Գազի գինը ո՛չ կբարձրանա, ո՛չ կիջնի

Գազի գինը ո՛չ կբարձրանա, ո՛չ կիջնի

Ռուսաստանը, ինչպես հայտնի է, հարկային «մանյովրներ» է իրականացնում նավթային շուկայում։

2016 թվականից աստիճանաբար բարձրացվում է նավթարդյունահանման պետական տուրքը, ծրագրված է ակցիզային հարկ մտցնել նավթամշակման համար, ինչի արդյունքում Բելառուսում եւ Հայաստանում գազի գնի հնարավոր բարձրացման սպասում կա։ Բելառուսի նախագահը բացահայտ է արտահայտում իր դժգոհությունը Ռուսաստանի գազային քաղաքականությունից։ Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահների միջեւ լարված երկխոսություն եղավ։

Լուկաշենկոն հիշեցրեց Վլադիմիր Պուտինին, որ Սմոլենսկի մարզում գազի 1000 խորանարդն արժե 70 դոլար, մինչդեռ բելառուսական սպառողն այն գնում է 130 դոլարով։ Հայաստանի կառավարությունն առայժմ զուսպ է արտահայտվում՝ ընդամենը հայտնելով, որ գազի գնի շուրջ բանակցություններ են ընթանում ՌԴ-ի հետ։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը գործադիրի վերջին նիստից հետո գազի գնի մասին առանց թվեր նշելու ասաց․ «Բանակցում ենք նվազեցնելու շուրջ»։ Հիշեցնենք` «Գազպրոմ Արմենիան» 1000 խմ գազի դիմաց սահմանին վճարում է 150 դոլար, իսկ միջին սպառողին այն հասնում է 290 դոլարով։ Ի՞նչ կարելի է սպասել բանակցություններից, կբարձրանա՞ արդյոք գազի գինը։ «Հրապարակի» հարցերին պատասխանում է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։

- Հնարավո՞ր է, որ ռուսական հարկային «մանյովրների» արդյունքում գազի գինը մեզ համար թանկանա։ 

- Այդ հարցը դիտարկել միմիայն ռուսական հարկային քաղաքականության շրջանակներում՝ սխալ է, որովհետեւ այդ «մանյովրը» իրականում մի քայլ է, որն ուղղված է ադապտացնելու ՌԴ հարկային օրենսդրությունը ԵԱՏՄ օրենսդրության հետ։ Ակնհայտ է, որ դրա շրջանակներում ԵԱՏՄ-ի ամբողջ տարածքում որոշակի ձեւափոխումներ լինելու են, ինչը գների բարձրացման ուղղակի միտում է պարունակում, բայց այս ամենի վերջնական նպատակն այն է, որ արդյունքում, 2025 թվականին սկսի գործել ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկա, իսկ 2020-2021 թվականներին պետք է գործարկվի ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկ ընդհանուր կամ միասնական շուկան, եւ այս համատեքստում Ռուսաստանը մի կողմից ձեռնարկում է հարկային փոփոխություններ, մյուս կողմից նպատակ է հետապնդում ԵԱՏՄ շրջանակներում դեդոլարիզացիայի գործընթաց սկսի, ինչը կանդրադառնա նաեւ հայ-ռուսական գազային առեւտրի վրա։

- Մենք միշտ էլ դա ցանկացել ենք, փաստորեն, վերջապես կկարողանանք գազը գնել ռուբլո՞վ։

- Այո։ 2015 թվականին մենք ստույգ դիրքորոշում հայտնեցինք դրա վերաբերյալ, նոր իշխանությունները եւս այդ մասին խոսել են, եւ այսօր ստեղծվել է այնպիսի աշխարհաքաղաքական վիճակ, որ Ռուսաստանն ինքն է գնում այդ քայլին։ Եթե 2014 թվականին սա հռետորաբանությունից այն կողմ չէր գնում, առկա էր ֆինանսատնտեսական ճգնաժամ, ռուբլին դեւալվացիա էր ապրում, ու ՌԴ տնտեսությունը դոլարի մեծ կարիք ուներ, իսկ այսօր տնտեսությունը կայունացել է, ռուբլին կայունացել է, ինչը հնարավոր է դարձել նախեւառաջ նավթի գների որոշակի բարձրացման, կայունացման հետեւանքով։ Այսօր ՌԴ-ն արդեն սկսել է իր գործընկերների հետ դեդոլարիզացիայի գործընթացը։ Կան պայմանավորվածություններ Իրանի եւ Թուրքիայի հետ, եւ այս ալիքը վաղ թե ուշ պետք է հասնի նաեւ Հայաստան, ինչը բխում է մեր տնտեսական շահերից։

- Գազի գինը, Ձեր կարծիքով, 2019 թվականին կբարձրանա՞։

- Ոչ, եթե ուղղակի պատասխանեմ։ Բայց նվազեցման միտում էլ այս պահին չկա։ Պուտին-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ Պուտինն ուղիղ ասաց, որ Հայաստանն ամենաէժան գնով է ռուսական գազը ձեռք բերում։ Սա հստակ մեսիջ էր պարունակում առ այն, որ, նախ, եկող տարի մենք չպետք է գազի գնի նվազեցման ակնկալիք ունենանք։ Երկրորդ՝ աշխարհում գազի գինն ուղղակիորեն կախված է նավթի գներից։ Իսկ դրանք վերջին մի քանի ամսվա ընթացքում տուրբուլենտ վիճակում են՝ երեք ամսվա ընթացքում իջան 85 դոլարից 60 դոլարի։ Իսկ մենք պետք է գիտակցենք, որ «Գազպրոմ» ընկերությունն իր բյուջեն ձեւավորում է նավթի գների վրա։ Սա, իհարկե, ստեղծում է մակրոտնտեսական իրավիճակ, որը թույլ չի տա Ռուսաստանին 2019 թվականին գնալ Հայաստանի համար սակագնի նվազեցման։

- Սահմանի գինը քիչ է վերաբերում մեր քաղաքացիներին, որոնք, միեւնույն է, շատ թանկ են վճարում։

- Կարծում եմ՝ երկրի ներսում գործող սակագների խնդիրը պետք է լուծվի միայն Պուտին-Փաշինյան երկխոսության մակարդակով։ 2013 թվականի դեկտեմբերին կնքված հայտնի գազային պայմանագրում, որի համաձայն «ՀայՌուսգազարդ» ընկերության վերջին 20 տոկոսը վաճառվեց «Գազպրոմ» ընկերությանը (վերանվանված «Գազպրոմ Արմենիայի»), եւ որն ուժի մեջ է մինչեւ 2048 թվականը, առանցքային կետ կա՝ «Գազպրոմ Արմենիան» պարտավորվում է տարեկան 9-10 տոկոս եկամտաբերություն ապահովի։ Հաշվի առնելով, որ Հայաստանը հետխորհրդային ժամանակաշրջանում դեռ չի կարողացել վերականգնել իր արդյունաբերական պոտենցիալը, նաեւ գազի սպառման բացասական դինամիկան, որը նկատում ենք վերջին տարիներին, «Գազպրոմ Արմենիան» այդ ցուցանիշն ապահովելու համար ստիպված է գնալ ոչ այնքան սոցիալակենտրոն սակագնային քաղաքականության։ Բացի այդ, Հայաստանը, այդ պայմանագրի համաձայն, «Գազպրոմ Արմենիայի» տնօրենների խորհրդում կարող է ունենալ մեկ ներկայացուցիչ՝ առանց ձայնի իրավունքի։ Միայն այս դրույթների վերանայման դեպքում մենք կարող ենք ուղղակի պահանջ ներկայացնել ռուսական ընկերությանը, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է փորձել ավելի ազգային քաղաքականություն իրականացնել։ Հետաքրքիր է, որ որեւէ նորմատիվ ակտ, կառավարության որոշում չի կարող ընդունել, որը բերի այս պայմանագրի վերանայման, եւ խնդրի լուծումը հնարավոր է գտնել միայն Պուտին-Փաշինյան երկխոսության շրջանակներում։ 

- Իսկ «Գազպրոմ Արմենիան» ինչքա՞ն կարող է իջեցնել գինը սպառողի համար։ 

- Եթե այդ կետը վերանայվի, օբյեկտիվ նախապայմաններ կան, որ «Գազպրոմ Արմենիան» գինն իջեցնի մինչեւ 25 տոկոս։ Դրա վերաբերյալ հաշվարկներ են իրականացվել, ես մասնակցել եմ դրանց։ Այսօր հնարավորություն կա իջեցնել գազի սակագինը երկրի ներսում, այսինքն՝ 290 դոլարից հասցնել մինչեւ մոտ 235 դոլար։ Բայց այս պայմանագիրը թույլ չի տալիս դա անել։

- Գազի ամենացածր գինը Ռուսաստանը սահմանել է Բելառուսի համար՝ 129 դոլար 2018 թվականի համար։ Հնարավո՞ր է, որ Հայաստանի դեմ Բելառուսի նախագահի հայտարարությունների ենթատեքստում հենց մրցակցությունն է գազի գնի իջեցման համար։

- Ես ուղիղ կապ չեմ տեսնում։ Մենք չենք կարող ուղղակի զուգահեռներ անցկացնել Հայաստանի ու Բելառուսի միջեւ։ Ճիշտ է, ամենացածր գնով է Ռուսաստանը գազ վաճառում Բելառուսին, բայց այդ ռուս-բելառուսական գազային առեւտրի շրջանակներում առկա չէ տարանցիկային ու տրանսպորտային բաղադրիչը, որն առկա է հայ-ռուսական առեւտրում։ Չմոռանանք նաեւ, որ Ռուսաստանը Վրաստանին էլ է տարանցման համար վճարում, ինչը ներառվում է սակագնի մեջ։

- Այսինքն, մենք չե՞նք կարող պահանջել, որ Բելառուսն ու Հայաստանը` որպես ԵԱՏՄ անդամներ, նույն սակագնով ստանան գազ։

- Ոչ։ ԵԱՏՄ-ում ընդհանուր սակագները կսկսեն գործել միայն, երբ ԵԱՏՄ շրջանակում կգործի ընդհանուր գազի շուկա։ Հիմա մենք ստորագրել ենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Ենթադրվում է, որ գազային միասնական շուկայում գործելու է ընդհանուր բորսա, որտեղ անդամ-պետությունները, ըստ անհրաժեշտության, համապատասխան ծավալների գազ են ձեռք բերելու։ Չի լինելու մեկ տարվա կտրվածքով հաստատված գազի գին, ինչպես այսօր է։ Լինելու է գին, որը տվյալ պահին գործում է եւ ձեւավորվում է՝ ելնելով շուկայական պայմաններից, լինելու է ավանդական բորսայական առեւտուր։ Այդ շուկան կգործի 2025 թվականից։