Ոստիկանը Նիկոլինն է

Ոստիկանը Նիկոլինն է

Այս օրերին, երբ փաշինյանական ոստիկանությունը ցույց է տալիս բռնությունների «մաստեր կլաս», իսկ Հայրենիքի փրկության շարժման ղեկավարությունը խոսքի մակարդակում ընդդիմադիր հանրության բողոքի իրավունքն է պաշտպանում, ոմանք հիշողության գիրկն են ընկնում ու գովաբանում 2018-ի ապրիլյան «թավիշը»՝ մոռանալով, որ այն ոչ թե քաղաքացիների, այլ մերժվող Սերժի շնորհիվ էր: Եթե 2018-ին լիներ ոչ թե Սերժը, այլ ավտոմատավոր պահապաններով շրջող Նիկոլը, ապա պետական պահպանվող տարածք բռնությամբ մուտք գործած եւ դուռ ջարդած խումբը ոչ թե ազատ կհեռանար այնտեղից, այլ՝ ոստիկանների ուղեկցությամբ ու ձեռնաշղթաներով: 

2018-ի ապրիլին ես ընդդիմադիրների շարքում էի (ու այսօր էլ եմ նույն դիրքերում) եւ համարում էի, որ «թավիշը», իսկապես, մեր շնորհիվ էր՝ վերեւ բարձրացված մեր ձեռքերի: 2018-ի համեմատության եզրը 2008-ն էր՝ հատկապես մարտի 1-ը: Սակայն մոռանում էի, որ մարտի 1-ի երեկոն առավոտվա հետեւանքն էր, երբ վաղ առավոտյան ոստիկանները շրջապատեցին Ազատության հրապարակը եւ զբաղվեցին ջարդարարությամբ: Որպես պատասխան՝ ֆրանսիական դեսպանատանը հարող հրապարակը դարձավ հավաքատեղի: Եվ մարդիկ զինվեցին այն ամենով, ինչ հնարավոր էր գտնել՝ երկաթե կամ փայտե ձողեր, բենզինով լցված շշեր, քարեր եւ այլն: Թե ինչու հենց այդտեղ՝ կարող են ասել այդ օրերի Լեւոն Տեր-Պետրոսյանի մերձավորներ Զուրաբյանը կամ Փաշինյանը:

Վերադառնանք մեր օրեր. իշխանությունը, ի դեմս ոստիկանության, ոչ միայն բռնության «մաստեր կլաս» է ցուցադրում, այլեւ, ի դեմս Ա. Քոչարյանի, խոսում է մարդկանց վրա կրակելու իրավունքի մասին: Եվ այդ միտքը բացասական գնահատականի չի արժանանում Փաշինյանի կողմից, ով առաջնորդում էր 2008-ի փետրվարի երթերը եւ մարտի 1-ի մարդկային կուտակումը: Բացասական վերաբերմունքի չի արժանանում Տեր-Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների կողմից, ովքեր մի ողջ տասնամյակ շահարկեցին մարտի 1-ի զոհերի թեման: Ինչո՞ւ հենց շահարկեցին. որովհետեւ եթե այսօր իշխանությունն ունի կրակելու իրավունք, ապա նույն տրամաբանությամբ իրավունք ուներ նաեւ 2008-ի իշխանությունը: Եվ իրացրել է այդ իրավունքը, հատկապես որ մարդիկ զինվել էին՝ ինչով կարող էին: Որպեսզի ընդդիմադիրներիս ազատեմ ավելորդ տվայտանքներից, ասեմ, որ ես փողոցում եմ եղել 2002-ից սկսած, նաեւ՝ 2008-ին: Այնպես որ, «թավիշի» գովքն անելուց առաջ վատ չէր լինի մտածել, եթե, իհարկե, առկա է նման կարողությունը… Մտածել, թե ում շնորհիվ ստացվեց «թավիշը», եւ ինչու այսօր դա տեղի չի ունենում: Թե ինչպես ստացվեց, որ 2018-ին «ոստիկանը մերն էր», այսինքն՝ բողոքող ժողովրդինը, իսկ 2021-ին այն Փաշինյանինն է: Այն էլ ինչպիսի՜ չափերով…

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ