Զախարովան՝ Հայաստանի ԱԽ քարտուղարի հայտարարության մասին

Զախարովան՝ Հայաստանի ԱԽ քարտուղարի հայտարարության մասին

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարության մեջ հարձակումներ են եղել Մոսկվայի հասցեին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը հրաժարվել է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից տրանսպորտային հաղորդակցության վերահսկումից՝ Ադրբեջանի հետ տնտեսական եւ տրանսպորտային կապերի հետագա ապաշրջափակման դեպքում։   

«Նախ, կցանկանայի, որ Ձեր նշած Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչը, այնուամենայնիվ, կողմնորոշվեր՝ կամ նորմալ երկխոսություն, որը ոչ միայն հնարավոր է, այլեւ պետք է լինի, եւ որի փորձը մենք ունենք հայկական կողմի հետ, կամ ահա այսպիսի հայտարարություններ։ Մենք ընտրում ենք առաջինը»,-նշել է Զախարովան։

Ինչ վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման թեմատիկային, ապա Զախարովայի խոսքով, այն առարկայորեն մշակվում է Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ փոխվարչապետների կողմից։ «Ուստի ճիշտ չեմ համարում արձագանքել այդ մեկնաբանություններին։ Դա համապատասխան ներկայացուցիչների իրավասությունն է»,-ասել է նա։  

Նշենք, որ Արմեն Գրիգորյանը հայտարարել է. «Ապաշրջափակման մասով կա մի կարեւոր դետալ, որը, կարծում եմ, արդեն հասկանալի է բոլոր ներգրավված գործընկերների համար։ Սահմանների ամբողջական վերահսկողությունը, սահմանային ծառայությունների վերահսկողությունը կիրականացնի Հայաստանը։ Այսինքն՝ ապաշրջափակումը Հայաստանի համատեքստում նշանակում է, որ միայն Հայաստանն է իրականացնելու սահմանապահ ծառայություն»։