4000 ուսանող արդեն ստորագրել է. ուսանողները պահանջում են ուսման վարձի մասնակի փոխհատուցում

4000 ուսանող արդեն ստորագրել է. ուսանողները պահանջում են ուսման վարձի մասնակի փոխհատուցում

 

Ուսումնական տարին շուտով կրկին մեկնարկելու է։ Չնայած այն հանգամանքին, որ ի տարբերություն նախորդ կիսամյակի, դասապրոցեսը կազմակերպվելու է հիբրիդային եղանակով՝ թե՛ առկա, և թե՛ հեռավար, այդուհանդերձ հիմնական դասապրոցեսը շարունակելու է անցկացվել հեռավար եղանակով, իսկ հետագայում պահպանվում է իրական վտանգը՝ ուսումնական գործընթացը ամբողջապես հեռավար եղանակով շարունակելու։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը ԵՊՀ ՈւԽ կողմից կազմակերպվել է ուսանողական նախաձեռնություն, որի շրջանակներում ԵՊՀ Ուսանողական խորհուրդը անցկացնելով օնլայն ստորագրահավաք դիմելու է ՀՀ կառավարություն՝ ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման պահանջով։ ԵՊՀ Ուսանողական խորհրդի փոխնախագահ Խաչիկ Աբաջյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ մինչեւ այս պահը արդեն մոտ 4000 ուսանող ստորագրել է, միացել նախաձեռնությանը։ Աբաջյանի խոսքով՝ ուսման վարձի փոխհատուցման պահանջում կոնկրետ թիվ չեն նշել, սակայն իրականում ակնկալում են, որ գոնե 20-ից 30 տոկոս փոխհատուցում տրվի։ Աբաջյանը փոխանցեց նաև, որ այս պահի դրությամբ գոնե ԿԳՄՍ նախարարությունից որևէ արձագանք չի եղել։ Նա տեղեկացրեց նաև, որ ստորագրահավաքին ոչ միայն միացել են ԵՊՀ ուսանողները, այլ եղել են նաեւ միացողներ այլ բարձրագույն ուսումնական հաստատություններից։