Պոպուլիզմի ու ստի արքայություն

Պոպուլիզմի ու ստի արքայություն

Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ պարտադիր չէ ունենալ մեծ հանրային աջակցություն, համակիրների հսկա բանակ, իրենց սիրող քաղաքացիներ, բավական է կարողանալ նման աջակցության տպավորություն ստեղծել, հանրությանը ներշնչել եւ վերջ: Բավական է ֆեյքերի ու իշխանական կերակրատաշտին մոտ կանգնած մարդկանց միջոցով թատրոն բեմականացնել, թե իրենք ունեն հանրային աջակցություն: Մնացածը տեխնիկայի հարց է: Իսկ այդ տպավորությունը ստեղծելն այնքան բարդ չէ, որքան կարող է թվալ: Կարելի է Ռուսաստանի հետ վատ հարաբերություններ ունենալ, սակայն կազմակերպել ծննդյանդ օրվա առիթով Պուտինի մի զանգ, եւ ռուսամետ շրջանակները շոկի մեջ կընկնեն` ուրեմն Ռուսաստանն այս իշխանության կողմի՞ց է: Կարելի է Էմանուել Մակրոնի զանգ-շնորհավորանք կազմակերպել, եւ արեւմտամետների «նուրբ» հոգին բավարարված կլինի:

Հետո Տուլայում նստած ոմն գործազուրկ Գայանե, Գերմանիայում նստած ոմն Հենրիկ, ով 90-ականներին է մեկնել Հայաստանից եւ ատելության անհաղթահարելի զգացում ունի «նախկինների» հանդեպ, ողջ օրը քոմենթ կգրեն տարբեր կայքերում, թե մեր Նիկոլին բան չասեք: Իսկ երբ այս «հզոր» բանակին միանան նաեւ ԱԺ ուսապարկերը` իրենց առաջնորդի գլխավորությամբ, ով գիշեր ու զօր խոսում է ինքնիշխանությունից, իրական պետությունից ու լեգիտիմությունից, պարզ մարդիկ կարող են նաեւ հավատալ այս թատրոնին ու մանիպուլյացիաներին: Թեեւ ավելի ու ավելի շատ մարդիկ են արդեն հասկանում, որ դրանք դատարկ խոսքեր են, իսկ ՀՀ վարչապետի որոշումներն Ալիեւի ծրագրերի իրագործումն են գետնի վրա: Տեսնում են, որ պատերազմով վախեցնելուց հետո մեկ էլ նարատիվը փոխվեց, թե` մեր լեգիտիմ սահմաններն ենք վերարտադրում, տարբեր թվերի քարտեզներ են վկայակոչում ու իրար հակասող մտքեր երկնում: