Այս պարագայում ո՛չ մենք ենք արմատական ընդդիմություն, ո՛չ ԲՀԿ-ն
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, վանաձորցի, իրավաբան Տարոն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ծրագիրը հուզական եւ հայեցակարգային մակարդակում բավականին դրական ծրագիր է համարում։
Բայց միայն լավ տամադրություններով, ըստ նրա, չենք կարող կյանքի կոչել այն, ինչի մասին խոսեց վարչապետը՝ տնտեսական հեղափոխություն իրականացնել։
«Բնականաբար, էս տեսանկյունից եթե նայենք, ես մեծ թերություններ եմ տեսնում թե՛ ծրագրում, թե՛ վարչապետի ելույթում, որովհետեւ, ըստ էության, չտրվեց այն կարեւորագույն հարցերից մեկի պատասխանը, թե ինչ կառուցակարգերով է վարչապետը եւ կառավարությունը տեսնում տնտեսական շուկայի բարելավումը եւ, ի վերջո, հեղափոխության կազմակերպումը։ Միայն այն, որ մենք ցանկություն ունենք, որ տնտեսական միջավայրը պետք է բարելավվի, եւ հարկային օրենսդրություն ենք փոխում դրա համար, բավարար չէ։ Արդարադատության համակարգի բարեփոխումները, իմ կարծիքով, տարակուսելի են, որովհետեւ որեւէ բարեփոխման մասին ծրագրում խոսք չկա, միայն ցանկություն կա, որ պետք է բարեփոխվի, որն էլի հավատ եւ հույս չի ներշնչում։ Հույս՝ միգուցե, բայց հավատ չի ներշնչում»,- ասաց Տարոն Սիմոնյանը։
- Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «անցումային» ծրագրին` մայիսին ներկայացված, ձեր կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ այն ժամանակ դեռ «Ելք» խմբակցության կազմում, կողմ է քվեարկել։ Հիմա այս ծրագրին դուք կո՞ղմ կլինեք, թե՞ ոչ՝ հաշվի առնելով Ձեր նշած խնդիրներն ու մտահոգությունները։
- Մենք վերջնական մեր որոշումը կհայտնենք քվեարկությամբ, մինչեւ ամբողջ հարցերի պատասխանները չլսենք եւ մեր հայտարարությունը չներկայացնենք, վերջնական պատասխան չենք տա հարցին։ Ինչու էինք կողմ նախորդ ծրագրին, որովհետեւ նախորդ կառավարությունը նաեւ մեր խմբակցության կառավարությունն էր, եւ այդ կառավարության ծրագիրը հեղափոխական ծրագիր էր, որի հիմնական խնդիրն էր մեկ տարվա ընթացքում երկիրն այդ հեղափոխական վիճակից բերել կայունացման վիճակի եւ կազմակերպել արտահերթ ընտրություններ։ Նա հնգամյա ծրագիր չէր, նա տնտեսական զարգացման ծրագիր չէր։
- Այդուհանդերձ, այս ծրագիրը շատ են նմանեցնում նախորդ կարճաժամկետ ծրագրին՝ ասելով, որ սա ընդամենը նախորդի անհաջող copy paste-ն է։
- Դրա համար է սխալ, որովհետեւ այն ծրագիրն այլ խնդիր էր իր առջեւ դրել, այս ծրագիրը՝ այլ։
- Այսօր շատ են կասկածի տակ դնում «Լուսավոր Հայաստանի» եւ ԲՀԿ-ի իսկապես արմատական ընդդիմություն լինելու հանգամանքը։ Հիմա ծրագրին քվեարկությունը կարող է այս հարցում շատ բան բացահայտել՝ հաշվի առնելով նախորդ փորձը, երբ ընդդիմադիրները, դեմ լինելով, կողմ էին լինում կառավարության ծրագրին, իրենց՝ որպես իրական ընդդիմություն, հարվածի տակ էին դնում։
- Պետք չէ ամեն ինչ փոխկապակցել իրականում եւ պետք չէ օգտագործել «արմատական» բառը՝ ընդդիմությանը բնորոշելիս, որովհետեւ արմատական ընդդիմություն լինում են ավտորիտար իշխանություններին։ Եթե օգտագործում ենք «արմատական» բառը, նշանակում է՝ մենք քաղաքակիրթ կամ կառուցողական ընդդիմության մասին մոռանում ենք, անցում ենք կատարում ամեն գնով, ամեն գործիքներով ընդդիմություն լինելու ճանապարհին։ Այս պարագայում արմատական ընդդիմություն ո՛չ մենք ենք, ո՛չ ԲՀԿ-ն։ Կառուցողական ընդդիմություն ենք, բայց ընդդիմություն ենք։ Սա նշանակում է, որ առկա իշխանության կառուցակարգերի, երեք թեւերի միջոցներով մեր հնարավոր լծակներն օգտագործելու ենք, որպեսզի մեր ընդդիմադիր խոսքը հասցնենք իշխանությանը եւ իշխանությունից պատասխանատու վարքագիծ ակնկալենք։ Եթե չստանանք այն, ինչ ակնկալում ենք կառավարությունից, բնականաբար, պետք է մեր բացասական դիրքորոշումն արտահայտենք։
- Այդ «կառուցողական ընդդիմությունը», իրականում, շատ վնասներ է տվել նախկինում քաղաքական համակարգին, քանզի «կառուցողական» ասելով՝ «դեմ ըլլալով», կողմ էին լինում, եւ արդյունքում հեղափոխություն արեց այն ուժը, որը կառուցողական չէր, արմատական էր։
- Որովհետեւ այն ժամանակ ավտորիտար իշխանություն էր։ «Ելքը» հենց կառուցողական ընդդիմության ճանապարհն էր ավելի շատ որդեգրել, քան՝ արմատական։ Արմատական ընդդիմությունն այն ուժերն են, որոնք արտախորհրդարանական ուժեր են եւ երբեմն հակաօրինական ճանապարհներով են փորձում հասնել իշխանափոխության։
- Նիկոլ Փաշինյանն ինչպիսի՞ ուժ էր, որ հասավ իշխանափոխության։
- Դե, ինքն էր բնորոշում, ինքն արդյոք դիմե՞լ է զենքի կամ օրենքով արգելված ինչ-որ միջոցի՝ իշխանափոխություն իրականացնելու համար։
- Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն է՞լ էր կառուցողական ընդդիմություն։
- Դա ինքն ավելի շատ կբնորոշի, բայց «Ելքը»՝ որպես այդպիսին, կառուցողական ընդդիմություն էր։
- Կառուցողական ընդդիմությունն այն ընդդիմությո՞ւնն է, որը ձգտում է իշխանության, եւ արդյոք հնարավո՞ր է վաղը, մյուս օրը նորից իշխանափոխություն իրականացնի այդ ընդդիմությունը։
- Բոլոր ընդդիմություններն էլ ձգտում են իշխանության։ Եթե մենք այսօր ընդդիմություն ենք, մենք գնում ենք այն ճանապարհով, որ վաղը լինենք իշխանություն։ Դա տրամաբանական է։
- Հիմա առանց սուր քննադատության կա՛մ կառավարության ծրագրին, կա՛մ մյուս այլ կարեւոր հարցերի ենթադրաբար կողմ քվեարկելով՝ ինչպե՞ս եք ժողովրդին համոզելու, որ դուք այն ուժն եք, որը կարող է իշխանափոխություն անել։
- Եթե դուք հետեւել եք մեր ելույթներին եւ տված հարցազրույցներին տարաբնույթ հարցերում, երեւի թե մեզնից ավելի թիրախային քննադատող դժվար թե գտնեք։ Սուր քննադատությունը հենց թիրախային քննադատությունն է։ Եվ, բնականաբար, ռացիոնալ գնահատող քաղաքացին կգնահատի, որ միայն թիրախային առճակատման միջոցով է հնարավոր հասնել արդյունավետ ելքերի։ Եթե մենք պարզապես խոսենք խոսելու համար, որ հասարակությունը ծափահարի, թե էս ինչ սուր խոսեց, բայց չհասցնենք արդյունքի եւ չկարողանանք փոխել հասարակության կյանքն ավելի դրական ուղղությամբ, ապա որեւէ մեկին պետք չէ մեր ընդդիմադիր լինելը։
Կարծիքներ