Ուրիշին խելք է սովորեցնում, խելքին աշեցեք

Ուրիշին խելք է սովորեցնում, խելքին աշեցեք

«Ազգային ժողովում հնչում են այնպիսի արտահայտություններ, որ հետո ուրիշներն իրենց հակահայ գործողությունները հիմնավորում են դրանցով: Պետք է ուշադիր լինել նման արտահայտություններ թույլ չտալու նպատակով»: Մոտավորապես նման միտք արտահայտեց խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: Լսելով դա՝ առաջին պահին մտածեցի, թե որքան խելացի է այդ անձը: Իսկապես որ, հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաններից  մեկն, օրինակ, ասում էր, որ մեր գերիների պահման պայմանների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքի պաշտպանի նկարագրությունն իրական չէ: Եվ այդ խոսքն անմիջապես օգտագործվել է ադրբեջանցիների կողմից: Զարմանալիորեն նման բան է ասել նիկոլական գլխավոր ուսապարկը՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը: Փաստորեն, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը դատապարտում է մի երևույթ, որի հեղինակներից է հենց նրա շրջապատի ներկայացուցիչը:

Էլ չեմ խոսում, որ նույն խորհուրդը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է տար հենց ինքն իրեն, երբ հայաստանյան միջպետական ավտոճանապարհի առանձին հատվածների մասին խոսելով՝ արձանագրում է, որ դրանք ադրբեջանական տարածք են: Ու ադրբեջանցիները կրկին դա օգտագործում ընդդեմ Հայաստանի Հանրապետության իրենց անօրինական գործողությունները հիմնավորելու և արդարացնելու նպատակով: Անօրինական գործողություններից են այն, որ այսօր այդ մայրուղու հատվածում անօրինական ոստիկանական պոստում ձերբակալել են բեռնատարների երկու իրանցի վարորդի, ինչպես նաև, ըստ ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրածի, երկու հայ վարորդի: Մեզ մնում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող ոչ հարգելի անձին զգուշացնել, որ ուրիշին խելք սովորեցնելուց առաջ ճիշտ կլիներ զբաղվել ինքնակրթությամբ: