Հաստատվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագիրը

Հաստատվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագիրը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը»: Ատեստավորման համակարգը կիրականացվի ուսուցիչների մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների ստուգման թեստավորման եղանակով՝ որպես արդյունք ունենալով ուսուցիչների խրախուսումը:
Կամավոր ատեստավորումը կգործի պարտադիր ատեստավորմանը զուգահեռ եւ հանրակրթական ուսումնական հաստատությունում աշխատող ուսուցիչներին հավելավճար ստանալու հնարավորություն կընձեռի: Ատեստավորումն անցած ուսուցչին հավելավճար կտրվի 5 տարի ժամկետով: Դպրոցից դպրոց տեղափոխման արդյունքում հավելավճարը կպահպանվի:

Ըստ նախնական կանխատեսումների՝ ենթադրվում է, որ առաջին տարում ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների թիվը կկազմի նրանց ընդհանուր թվի 4.2 տոկոսը, որոնց 76.8 տոկոսը կստանա հավելավճար: Երկրորդ տարում ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների թիվը կկազմի 13.9 տոկոս, որոնց 81,8 տոկոսը կստանա հավելավճար, երրորդ տարում ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների թիվը կկազմի 23.1 տոկոս, որոնց 88 տոկոսը կստանա հավելավճար: Այսպիսով, ըստ նախնական կանխատեսումների, 3 տարվա ընթացքում կամավոր ատեստավորմանը կմասնակցի դասավանդող ուսուցիչների ավելի քան 46 տոկոսը, հավելավճար կստանա ավելի քան 41 տոկոսը, իսկ ատեստավորումը չանցած ուսուցիչների թիվը կկազմի 15 տոկոս: Հիմնվելով վերը նշված կանխատեսումների վրա՝ 50 տոկոս հավելավճար ստանալու դեպքում ՀՀ պետբյուջեի ծախսի տարեկան ավելացումները 3 տարվա համար կկազմեն 10.031.250.0 դրամ: