Կասկածի տակ է դրվում Ֆրանսիայի՝ չեզոք, միջնորդ կողմի կեցվածքը

Կասկածի տակ է դրվում Ֆրանսիայի՝ չեզոք, միջնորդ կողմի կեցվածքը

Արցախի Հանրապետության «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, Արցախի ԱԺ-ի պատգամավոր Հայկ Խանումյանը, անդրադառնալով Գրենոբլի վարչական դատարանի կողմից Ֆրանսիայի եւ Արցախի մի շարք քաղաքների միջեւ կնքված բարեկամության հռչակագրերը չեղյալ հայտարարելուն, մեզ հետ զրույցում նշեց, որ քիչ առաջ է ավարտվել Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի նիստը, որի անդամ է նաեւ ինքը։ 

«Խնդիրն այն է, որ դա ապակենտրոնացված համագործակցություն է քաղաքների, ժողովուրդների միջեւ։ Դա քաղաքական հարթության մեջ չի դիտարկվում, այլ վերաբերում է հումանիտար, մշակութային, կրթական հարաբերություններին։ Եվ այն, ինչ արել են ֆրանսիական որոշ դատարաններ,  հակասում է եւ մեծ հարված է հասցնում այդ համագործակցությանը։ Հատկապես վերջին շրջանում եղել են բազմաթիվ ակտեր, այդ թվում նաեւ՝ Եվրոպական խորհրդարանի մակարդակով, ազգային տարբեր խորհրդարանների մակարդակով, որոնցում կոչ է արվում սուբյկետներին՝ աշխատել չճանաչված հասարակությունների հետ։ Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում՝ օգտագործելով թե՛ շանտաժը, թե՛ տարատեսակ առաջարկներ։ Կարծում եմ, որ  ֆրանսիական պրեֆեկտուրաների այդ քայլը թշնամական, ոչ բարեկամական գործողություն է՝ ի  տարբերություն  ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների, որոնք սիրով շարունակում են այդ համագործակցությունը, եւ առաջիկայում այդ համագործակցությունը կարող է նոր թափ ստանալ »,- մեզ հետ զրույցում ասաց Հայկ Խանումյանը։

 Նշված քայլը, ըստ մեր զրուցակցի, կասկածի տակ է դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ Ֆրանսիայի չեզոք, միջնորդ կողմի  կեցվածքը։ Այդ կերպ նա մերժում է Արցախի հետ հումանիտար, կրթական, մշակութային  հարաբերություններ ունենալու իրավունքը։ Այստեղից էլ Հայկ Խանումյանը եզրակացնում է, որ դա Ֆրանսիայի կողմից հստակ թշնամական քայլ է՝ ի տարբերություն ֆրանսիական տեղական իքնակառավարման մարմինների, որոնք բողոքարկում են դատարանների որոշումները կամ էլ հայտարարում, որ իրենք շարունակելու են ակտիվ հարաբերվել Արցախի քաղաքների հետ։ 

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Ֆրանսիայի Վալանս,  Բուրգ լե Վալանս, Բուրգ դը Պեաժ իրավաբանական վարչությունները ծանուցում էին ստացել առ այն,  որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջեւ կնքված բարեկամության հռչակագրերը։ 

Իսկ օրերս Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն իր ֆեյսբուքյան էջում  գրել է, որ Շուշիի հետ կնքված  բարեկամության հռչակագիրն օրինական է, եւ ինքը բողոքարկելու է վարչական դատարանի վճիռը։ 

Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլը եւս հայտարարել է Առնուվիլի եւ Արցախի Շեխեր քաղաքի միջեւ բարեկամության հռչակագիրը Ֆրանսիայի դատարանի կողմից չեղյալ հայտարարելու որոշումը բողոքարկելու մասին։