից, ո՛չ, «մոլախոտ» են լցված, չակերտավոր եմ ասում, չեմ ուզում ինչ-որ մեկին վիրավորել, «մոլախոտ»։ Կառավարությունում կա՞ ինչ-որ մեկը, որ հեռանկարային զարգացման ինչ-որ խնդիր դնի։ Հլը մի հատ նայե՛ք։ Ո՞ւր են ձեր մասնագետները, ո՞ւր են ձեր պրոֆեսիոնալները։ Ես մի քիչ վրդովված եմ ասում, բայց ինձ ճիշտ հասկացեք, մեր վիճակն է այսպիսին;