Հաբռգած իշխանություն եւ պարտության խորհրդանիշին փրկիչ համարող ժողովուրդ

Հաբռգած իշխանություն եւ պարտության խորհրդանիշին փրկիչ համարող ժողովուրդ

Մարդկանց կյանքում գործում է այսպիսի մի կանոն՝ որքան շատ է հաբռգում իշխանությունը, այնքան դաժան է լինում նրա հեռացումը: Դրա վառ օրինակը Ռումինիայի ղեկավար Նիկոլաե Չաուշեսկուի դաժան ճակատագիրն էր: Երեւի ս. թ. հունիսի 20-ի ընտրության արդյունքում ընդդիմության նկատմամբ հաղթանակն անհրաժեշտ էր, որպեսզի քայլիստների հաբռգվածությունը հասնի ծայրահեղության: Միաժամանակ կյանքի կոչվեն փաշինյանական 100 տոկոսանոց իբրեւ թե հայանպաստ լուծումները: Բայց վախենամ, որ ճակատագրի պատասխանը լինի այնքան դաժան, որ այն սրբի-տանի ոչ միայն ուսապարկերին, այլեւ հենց պետության գոյությունը դնի կասկած տակ: Զուտ այն հիմքով, որ ուսապարկերն իշխանություն էին ներկայացնում եւ հունիսի 20-ին իրականում հաղթեցին ոչ թե ընդդիմությանը, այլ հայոց պետականությանը:

Արձակագիր եւ քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանն ուսումնասիրել է մեր ժողովրդի հոգեկերտվածքը եւ եկել այն տխուր եզրահանգման, որ վերջինս աղճատված է: Աղճատումը տեղի է ունեցել առնվազն վերջին 1000 տարվա ընթացքում: Ընդ որում, նա միայնակ չէ իր եզրակացության առումով. 75-125 տարի առաջ նույն մտքին են հանգել մեր մեծերը՝ Թումանյանը, Իսահակյանը, Փափազյանը, Շիրվանզադեն, փիլիսոփա Հայկ Ասատրյանը, Սյունիքը Հայաստանին նվիրած Նժդեհը եւ այլն: Եվ հենց այդ երեւույթի շնորհիվ Նիկոլին հաջողվեց վերարտադրվել հունիսի 20-ին: Բոլորն են տեղյակ, որ Իլհամ Ալիեւն անընդհատ ձեռ է առնում Նիկոլին, բայց երեւի շատ քչերն են գիտակցում, որ մեզ ձեռ են առնում բոլոր ադրբեջանցիները: Եվ գիտե՞ք, թե ինչու. խնդրեմ, «վայելեք»՝ մենք տանուլ ենք տվել պատերազմը՝ կորցնելով հսկայական տարածքներ եւ բազմահազար զոհեր տալով, մենք հանդուրժում ենք ադրբեջանական ագրեսիան այժմ արդեն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ու, այնուամենայնիվ, հունիսի 20-ին գնացել ու կրկին ընտրել ենք պարտության խորհրդանիշին: Ու կավելացնեի՝ պատերազմից հետո էլ շարունակում ենք որպես փրկիչ դիտարկել, ինչպես ասվեց, պարտության խորհրդանիշին: Ինչ է սա, եթե ոչ ազգի հոգեկերտվածքի աղճատվածության արդյունք: 

Օբյեկտիվ պայմանները, ինչպես ասվում է, վկայում են մեր պետականության կորստի հավանականության մասին: Իշխանությունները չեն ընդունում պատերազմում մեր պարտության իրենց մեղքը: Ուրեմն մեծ ցանկություն չունեն վերափոխվելու եւ բարեփոխումներ կատարելու երկրում, չնայած որ ցանկանային էլ, դժվար թե կարողանային: Եվ ոչ միայն ցանկություն չեն ցուցաբերում, այլեւ հունիսի 20-ից հետո հոխորտում են հասարակության գիտակից մասի վրա: Ժողովուրդ կոչվածն էլ կտրված է իրականությունից, չի զգում փոփոխությունների կարիքը, ամենամեծ խնդիր է համարում ոռոգման ջուր չունենալը: Դա, իհարկե, պրոբլեմ է, սակայն պետականության կորստի դեպքում նույն այդ ժողովուրդը զանգվածայնորեն կլքի երկիրը, եւ պրոբլեմը կդադարի լինել այդպիսին: Եվ, դժբախտաբար, այս պահին չի երեւում այն մեխանիզմը, որ մեզ կհաներ այդ վիճակից: