Որքան «գունագեղ» է լինելու Գյումրու օրը

Որքան «գունագեղ» է լինելու Գյումրու օրը

Մինչ իշխանությունը շռայլորեն սեպտեմբերի 21-ին է պատրաստվում՝ մայրաքաղաքում «գունագեղ» տոնակատարություն անցկացնելու, սեպտեմբերի 18-ին Հանրապետության երկրորդ քաղաքը սեփական տոնին է նախապատրաստվում։

Նախօրեին Գյումրու ավագանին քննարկում էր համայնքի սուղ բյուջեից գումար հատկացնել, որպեսզի օրը եթե ոչ գունագեղ, գոնե փոքր-ինչ տարբերվող լինի։ Պարզվեց՝ 5 մլն դրամը Գյումրու օրվա տոնակատարությունների կազմակերպման եւ անցկացման համար լիովին բավարար է, ավելին՝ գումարը հատկացվում է, բայց ծախսերի նախահաշվարկ չկա, սպասվում է, որ գումարի մի մասը չի ծախսվելու՝ խնայելու են ։

«Նույնիսկ միջոցառումների անցկացման ժամերը չենք նշելու՝ որտեղ ինչ միջոցառում է նախատեսված, որ մարդիկ էդտեղ չկուտակվեն»,-ասաց  Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը՝ ընդգծելով, որ համավարակը ստիպել է, որպեսզի սահմանափակվեն համեստ մշակութային միջոցառումներով։

Նշենք, որ Գյումրու տոնը յուրաքանչյուր տարի անց է կացվում նոր խորագրի ներքո։ «Իմ սիրուն Գյումրի»-ն այս տարվա խորագիրն է։

Ի դեպ, համայնքի բյուջեից ընդամենը 700 հազար դրամ հատկացվեց նաև սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման համար։

Այդ գումարը արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած գյումրեցի զինծառայողներին հուշանվերներ պատրաստելու համար է։