Ավելի լավ է զերծ մնանք պսեւդո դեմոկրատական գործելակերպից

Ավելի լավ է զերծ մնանք պսեւդո դեմոկրատական գործելակերպից

Նախօրեին ԵՊՀ գիտական խորհուրդն արտահերթ նիստ է հրավիրել, որի ընթացքում քննարկել է մայիսի 4-ին կառավարության՝ բուհերի կառավարման խորհուրդների ձեւավորման կարգի մեջ փոփոխություն անելու որոշումը, համաձայն որի՝ բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 32-ից դառնում է 20, ըստ այդմ՝ կառավարության կողմից կապահովվի 11 անդամ (55%), ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 2 (10%), հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից՝ 2 (10%), ուսանողական համակազմից՝ 5 անդամ (25%)։ Դատապարտելով ՀՀ կառավարության նման գործելակերպը՝ ԵՊՀ գիտական խորհուրդն արձանագրել է, որ կառավարության որոշումն անընդունելի է իրավական եւ բարոյական նորմերը խախտելու տեսանկյունից․ դրա կիրարկումը խիստ վտանգավոր ազդեցություն կունենա հանրապետության գիտակրթական միջավայրի վրա եւ անդառնալի վնաս կպատճառի բուհերի բնականոն գործունեությանը:

«Մեր խորին համոզմամբ՝ որոշումը հակասահմանադրական է եւ հակաօրինական` ինչպես բովանդակության, այնպես էլ ձեւի տեսանկյունից, քանի որ ուղղված է բացառապես մեկ ոչ իրավաչափ նպատակի՝ իշխանությունների կողմից անսահմանափակ վերահսկողություն սահմանել բուհերի, մասնավորապես եւ առաջին հերթին՝ ԵՊՀ-ի նկատմամբ: Խորհուրդը որոշումը դիտարկում է որպես ԵՊՀ-ի դեմ վերջին տարիներին իշխանությունների կողմից տարվող հետեւողական եւ անթաքույց պայքարի հերթական դրսեւորում։

Որոշման ընդունումը համարում ենք նաեւ բարոյական նորմերի կոպիտ խախտում՝ նկատի ունենալով այն, որ Սահմանադրական դատարանի վարույթում է հանրապետության նախագահի կողմից վիճարկվող «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի` բուհերի ինքնավարության իրավակարգավորումների սահմանադրականության վերաբերյալ դիմումը: Որոշման ընդունումն ուղեկցվել է իրավական եւ էթիկայի նորմերի կոպիտ խախտումներով. 2021 թ. ապրիլի 28-ին «e-draft.am» կայքում հրապարակելով նախագիծը եւ հանրային քննարկման ժամկետ սահմանելով մինչեւ մայիսի 14-ը՝ ՀՀ կառավարությունը մայիսի 4-ին գաղտնի, առանց նիստ հրավիրելու, գրավոր ընթացակարգով ընդունել է որոշում՝ փաստի առջեւ կանգնեցնելով բուհական ողջ համայնքին․ որոշման նախագիծը չի քննարկվել բուհերում»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ:

Թե օրինական դաշտում այս որոշմանը հակազդելու ինչ մեխանիզմներ կան, ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը նկատում է, որ կառավարության որոշմանը հակազդելու մեխանիզմները տրվել են ԵՊՀ գիտական խորհրդի նիստում ընդունված հայտարարության մեջ։ «Նախ՝ դիմել Մարդու իրավունքների պաշտպանին՝ Սահմանադրական դատարանում ՀՀ կառավարության նշված որոշման սահմանադրականությունն անհապաղ վիճարկելու խնդրանքով, եւ երկրորդ՝ միջոցներ ձեռնարկել՝ վարչական դատարանում վիճարկելու կառավարության որոշման իրավաչափությունը»,- ասում է գիտխորհրդի անդամ Հ․ Սարգսյանն ու նշում, որ կառավարության առաջարկած լուծումը չի կարող նպաստել բուհերում ճգնաժամի հաղթահարմանը, ավելին՝ կարող է ավելի խորացնել այդ ճգնաժամը։  

Ինչ վերաբերում է խորհրդի ձեւավորման համամասնությանը, կարծում է, որ շատ ավելի ազնիվ կլիներ՝ անցնել նշանակումների ինստիտուտին․ «Այս պարագայում սա լավագույն լուծումներից մեկը կարող է լինել, որովհետեւ այս փոփոխությունների մնացած ամբողջ ընթացքը, հոգաբարձուների խորհրդի չգործունեությանը միտված այդ քաղաքականությունը, որն իրականացվել է լիազոր մարմնի կողմից, սա է նշանակում։ Նախկին հոգաբարձուների խորհրդի անդամների կեսը, որոնք լիազոր մարմնի կողմից են եղել նշանակված, միանգամից դուրս են գալիս խորհրդից եւ, ըստ էության, կազմալուծում խորհրդի գործունեությունը։

Ուստի հանգուցալուծումը տեսնում եմ նշանակումների ինստիտուտը վերականգնելու մեջ՝ առանց իմիտացիոն գործելակերպի, որ, իբր, տեսեք՝ ուզում ենք պահպանել ակադեմիական ազատությունը, չենք շեղվում խնդրի դեմոկրատական լուծումներից։ Ու որպեսզի զերծ մնանք պսեւդո դեմոկրատական գործելակերպերից, ազնիվ կերպով կատարեք նշանակում եւ ասեք՝ սա է այսօրվա հանգուցալուծման ուղին։ Այս պարագայում լավագույն ազատությունը ոչ պսեւդո լուծումներն են, այլ ուղիղ նշանակման ինստիտուտի գործադրումը»։ 

Հ․ Սարգսյանը չի կարողանում հասկանալ այս հապշտապությունը, այն էլ այս շրջանում, չնայած ենթադրություններ ունի, թե ինչու հիմա․ «Երկու տարուց ավելի է՝ համալսարանն ամենատարբեր մեթոդներով եւ մեխանիզմներով ասպատակվում է, ու այս պահին հապշտապ լուծումների փնտրումն ընդամենը կոնյունկտուրայի խնդիրներ է լուծելու, որովհետեւ կարելի էր հարգել թե՛ նախագահի, թե՛ ՍԴ-ի ինստիտուտը մեր երկրում, ու մինչ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը գտնվում է առանձին դրույթների վիճարկման փուլում, ընդունվում է կառավարության որոշում, որն ինչ-ինչ հետին նպատակներ է հետապնդում»։            

Բուհերի կանոնադրություններում կատարված փոփոխությունների մասին ՀՀ կառավարության որոշման շուրջ երեկ պարզաբանումներ ներկայացրեց նաեւ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը։ Ըստ նրա, բուհերն իշխանության վերահսկողության ներքո վերցնելու ոչ մի խնդիր չկա, պարզապես պետությունը՝ որպես բուհերի հիմնադիր, որոշել է պատասխանատվություն վերցնել նրանց գործունեության համար։ 

«Այս որոշումը բուհերի իրավասությունը սահմանափակելու խնդիր չի դրել իր առջեւ։ Հիմնական նպատակը բուհերում առաջացած կառավարման հետ կապված խնդիրներն էին, երբ արդեն 2 տարի ԵՊՀ-ում չէր ընտրվում ռեկտոր կամ նույնիսկ հոգաբարձուների խորհրդի նախագահ, եւ որոշակի խնդիրներ առաջացան։ Նույնը Շիրակի պետական համալսարանում էր, իսկ Երեւանի մանկավարժական համալսարանում էլ մայիսի 11-ին կլրանա խորհրդի ժամկետը։ Սրանով պայմանավորված՝ նախարարությունը նախաձեռնել է բուհերի կանոնադրությունների փոփոխությունները, եւ հրատապ լուծումների կարիք կա հիմնականում այս 3 բուհերում։ Դրա համար առաջնային առանձնացվել են այս 3-ը եւ ընդունվել հիմնադրի կողմից, որպեսզի սահմանված կարգով ձեւավորվեն խորհուրդները»,- ասաց ԿԳՄՍ ներկայացուցիչը։ 

Նախարարության ներկայացուցիչը համաձայն չէ, որ բուհերի կանոնադրությունները փոխվել են գաղտնի, առանց իրենց տեղյակ պահելու․ «Այս մոտեցումներին տեղյակ էին բոլոր բուհերը՝ դեռեւս «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի շրջանակներում, նախարարության դիրքորոշումը հայտնի էր բուհերին, եւ նախարարությունն էլ այդ քաղաքականությունը տարել է մինչեւ վերջ, որը 2-րդ ընթերցմամբ անցել է ԱԺ-ում։ Օրենսդրությամբ որեւէ խախտում նախագծում թույլ տրված չէ»։ 

Այդուհանդերձ, կառավարության ընդունած այս որոշման սահմանադրականությունը, ամենայն հավանականությամբ, կվիճարկվի վարչական դատարանում, ինչի առիթով նա նկատեց․ «Եթե, օրինակ, ՍԴ-ն որոշում կայացնի կասեցնել իրավական ակտը, հետեւաբար, իրավական ակտը կկասեցվի, եւ դրանից բխող որեւէ այլ գործողություն չի կատարվի։ Իսկ մինչ այդ, քանի դեռ որեւէ իրավական գործընթաց չկա, որոշումն ուժի մեջ է մտնում, կանոնադրության փոփոխությունները սահմանված կարգով կգրանցվեն, եւ նախատեսված ձեւավորման կարգի շրջանակներում բուհերի հոգաբարձուների խորհրդի թեկնածությունները ստանալուց հետո կնախաձեռնենք դրա անհատական կազմը վարչապետի հաստատմանը ներկայացնելու գործընթաց»։